Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկրի փոխվարչապետն մեկ անգամ եթերում մոռացել էր դիմակը, քննադատություններից հետո ստիպված տասը հազար կրոն տույժ վճարեց»

Հունիս 12,2020 13:00

«Սլովակիայի հետ արդեն բաց է Չեխիայի սահմանը, վաղվանից բաց կլինի նաեւ Ավստրիայի, Հունգարիայի եւ Գերմանիայի համար։ Մարդիկ նույնիսկ կատակում են, որ այսպիսով վերականգնվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը»,-ասում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը:

– Ե՞րբ սկսվեցին ձեր մոտ սահմանափակումները, ինչպիսի՞ն է վիճակն առհասարակ Չեխիայում:

– Չեխիայում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 12-ին, ու պարբերաբար դրա ժամանակը երկարացվեց` ելնելով տվյալ պահի իրադրությունից։ Արտակարգ իրավիճակը հանվել է մայիսի 17-18-ին: Հիմա արդեն կարելի է դրսում առանց դիմակի լինել, բայց փակ տարածքներում դեռեւս անհրաժեշտ է դիմակ կրել: Հունիսի 9-ի տվյալներով կատարվել է  478 825 թեստ, բացահայտվել է 9 699 վարակակիր, նրանցից կազդուրվել է 7 009-ը, 328 մահ է գրանցվել:

– Դու, բնականաբար, հետեւում էիր Հայաստանում իրավիճակին, համեմատում: Ո՞րն էր այդտեղի առանձնահատկությունը: Հանրությունը ինչպե՞ս էր ընդունում գործադիրի հրահանգները:

–  Անշուշտ, հետեւում եմ եւ շատ մտահոգ եմ։ Ճիշտն ասած, շատ զարմանալի էր, որ Հայաստանում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, սակայն զուգահեռաբար ոչ մի պաշտպանության միջոց պարտադիր չէր, օրինակ` դիմակներ կրել։ Հիմա էլ պարտադիր է դիմակ կրելը, սակայն ամեն օր վարակների թվի այսպիսի աճի պայմաններում, արտակարգ իրավիճակն ըստ էության հանված է, իսկ հեռուստաեթերները լցված են ամեն ինչով, բացի երկրի ազգային անվտանգության համար այնքան կարեւոր խնդրի շուրջ լուրջ մասնագիտական քննարկումներից։ Սրանից էլ մարդկանց թերահավատությունն ու թեթեւամիտ վերաբերմունքն այս իրավիճակին։ Ինչ է նշանակում, հանրայինի եթերում մարդիկ հավաքվում քննարկում են Քովիդի հարցը Հայաստանում, ու բոլորը մեղքը բարդում են մեր ժողովրդի կրթված չլինելու եւ կամ դավադրական տեսություններին հավատալու իրողության վրա։ Մինչդեռ իրենք բոլորը նստած են առանց դիմակների: Դրա համար էլ մարդիկ լուրջ չեն վերաբերվում:

Որեւէ տեղ մարդիկ ցանկացած սահմանափակում դժկամությամբ են ընդունում։ Այստեղ՝ նույնպես։ Սակայն հավատում էին, չէին հավատում, ընդունում էին, չէին ընդունում,  կատարում էին կառավարության հրահանգները, քանի որ իրենք` ղեկավարները նույնպես ապրում էին նույն կանոններով։ Երկրի փոխվարչապետը մեկ անգամ եթերում մոռացել էր դիմակը, քննադատություններից հետո ստիպված տասը հազար կրոն (մոտ հինգ հարյուր ԱՄՆ դոլար) տույժ վճարեց։ Շատ կարեւոր էր սոցիալական ռեկլամը՝ «Իմ դիմակը պաշտպանում է քեզ, քո դիմակը՝ պաշտպանում է ինձ» կարգախոսն այստեղ կրկնում էին բոլոր հայտնիները, իսկ հեռուստատեսությունը հաճախ ու տարբեր մարդկանց շուրթերով դա տարածում էր։

