Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ի դեմ պայքարելու համար մեկ անձից գնումներ են արել. 750 դրամով դիմակ, 45 հազարով՝ ջերմաչափ

Հունիս 12,2020 13:30

Մեկ անձից գնման եղանակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված «ՎՖՋ» ՍՊԸ-ից հյուրանոցային ծառայություն է գնել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության՝ Մեկ անձից գնումներ բաժնից: Ծառայության դիմաց նախարարությունը վճարել է 3 միլիոն 780 հազար դրամ: Թե ինչ նպատակով է գնումը կատարվել, կայքում որեւէ հիմնավորող փաստաթղթի չհանդիպեցինք: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ Հաշվեքննիչ պալատի համար ձեռք է բերվել եռաշերտ դիմակներ՝ 120 հազար դրամի: Քանի հատ, ինչ գնով եւ այլ մանրամասներ, կայքում տեղադրված փաստաթղթից, ուղղակի հնարավոր չէ պարզել, փաստաթղթի ներքեւի հատվածը, որտեղ այդ տվյալներն են զետեղված, ոչ ընթեռնելի է: Պարզ է միայն, որ գնումը կատարվել է Ա/Ձ Մերի Մարտիրոսյանից, որի գրանցման հասցեն, ըստ հաշիվ-վավերագրի, Սյունիքի Գորիս քաղաքում է:

Վարչապետի աշխատակազմում ախտահանման աշխատանքներ կատարելու համար վճարվել է 64 հազար դրամ: Ծառայությունը գնվել է մեկ անձից՝ «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ից:

Covid-19-ով պայմանավորված, հանրապետության նախագահի աշխատակազմը կրկին մեկ անձից 35 հազար դրամի բժշկական ձեռնոց է գնել՝ «Մեդպրո» ընկերությունից: Ըստ հաշիվ-ապրանքագրի ձեռք է բերվել 5 տուփ յուրաքանչյուրը՝ 7000-ական դրամով:

Մեկ անձից գնում կատարելու միջոցով դիմակ է ձեռք բերել նաեւ Քաղաքաշինության կոմիտեն՝ «Գեւորգ Դանիելյան» Ա/Ձ-ին վճարելով 141 հազար դրամ:  Փաստաթղթերից տեղեկանում ենք, որ կոմիտեն դիմակը ձեռք է բերել մեկ հատի համար վճարելով 750 դրամ: Ընդհանուր առմամբ, պետական այս կառույցը գնել է 188 հատ դիմակ: Սակայն թե ի՞նչ դիմակներ են, արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված, պարզ չէ:

Նույն կոմիտեն բժշկական ձեռնոց էլ է գնել: «Ֆարմա Սթար» ՍՊԸ-ին կոմիտեն վճարել է 103 հազար դրամ՝ 1500 ձեռնոցի համար: Ըստ գնման հաշիվ-ապրանքագրի մեկ ձեռնոցը քաղաքաշինության կոմիտեն ձեռք է բերել 69 դրամով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մեկ անձից էլեկտրոնային 3 ջերմաչափ է գնել՝ «Լեւոն եւ Լամարա» ընկերությանը վճարելով 135 հազար դրամ:

Նույն գերատեսչությունը «Վարդ-Ֆարմ» ընկերությունից գնել է ձեռքի հակաբակտերիալ եւ հականեխիչ հեղուկ, որի դիմաց վճարել է 79 հազար 950 դրամ:  «Վարդ-Ֆարմ»-ից նախարարությունը նաեւ բժշկական դիմակ ու ձեռնոց է գնել՝ այս անգամ էլ վճարելով 250 հազար դրամ:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Շիրակի մարզպետարանը ախտահանիչ նյութերի համար «Վաղարշակ Գասպարյան» Ա/Ձ-ին վճարել է 270 հազար դրամ: Ախտահանիչ նյութերի մեջ ներառված են բժշկական ձեռնոցներ, սպիրտ, ջրածնային նյութեր եւ այլն:

Շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես բժշկական եռաշերտ դիմակներ է ձեռք բերել: Նախարարությունը «Ֆարմա սթար» ընկերությանը վճարել է 150 հազար դրամ: Ըստ հաշիվ-ապրանքագրի դիմակները 1000 հատ են, մեկ միավորի գինը՝ 125 դրամ: Սակայն 25 հազար դրամն էլ կազմում է ԱԱՀ-ն:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դիմակների գնումը կատարել է «Նարեկացի դեղատուն» ՍՊԸ-ից՝ վճարելով 108 հազար դրամ: Այս գումարով նախարարությունը գնել է 600 հատ դիմակ, մեկ միավորի համար վճարելով 180 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Լ. Բ.

«Առավոտ» օրաթերթ
11.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930