Բժիշկ Նվարդ Խաչատրյանը մեղրեցիներին բուժելուց զատ, նաեւ սոցիալական ցանցերով է, այսպես ասած, աշխատում նրանց հետ, պարբերաբար տեղեկություններ է հայտնում, զգոնության կոչեր անում՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար:
Նվարդ Խաչատրյանը «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոնի» խորհրդի հիմնադիր անդամ է, աշխատում է Մեղրու բժշկական կենտրոնում, ընտանեկան բժիշկ է:
«Էս պացիենտների «գրագիտությունը», իրենց ծանոթ բժիշկ-բուժքույրերի «լավությունը», որ վարակվածներին (անախտանիշ կամ թեթեւ ընթացքով ու որեւէ ցուցում չունեցողներին) խորհուրդ են տալիս հայտնի 5 օրանոց անտիբիոտիկոթերապիան, (բնականաբար անունը չեմ գրում), ամենամեծ խնդիրն է, որ կանգնելու ա բոլորիս առաջ…»,-վերջերս ֆեյսբուքի իր էջում նման գրառում էր արել բժիշկը:
«Առավոտ»-ի հետ զրույցում Խաչատրյանը մանրամասնեց իր մտահոգությունը. ասում է՝ խնդիրն առաջացավ այն ժամանակ երբ հիվանդներից մեկը, որի մոտ կորոնավիրուսային հիվանդություն հաստատվեց, ու դրանից մեկ օր հետո նրան դեղորայք է նշանակել Երեւանից մի բժիշկ. «Մեր տարածքում էր հաստատվել դեպքը, իմ հսկողության տակ էր, ես նրան ասացի, որ իզուր է խմել այդ դեղը: Հետո երկրորդ իմ պացինետն էր զանգել, ասաց որ իրեն էլ են խորհուրդ տվել նույն Ազիտրոմիցինը խմել: Կորոնավիրուսով դեպքերում ամբողջ աշխարհում դա են օգտագործում: Բայց դրա անհիմն օգտագործումը բազմաթիվ խնդիրների կբերի, ինչպես այլ վիրուսների դեպքում: Իմ գրառման տակ մարդիկ գրեցին, որ պոլիկլինիկայի բժիշկն էլ է նման նշանակում արել»:
Կարդացեք նաև
Խաչատրյանն ասում է, որ ինքը խիստ հետեւում է կորոնավիրուսային հիվանդության բուժման ուղեցույցերին, եւ գտնում է, որ եթե հիվանդն առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի հսկողության տակ է, ապա այդ ընթացքում այլ բժիշկ անտեղի նշանակումներ չպետք է անի, առավելեւս անտիբիոտիկներ նշանակի այն դեպքում, երբ հիվանդը ասիմպտոմ է:
«Մարդիկ սովոր են, մի հատ հազում են՝ գնում են անտիբիոտիկ են առնում ու խմում, իսկ հակաբակտերիալ դեղամիջոցները պետք է դեղատոմսով գնեն, բայց այնպես չէ, որ բոլոր դեղատներն են հետեւում այս կարգին, հիմա բոլոր դեղատներից կարող են ցանկացած անտիբիոտիկ գնել: Հետո իմացա, որ օր է լինում, երբ Ազիտրոմիցինն ընդհանրապես դեղատներում չի լինում: Իմ գրառման տակ մեկը գրել էր՝ հերթագրվել եմ դա առնելու համար»:
Բժիշկն ասում է՝ անախտանիշ հիվանդներին, եթե չկա թոքաբորբ ու այլ լուրջ զարգացումներ, անտիբիոտիկ նշանակել, ըստ ուղեցույցների, չի կարելի. «Կարգը հետեւյալն է՝ եթե հիվանդն անտիբիոտիկի կարիք ունի, ուրեմն նրա մոտ զարգացել է հիվանդությունը՝ սատուրացիան իջել է՝ թթվածնով հագեցվածությունն է իջել, թոքային պրոցես է սկսվել: Եթե հիվանդը չունի նման ախտանիշեր, պետք չէ նման նշանակումներ անել: Ես հուսով եմ մոտեցումները կփոխվեն»:
Բժիշկն ասում է՝ հիվանդներից մեկին նույնիսկ Մոսկվայից են այդ անտիբիոտիկը նշանակել:
Նվարդ Խաչատրյանը մեկ այլ մտահոգություն էլ ունի՝ հանկարծ հիվանդությունը չթաքցնեն, ու սոցիալական ցանցով մեղրեցիներին կոչ է արել՝ զգոն լինել, եւ եթե շփում են ունեցել վարակակրի հետ կամ ախտանիշեր են ի հայտ գալիս, հանկարծ չմտածեն՝ մրսել են, կանցնի, անպայման դիմեն բժշկին:
«Մարդիկ հաճախ թաքցնում են, մտածում են՝ մի բան լինի՝ 14 օր պիտի մնա տանը, հաճախ չեն պատկերացնում, որ այդ ջերմությունը հենց կորոնավիրուսի առկայության մասին է խոսում: Մի դեպք ունեի, անաշխատունակության թերթիկ էր բացված, ոտքի սալջարդ ուներ: Նա զանգ տվեց ինձ եւ ասաց, որ ոնց որ մի քիչ մրսած է, թեթեւ հազ ուներ, խնդրեց բյուլետենը երկարացնել: Ես անմիջապես կանչեցի նմուշառման: Կորոնավիրուս հաստատվեց»,-պատմում է Խաչատրյանը:
Մեղրիում, մեր տեղեկություններով, վերջերս ծննդյան տոնակատարություն է եղել, մեծ թվով հյուրեր են հրավիրված եղել, ու այս միջոցառումից հետո կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է, այսինքն, այստեղ երկար ժամանակ կորոնավիրուսով հիվանդության դեպք չէր արձանագրվում, այդ ծնունդից հետո հաստատվեցին: Երեկ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ասել է, որ մարզում կորոնավիրուսով վարակման 60 դեպք կա, 18 հիվանդներ Կապանի ԲԿ-ում են, մյուսները մեկուսացված են: Նվարդ Խաչատրյանն ասաց, որ Մեղրիից էլ շատ հիվանդներ կան Կապանի ԲԿ-ում:
«Մեղրիում հիմա վարակվածների վարակվածներն են ի հայտ գալու, որոնք չգիտեն թե ինչպես են վարակվել, արդեն դժվար է հասկանալ՝ ով է եղել առաջնային հիվանդը: Ես ֆեյսբուքում գրել եմ, որ մեղրեցիները զգոն ու զգույշ լինեն, որովհետեւ պոտենցիալ վարակակիր կարող են լինել, խնդրել եմ ախտանիշերի դեպքում անմիջապես դիմեն մեզ»,-ասում է բժիշկը:
Իրանի հետ սահմանակից այս քաղաքում կասկածում են, որ մեղրեցիները դեռ հունվար ամսվա վերջին, փետրվարին հնարավոր է կորոնավիրուսով վարակված ու առողջացած լինեին: Բժիշկն էլ նման կասկածներ ունի, ասում է՝ այդ ամիսներին շատ ծանրաբեռնված են աշխատել, օրական ամբուլատոր 50-60 այց են ունեցել, օրական մինչեւ 10 անձի մոտ թոքաբորբ են ախտորոշել. «Այդ ամիսներին աննկարագրելի ծանրաբեռնված ենք աշխատել, չեք պատկերացնի ինչ մեծ էր հիվանդների հոսքը, նրանք շատ վատ էին, շատերին թթվածին ենք տվել, շատերը չոր հազով, կոկորդի ցավով էին, նույնիսկ հերթում կանգնած էին, մեկ էլ ասում են՝ մեկն ուշաթափվեց, ընտանեկան դեպքեր կային: Իրանի սահմանին մոտ ենք, ազատ գնալ- գալ կար: Իրանում առաջին դեպքի մասին խոսել են փետրվարի 20-ին, այդ ժամանակ մեզ մոտ էլ թոքաբորբով հիվանդների մեծ թիվ կար: 26 տարվա իմ աշխատանքի ընթացքում ես այդքան թոքաբորբ չեմ ախտորոշել, որքան այդ օրերին: Դրա համար էլ մեղրեցիները մտածում են՝ կորոնավիրուսով շատերն արդեն վարակվել ու լավացել են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Նվարդ Խաչատրյանի ֆեյսբուքի էջից
«Առավոտ» օրաթերթ
11.06.2020