– Արդյո՞ք  ձեր մոտ էլ առողջապահության նախարարը, վարչապետն ամեն օր եթերում են:

– Այո, եւ ժամեր շարունակ, օրը մի քանի անգամ։ Իհարկե, կար արտակարգ իրավիճակների շտաբ, որն ամենավտանգավոր պահերին ղեկավարում էր գլխավոր համաճարակաբանը։ Նա էլ էր եթերում։ Ու որեւէ մեկի մտքով չէր անցնում արհամարհել վտանգը։ Նրանց խնդիրը հենց բացատրելն էր, թե ինչու է անհրաժեշտ մնալ տանը մի պարագայում, երբ սովորական գրիպից էլ ամեն տարի շատ մարդ է մահանում։ Հորդորում էին տանը մնալ, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա դիմակայել ու ընտրության առջեւ չհայտնվի, թե վերակենդանացման բաժանմունքում ում տեղ տա, կամ շնչառական սարքավորումն ում միացնի, ում զրկի ապրելու իրավունքից։  Երիտասարդները խանութներից իրենց ծնողների համար առեւտուր էին անում, տանում, թողնում էին նրանց, սակայն տուն չէին մտնում՝  նրանց չվարակելու վախից։ Հարսանիքներին տասից ավելի մարդ չպիտի լինեին, ներառյալ հարսն ու փեսան, հուղարկավորություններն էլ իրականացվում էին սահմանափակ շրջանակով։ Ոչ մի ավարտահանդես չի եղել, նոր միայն ավարտական քննություններ են հանձնում՝ ապահովելով սոցիալական տարածությունը։

Շարունակում էին աշխատել ԲՈԼՈՐ կարգի բուժհիմնարկները, հասարակական տրանսպորտը։ Այդ շրջանում չեղյալ հայտարարվեցին բոլոր համերգները, ֆիլմերի ցուցադրությունները, մշակութային բոլոր միջոցառումները, չեղարկվեցին ավանդական փառատոները՝ «Ֆեբիո ֆեստ» կինոփառատոնը, «Պրահայի գարուն» երաժշտական փառատոնը, որ այս տարի նշելու էր 75-ամյակը (ի վերջո, օնլայն անցկացվեցին բոլոր համերգները):

Ամեն օր, ժամեր շարունակ հեռուստատեսությամբ ոչ միայն թվեր էին հայտարարվում, այլ լուրջ քննարկումներ էին հեռարձակվում բոլոր ալիքներով, բոլոր ոլորտների ուղղություններով։ Հիմնականում խոսում էին բժիշկները, համաճարակաբանները, ներկայացնում հիվանդանոցների վիճակը, քանի ազատ տեղ կա, որքանով առողջապահական համակարգը կդիմանա աճող թվերին։ Խոսում էին տնտեսագետները, ներկայացնում  տարբեր ճյուղերի վիճակը, բացատրում, թե ինչ է կատարվում այդ ոլորտում, ինչ են կորցնում, ու թե ինչ կկորցնեն, եթե բոլորը դուրս գան աշխատանքի։ Հենց սկզբից մարդկանց խոստացան, որ պետության հարկադրած պարապուրդը կփոխհատուցվի։ Կառավարությունը հերթով քննարկեց տարբեր բնագավառների աշխատողների խնդիրը ու սկսեց վճարել մարդկանց հարադիր պարապուրդի դիմաց: Հատկապես մանր գործարարները, արվեստի բնագավառի մարդիկ, սպասարկման  ոլորտում զբաղվածները՝ տուրիզմ, հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն, փոխհատուցում ստացան, քանի որ պետությունը փաստորեն փակել էր նրանց եկամտի աղբյուրը։ Եվ այդպես, ոլորտ առ ոլորտ, ու մինչեւ այսօր:

– Ինչպե՞ս էին աշխատում լրատվամիջոցները, մասնավորապես, դուք` «Օրերը»:

