Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչքան էլ դժվար լինի՝ բոլոր հիվանդներին է պետք մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն. Արշակ Սադոյանի դիմումը հանրությանը

Հունիս 12,2020 10:28

Չնայած մեզ մոտ խորհրդարանական համակարգ է հաստատվել և խնդիրները հիմնականում պետք է լուծվեին ներկայացչական մարմնի կողմից բայց հասկանալի պատճառներով` գործնականում բոլոր  կարևոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից, իր բոլոր վտանգավոր  հետևանքներով:

Ես ուշադիր հետևում, փորձում էի հասկանալ, թե ինչ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը նախ մայիսի սկզբից շտապեց ազդեցիկ շատ սահմանափակումները հանել և հետո էլ, չնայած բազմաթիվ ահազանգերին, զգուշացումներին, մինչ այժմ բացի դիմակների, ձեռնոցների մասին խոսելուց՝ վարակի կանխարգելմանը ուղղված այլ լուրջ քայլերի չի դիմում:

Ես չգիտեմ՝ ովքեր են խորհուրդներ տալիս նրան: Չգիտեմ ոնց են նրանք համոզել, որ կա ինչ-որ կոլեկտիվ իմունիտետ, որ հիվանդությունը այդքան էլ սարսափելի չէ, որ մահերը այդքան էլ շատ չեն լինելու և չարժե այդ պատճառով վնասել տնտեսությանը: Հավանաբար, դա է պատճառը, որ վերջերս նա ավելի հաճախ է խոսում ասիմպտոմ հիվանդների մասին, պնդում որ մեր մոտ 100 հազարից շատ ավելի վարակակիրներ կան: Դա է, հավանաբար, պատճառը, որ արդեն փորձում է համոզել, որ վարակի դեմը այլ ճանապարհներով հնարավոր չէ առնել, ինքը մեղք չունի, մեկ է ստիպված ենք քայլել դժոխքի միջով, բայց կարող ենք դա անել քիչ կորուստներով:

Իհարկե, տնտեսական հեղափոխության տեսլականը շատ հրապուրիչ է: Իհարկե սահմանափակումները լուրջ վնաս կարող են տալ: Բայց չհասկանալ, թե որքան թանկ արժե մարդկային կապիտալը և եթե չփորձենք հնարավորինս կանխել վարակի տարածումը ինչ արժեքավոր մարդկանց ենք կորցնելու` կարծում եմ առաջնորդը պարտավոր էր առաջին հերթին դրա մասին մտածեր:

Սիրելի հայրենակիցներ, մենք ամենաթույլ, հետամնաց ազգը չենք: Մեր վատ սովորությունների, կարողությունների պակասի պատճառով չէ, որ հայտնել են ամենավերջինների ճամբարում: Եթե եվրոպական և շատ ուրիշ երկներ` նույնիսկ մեր հարևանները կարողացել են հստակ քայլերով հաջողության հասնել, մենք էլ կարծում եմ կարող էինք դա անել, եթե սխալ ուղիով չգնայինք:

Փառք աստծո, այսօր էլ դեռ հնարավորություններ կան: Այսօր էլ դեռ ջանքերը համատեղելով, կարգի հրավիրելով մեր ապաշնորհ կառավարիչներին  կարող ենք հաջողության հասնել: Գոյատևման խնդիրն է  դրված կշեռքի նժարին: Չի կարելի նույնիսկ թույլ տալ, որ մոտենանք դժոխքին: Հապաղել իրոք չի կարելի:

Ցավոք այժմ այլ հնարավորություն չունենք: Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Առաջիկայում էլ հիմնական որոշումները այս իշխանություններն են դեռ ընդունելու: Բայց ի վերջո նրանց էլ կարելի է պարտադրել: Համոզված եմ, որ փորձի, գիտելիքների, մեծամտության պատճառով է միայն, որ թույլ են տվել այդ կոպիտ սխալները և եթե հասկանան կփորձեն ուղղվել:

Ելքի ճանապարհները հստակ գծագրել և արդեն դրել ենք նրանց սեղանին: Ասել ենք, որ ինչքան էլ դժվար լինի բոլոր հիվանդներին է պետք  մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն: Լուրջ, շատ լուրջ սահմանափակումներ պետք է դնել թեկուզ տնտեսությանը վնաս տալով: Իհարկե, բոլորիս համար էլ դա դժվար կլինի, բայց մարդիկ արդեն պատրաստ են թեկուզ զրկանքների գնով` աջակցել օգնել, որ այս չարիքը հաղթահարվի:

Մի կողմին միայն մեղադրելով էլ խնդիրը չի լուծվի: Համատեղել է պետք ջանքերը: Նորից ու նորից եմ դիմում Ձեզ հայրենակիցներ, ինչ եղել, եղել է, բախտորոշ այս պահին Ձեր ձայն էլ բարձրացրեք, Դուք էլ պահանջեք պարտադրեք, որ նրանք վերջապես խելքի գան, ճիշտ ուղի ընտրեն: Հասկացրեք, որ սա է փորձաքարը, հնարավոր է, որ սխալներն էլ ներվեն, եթե համատեղ ջանքերով կարողանանք հաջողության հասնել:

Արշակ ՍԱԴՈՅԱՆ

ՀՀ Հանրային խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930