Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության աղբանոց» գոյություն չունի

Հունիս 12,2020 10:00

Չնայած նախօրոք հայտարարվում է, որ պարետատան նիստերից հետո ասուլիսների թեման կլինի բացառապես կորոնավիրուսը, չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով եւ իր ընդդիմախոսներին ուղարկեց «պատմության աղբանոց»: Այդպիսի արտահայտություններն ընդունված են թե՛ համաշխարհային եւ թե՛ հայաստանյան քաղաքական պրակտիկայում. հիշեցնեմ, որ, օրինակ, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն քննադատողներին անվանում էր «քաղաքական դաշտի թափոններ»:

Որքան հասկանում եմ, ներկայիս իշխանությունների կարծիքով, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, մի շարք այլ գործիչներ եւ ուժեր հայտնվել են պատմության աղբանոցում, իսկ ահա «Քաղաքացիական պայմանագրի» անունը ոսկե տառերով կգրվի Հայոց պատմության մատյաններում: Էլ ո՞վ է, ըստ իշխանությունների, արժանանալու այդ պատվին: Այս պահի դրությամբ, հավանաբար, նաեւ ՀԱԿ-ը՝ չնայած դրանում վստահ չեմ, որովհետեւ բացառված չէ, որ այդ կուսակցությունն էլ երբեւէ կքննադատի ներկայիս իշխանությանը եւ, հետեւաբար, «կուղարկվի» համապատասխան տեղ:

Բայց, եթե հարցին նայենք ավելի լայն համայնապատկերի տեսանկյունից, ապա կտեսնենք, որ, ինչպես ասացի, «աղբանոց ուղարկելը»  քաղաքականության մեջ սովորական երեւույթ է՝ դա «նորի» կողմից «հինը» ժխտելն է: Հետագա ընթացքը, սակայն, ցույց է տալիս, որ պատմական առումով ոչինչ չի մերժվում՝ տեղի է ունենում այն, ինչ Հեգելն անվանում էր die Aufhebung, երբ նոր մակարդակի վրա ժխտվողը եւ ժխտողը պահպանվում են՝ որոշակի նոր գծեր ձեռք բերելով: Բողոքականներր պատմական աղբանոց էին ուղարկում կաթոլիկներին, սակայն այսօր երկուսն էլ գոյություն ունեն եւ իրար առանձնապես չեն խանգարում:  Կոմունիստները կարծում էին, որ կապիտալիզմը կհայտնվի աղբանոցում (Ելցինն էլ կոմունիզմն էր նույն տեղն ուղարկում), բայց շուկայական հարաբերությունները պահպանվել են՝ շատ երկրներում ձեւափոխվելով եւ ներառելով սոցիալական արդարության տարրեր:

Պատմությունից ոչ մի բան հնարավոր չէ ջնջել կամ, այսպես ասած, «դեն գցել»: Իհարկե, կլինեն կուսակցություններ, որոնք, օրինակ, Հայաստանում այս 30 տարվա ընթացքում ստեղծվել են, բայց հետո չեն կարողացել ապացուցել իրենց կենսունակությունը: Դա չի նշանակում, որ դրանք աղբանոցում են, պարզապես այդ կուսակցություններն այլեւս չեն կարող ազդել իրավիճակի վրա, թեեւ դրանց մի մասը թղթի վրա առայժմ գոյություն ունեն: Դժվար թե նման բան կարելի է ասել, մասնավորապես, Դաշնակցության մասին: Հաստատ կլինեն նաեւ գործիչներ, որոնց բարի խոսքերով չեն հիշում: Բայց նրանք էլ աղբանոցում չեն՝ իրենց տեղում են պատմության մեջ, եւ, ի դեպ, վերաբերմունքն էլ կարող է փոխվել տարիների, տասնամյակների եւ անգամ դարերի ընթացքում:

Այնպես որ առօրյա քաղաքական խոսակցություններին պետք է հանգիստ վերաբերվել՝ դրանցից խուսափել հնարավոր չէ: Ինչպես նաեւ պատմությունից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930