Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը երկու անգամ չի օգտագործել իրեն տրված մաքրվելու հնարավորությունը»

Հունիս 12,2020 14:30

Հարցազրույց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ:

– Շատ վերլուծաբաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ովքեր երկու տարի առաջ տեղի ունեցած զարգացումների, որոնք ստացան թավշյա հեղափոխություն անվանումը, ջատագովն էին, այժմ իրենց հիասթափությունն են արտահայտում`հրապարակայնորեն: Ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում իրացնել իր ստանձնած պարտավորությունները, դուք է՞լ եք մեղքը նախկինների մեջ տեսնում:

– Կան շատ կարեւոր խնդիրներ, որոնք գործող իշխանությունները լուծում են եւ կան խնդիրներ, որոնք դեռ չեն կարողանում, կամ չեն ուզում լուծել: Ես չեմ պատկանել այն մարդկանց թվին, ովքեր համակված էին էյֆորիայով եւ ուզում էին, որ բոլոր խնդիրները կարճ ժամանակում լուծվեն: Ավելին, լինելով երկար տարիներ այսօրվա Նոր Հայաստանը բերելու համար մղվող պայքարի առաջամարտիկներից, արդեն 2018-ի իշխանափոխությունը, որը բարոյահոգեբանական տեսանկյունից կարելի է անգամ հեղափոխություն անվանել, ես արդեն հսկայական ձեռքբերում եմ համարում: Ընդ որում, հեղափոխությունից հետո, տեսնելով, թե ինչ մեծամիտ եւ առողջ ուժերի համախմբումը բացառող մոտեցում են դրսեւորում էյֆորիայով տարված նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ես բավական հոռետես էի Հայաստանի՝ առաջիկա տարիների ապագայի վերաբերյալ: Անցած երկու տարիների ընթացքում ես, որպես քաղաքացի, չեմ դադարել հրապարակային առաջարկություններ անել այս կամ այն խնդրի լուծման, Հայաստանի Հանրապետության հանրակարգերի (ինստիտուտների) կայացման ուղղությամբ, նաեւ մատնանշել իշխանությունների սխալները եւ թերացումները: Բայց ես ուրախ եմ արձանագրել, որ գործող իշխանությունները կարողացան ապահովել ավելին, քան ես սպասում էի իրենցից: Խոսքը հատկապես վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, բյուջեի շեշտակի ավելացմանը, բանակաշինությանն ուղղված քայլերին, ենթակառուցվածքային պետական ներդրումներին, հատկապես՝ ճանապարհաշինությանը, ՓՄՁ եւ հատկապես գյուղատնտեսության աջակցությանը, ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը, սոցիալական լարվածության մեղմմանը՝ թոշակների եւ աշխատավարձերի որոշ ավելացման տեսքով, շատ այլ ոլորտների: Իհարկե, այս ամենը ցածր է այն նշաձողից, որը ես կուզեի, որ ապահովեին Նոր Հայաստանի իշխանությունները եւ որը հնարավոր էր ապահովել, եթե Նիկոլ Փաշինյանը համախմբման եւ ոչ թե միահեծանության գործելակերպ որդեգրեր: Բայց կարծում եմ, որ առկա մարտահրավերները կբերեն իրեն Հայաստանի բոլոր առողջ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համախմբման անհրաժեշտության գիտակցմանը:

Իհարկե, հասարակության զգալի մասը, շատ քաղաքական ուժեր հիասթափված են այն բանից, որ երկարում է Սահմանադրության փոփոխության գործընթացը, որ չի տրվել նախկինների քաղաքական գնահատականը, որ դեռ ազատության մեջ են նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնցից շատերին էլ հնարավորություն տրվեց փախչել Ռուսաստան եւ այնտեղ դե-յուրե կամ դե-ֆակտո ապաստան գտնել: Որ դեռ մաքրված չէ դատաիրավական համակարգը, վեթինգ չի արվում, լյուստրացիայի մասին ընդհանրապես խոսք չկա: Որ դեռ նախկինում թալանված միլիարդավոր դոլարներից հանրությանն է վերադարձվել դրա չնչին մասը եւ այլն եւ այլն:

Իսկ իշխանության գալուց վարչապետի ստանձնած շատ պարտավորությունների չկատարման պատճառը ես տեսնում եմ նախ ներքին եւ արտաքին հուժկու դիմադրության մեջ, հատկապես դատաիրավական համակարգում, հարկային-մաքսայինում եւ շատ ՏԻՄ-երում առկա սաբոտաժը, ինչը նա պետք է որ կանխատեսեր հենց սկզբից, ինչպեսեւ այն սուղ կադրային ներուժի մեջ, որը նա ստացավ՝ ձեւավորելով օրենսդիր, գործադիր եւ Երեւանի ՏԻՄ իշխանությունը բացառապես իրեն անձնական նվիրվածության հենքով, հրաժարվելով ներառել բազմաթիվ կարող ուժերի, որոնք տասնյակ տարիներ իրենց պայքարով ապացուցել էին թե իրենց ներուժը եւ թե իրենց անկաշառությունը:

– Նաեւ գնահատականներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը բավական լավ է հարմարվել Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումին եւ առանձնակի ցանկություն էլ չունի առանցքային եւ համակարգային փոփոխությունների գնալու, ուստի, ամենը սահմանափակվում է անձերի փոփոխություններով, ինչպես եղավ նաեւ ուժայիններում վերջին նշանակումներով: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում ուժայիններում վերջին նշանակումներին:

– Իհարկե, Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությունը օգտագործելը հեշտ լուծման ուղի է: Այն հսկայական լիազորություններ է տալիս պետությունը միահեծան կառավարելու համար, բայց նաեւ հսկայական պարտականություններ ու պատասխանատվություն է դնում վարչապետի ուսերին: Եւ ստացվում է այնպես, որ նաեւ հաշվի առնելով իր հավաքած կադրերի ոչ միշտ կարող եւ պրոֆեսիոնալ լինելը, շատ հաճախ նա ստիպված է զբաղվել բաներով, որոնցով հանգիստ կարող էին զբաղվել այլ պաշտոնյաներ: Պետք է հասկանալ, որ մեկ մարդը, անգամ ամենահանճարեղը, չի կարող արդյունավետ կառավարել այդքան շատ ոլորտներ, ինչպես այժմ նախանշված է Սահմանադրությամբ՝ ուղղակի պատասխանատվություն կրելով դրանց համար: Նույն ուժայինների պատմությունը: Այն, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարվեց երկու ուժային մարմինները դարձնել քաղաքական, որի արդյունքում հնարավոր կլիներ նրանց ղեկավար նշանակել քաղաքական գործիչների, բերեց նրան, որ այդ մարմիններում անընդհատ ցնցումներ են տեղի ունենում, կապված դրանց եւ դրանց հերթական ղեկավարների հանդեպ նույն վարչապետի եւ հանրության վստահելիության պակասի հետ եւ վարչապետը ստիպված է լինում անընդհատ անմիջականորեն հետեւել այդ մարմինների անցուդարձին: Մինչդեռ եթե դրանք լինեին նախարարություններ, ինչպես ՊՆ-ն է, ապա ոչ ոք ՔՊ-ի ձեռքից, որն ունի ԱԺ-ում մեծամասնություն, չէր խլելու դրանց ղեկավար նշանակելու իրավունքը, բայց մարդկանց շրջանակը, որոնց թվից հնարավոր կլիներ ընտրել այդ կառույցների ղեկավար, էապես կընդլայնվեր՝ ներառելով նաեւ հանրության վստահությունը վայելող եւ որոշակի մասնագիտական հմտություններ ունեցող ուժեղ քաղաքական գործիչների: Եւ վարչապետը ստիպված չէր լինի անընդհատ, մի կողմ դնելով իր ուղիղ պարտականությունները, զբաղվել այդ կառույցներում առաջացող սպառնալիքների չեզոքացմամբ:

Ես շատ տեղեկություններ չունեմ ուժայինների՝ նոր նշանակված ղեկավարների մասին: Բայց այն, որ վերջին քաղաքական իրադարձությունների խորապատկերին ԱԱԾ եւ Ոստիկանության հանդեպ շատ ավելի արդյունավետ վերահսկողություն է պետք իրականացնել եւ որ վարչապետը պետք է գործեր արագ ու վճռական, գրել եմ դեռ անցած շաբաթ:

– Որ իշխանությունը տապալել է կոնկրետ համավարակի դեմ պայքարը, դա նաեւ վարչապետն է խոստովանել`երկրում ստեղծված իրավիճակը «դժոխային» գնահատելով: Մինչդեռ տապալողների հրաժարականներ չեղան: Այս իրավիճակում նորմալ չե՞ք համարում ընդդիմադիրների ներկայացրած` կառավարության հրաժարականի հայտը:

– Սկսենք նրանից, որ վարչապետի էմոցիոնալ պոռթկումների հիման վրա ճիշտ չէ հեռուն գնացող գնահատականներ տալը. դրանք հաճախ այսրոպեական խնդիրներ լուծելուն են միտված, օրինակ, տվյալ դեպքում՝ հասարակությանը սարսափեցնելով սթափեցնելու եւ հակահամաճարակային կանոնները ավելի խիստ պահպանելու: Ոնց երեւում է, այդ մոտեցումը՝ զուգորդված մարդկանց տարատեսակ կուտակումների մասին լուսանկարների տարածմամբ, իր արդյունքն ունեցավ:

Ինչ վերաբերում է թագավարակի համաճարակի դեմ պայքարի արդյունավետությանը, ապա ես չէի շտապի այն գնահատել: Դա հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ աշխարհում պաշտոնապես կարձանագրվի վերջնական հաղթանակ այս հիվանդության դեմ՝ լինի դա պատվաստանյութի, թե բուժող դեղամիջոցի հայտնագործման շնորհիվ, եւ նոր ալիքների տարածումը կբացառվի: Այն ժամանակ հնարավոր կլինի համեմատել բոլոր պետությունների քաղաքականությունների «չոր մնացորդը»: Եւ եթե, օրինակ, պարզվի, որ Հայաստանը համավարակից նվազագույն կորուստներով դուրս եկած երկրների թվում է, ընդ որում՝ թե մահերի եւ թե տնտեսական կորուստների առումով, ապա այսօր պարետի եւ առողջապահության նախարարի հրաժարական պահանջողները անհարմար վիճակում կհայտնվեն:

Այս հարցում արված սխալներից էր, իմ կարծիքով, այն, որ կարանտինը հանվեց ամբողջությամբ եւ բոլոր ընկերությունների վրայից: Մինչդեռ, կարելի էր աստիճանաբար դա անել, զանգվածային արարողությունների, կամ այլ կուտակումների հնարավորություն ենթադրող ընկերությունները թողնելով փակ: Նաեւ չի վարվում քարոզչական աշխատանք՝ սննդակարգի եւ առողջ ապրելակերպի միջոցով բնակչության իմունիտետը բարձրացնելու ուղղությամբ, ինչը կավելացնի ասիմպտոմ վարակակիրների եւ թեթեւ տանող հիվանդների բաժինը՝ ընդհանուր վարակվածների մեջ: Բայց դե այս ամենը դետալներ են:

Իսկ կառավարության հրաժարականն այսօր պահանջում են միայն նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի մնացորդները, որոնք ունեն ռեւանշի եւ իրենց թալանածը ազգայնացումից «փրկելու» խնդիր: Նրանք սին հույսեր են փայփայում, որ կարող են օգտվել համավարակի բերած դժվարություններից եւ մահերից: Նաեւ վարչապետի հիվանդ լինելը կարող էր նրանց հույս ներշնչել, որ ահա ռեւանշի պահն է, եւ որ ուժայինները կարող է եւ իրենց աջակցեն: Սակայն իրենց հույսերը, ինչպես տեսանք, կարճ տեւեցին, իսկ Գագիկ Ծառուկյանը, արդեն այժմ, իր ներկայացուցիչների շուրթերով ուղերձներ է հղում, որ հետ է կանգնում որեւէ խժդժությունից եւ չի շարունակելու սկսած գործընթացը, որն, ի դեպ, չէր էլ կարող որեւէ շոշափելի վնասակար հետեւանք ունենալ, եթե իհարկե մնար խաղաղ, քաղաքական ձեւաչափում:

– Եթե հասկանալի է իշխանության ջղագրգիռ արձագանքը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեությանը, ապա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կոշտ քննադատության արձագանքը կարծես նաեւ անհամարժեք էր, այն առումով, որ քաղաքական բանավեճի սահմանը հատվեց`անցնելով անձական տիրույթ: Ադյո՞ք, նոր Հայաստանի`իրեն նոր որակի հռչակած իշխանությունը չի շարունակում նախկին արատավոր մշակույթը, ինչը քննադատում էր:

– Գործող իշխանությունը եւ նրան ենթակա հայտնի ԶԼՄ-ն, որը միշտ էլ դեղին մամուլի թվին է պատկանել, հենց ձեր նշած արատավոր մշակույթի ակունքներում են կանգնած: Քաղաքական օպոնենտներին անձնական տիրույթում ցեխի հետ խառնելու փորձերը որպես մեթոդաբանություն նրանք միշտ եւ հաճույքով օգտագործել են առանց որեւէ բարոյական կաշկանդվածություն զգալու եւ երբեւէ չեն ափսոսացել դրա համար: Ընդ որում կապ չի ունեցել՝ մեղադրանքները որեւէ աղերս ունեցել են իրականության հետ, թե հիմնված են եղել բացառապես ստի ու նենգափոխումների վրա: Բայց պետք է նաեւ ասեմ, որ նույն այդ թերթոնը եւ այլատյացություն, պսեւդոգողական բարքեր պաշտպանող եւ տարածող «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը, ինչպեսեւ նախկինների, հիմա էլ՝ Գագիկ Ծառուկյանի ջանասիրաբար պաշտպանությանը լծված մի շարք լրատվամիջոցներ իրարից շատ չեն տարբերվում եւ իրար լիովին արժեն: Պատահական չէ, որ անգամ կադրերի տեսակետից համադրումներ կան դրանց միջեւ:

Գագիկ Ծառուկյանը, որպես խոշոր բիզնեսմեն, Նոր Հայաստանում չի կարող տեղ ունենալ քաղաքականության մեջ: Այն որ մի շարք ընդդիմադիր ուժեր տարբեր տարիների փորձել են դաշնակցել իր հետ՝ Հայաստանում գործող թալանչի իշխանություններին գոնե մեկ անգամ փոխելու համար՝ անկախ նախկինում կատարած իր տարատեսակ հանցագործություններից, բխել է ծայրահեղ անհրաժեշտությունից: Գագիկ Ծառուկյանը դրանով նաեւ հնարավորություն է ստացել ապացուցելու, որ նա այլեւս ուրիշ մարդ է (իսկ մարդիկ կարող են փոխվել), որ նա այլեւս ժողովրդի շահերի ջատագովն է եւ որ կտրել է կապը իր մութ անցյալի հետ: Նման հնարավորություն նրան տրվեց 2015-ին եւ 2017-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Երկու անգամ էլ նա չօգտագործեց իրեն տրված մաքրվելու այդ շանսը՝ ցույց տալով, որ շարունակում է առաջնորդվել բացառապես իր անձնական մերկանտիլ շահերով:

– Արտահերթ ընտրությունները կարո՞ղ են շտկել իրավիճակը, մանավանդ, որ այս ընթացքում նոր կուսակցություններ են ստեղծվել`«Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ»:

– Արտահերթ ընտրությունների որեւէ նախադրյալ չեմ տեսնում: Եթե ամեն նոր կուսակցության ստեղծման հետ մեկտեղ արտահերթ ընտրություններ պետք լիներ անցկացնել, ապա Հայաստանում ուրիշ ոչ մի բանով չպետք է զբաղվեինք՝ բացի ամեն տարի ընտրություններ անցկացնելով:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930