– Լրատվամիջոցները շարունակել են գործել սովորականի նման, շատերն անցան հեռահար աշխատանքի, հեռուստատեսությունում բոլորը եթեր էին դուրս գալիս դիմակներով։ «Օրերի» պարագան շատ յուրահատուկ է, քանի որ մեր խմբագրատունը մեր բնակարանի մի սենյակն է… Մենք ստիպված դադարեցրել ենք ուղեւորությունները։ Դադարել են Եվրոպայի հայկական համայնքները ներկայացնելու մեր շարքի նախապատրաստական աշխատանքները։ Հետաքրքրականն այն է, որ Սլովակիայից ու Ֆրանսիայից կապվեցին «Օրերի»  հետ եւ ուղարկեցին մի դեպքում գործարանային արտադրության ռեսպիրատորներ, իսկ Ֆրանսիայից՝ կարված դիմակներ, որ եթե համայնքում որեւէ մեկը դրա կարիքն ունենա, բաժանենք։ Այստեղ էլ հայկական մի կարի արտադրամաս կարեց ու հայկական եկեղեցու միջոցով բաժանեց դրանք։

– Աննա, սահմանափակումները հանվել են, ինչպիսի՞ն է պայմանական ասած՝ համավարակից հետո տիրող իրավիճակը:

– Բավական հուսադրող։ Հիմա դրսում կարելի է առանց դիմակի լինել, դիմակներ պետք է կրել միայն փակ տարածքներում եւ մարդաշատ վայրերում։ Այսօր ընդդիմությունը քաղաքական ակտիվություն ցուցաբերեց եւ քաղաքի կենտրոնական հրապարակում հերթական բողոքի ցույց էր վարչապետի, կառավարության դեմ, երկարաձգված արտակարգ իրավիճակի դեմ։ Հետաքրքրականն այն է, որ մարդիկ արտակարգ իրավիճակի պարտադրանքների դեմ հանրահավաքին էլ մասնակցում էին այդ պարտադրանքներից մեկի՝ դիմակի առկայությամբ։

– Իրականում, ի՞նչ շահեց Չեխիան, եւ արդյոք շահե՞ց:

– Միանշանակ, շահեց։ Կյանքն արդեն աստիճանաբար մտնում է սովորական հուն։ Այսօր Երեւանում Չեխիայի դեսպանատունը հրապարկել է հորդոր իր քաղաքացիներին, որ չմտածեն Հայաստան ուղեւորվելու մասին, քանի որ իրավիճակն այնտեղ շատ վատ է։ Նույնիսկ համեմատել էին ասելով, որ երեք միլիոնանոց Հայաստանում վարակակիրների թիվն ավելի շատ է, քան տասը միլիոնանոց Չեխիայում։ Հորդորում նշվել է, որ Հայաստանը շուտ դուրս եկավ արտակարգ իրավիճակից։

– Ի՞նչը կմնա, մարդկային ինչ պատմություն:

– Չեխերը, ինչպես տարիներ առաջ ծայրաստիճանի կազմակերպված ու ՀԱՆԳԻՍՏ, սառնասրտությամբ կարողացան հաղթահարել սոսկալի ջրհեղեղի հետեւանքները, նույն կերպ վարվեցին հիմա։ Երիտասարդները խմբեր էին կազմել եւ միայնակների ու ծերերի համար գնում էին խանութ, որպեսզի նրանք դուրս չգան տներից: Խանութներում հատուկ ժամ սահմանվեց տարեցների համար, որպեսզի նվազեցվի նրանց վարակվելու հավանականությունը: Եվ ամենակարեւորը՝ ամեն օր վարչապետը եթերում էր՝ կողքին ունենալով ՄԱՍՆԱԳԵՏ համաճարակաբան։ Երբ Չեխիան հայտարարեց, որ սա պանդեմիա է,  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ դա չէր արել։ Կառավարությունը հայտարարում էր՝ մենք լսում ենք մեր մասնագետներին եւ անելու ենք այն, ինչ ճիշտ է Չեխիայի ու չեխերի համար։

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930