Այսօր կայացել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի (նախկինում աշխատակազմի ղեկավարի) թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի բանավոր փուլը, որին մասնակցել են գրավոր փուլը հաղթահարած 5 թեկնածուներ՝ Կարեն Բադիշյանը, Արսեն Աբրահամյանը, Դավիթ Ֆարզադյանը, Արտակ Հայրապետյանը և Արմեն Թորոյանը։
Կարեն Բադիշյանը զբաղեցնում էր Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի ժ/պ-ի պաշտոնը, նա նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետն է։
Դավիթ Ֆարզադյանը, մեր տեղեկություններով, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության Շիրակի մարզային ներկայացուցիչ է, Արտակ Հայրապետյանը Շիրակի մարզպետարանի նախկին աուդիտի բաժնի աշխատակից է ․ բաժինն այժմ փակվել է։ Արմեն Թորոյանն էլ հայտնի է բանկային համակարգից, նա եղել է տարբեր բանկերի կառավարիչ։
Ինչպես տեղեկանում ենք քաղաքացիական ծառայության գրասենյակի Ֆեյսբուքյան էջից․ «Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 98-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Արսեն Ալեքսանի Աբրահամյանը»:
Կարդացեք նաև
Խոսքը Արթիկի նախկին քաղաքապետի մասին է, որը հավասարակշռված ու գրագետ անձ է։
Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմում է գրել ՀՀ վարչապետին ու սպասում է որոշմանը։
Արսեն Աբրահամյանը Արթիկի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո 2016 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունիսի 1-ը աշխատել է նախագահի վերահսկողական ծառայությունում, դրանից հետո պետական համակարգից դուրս է եկել ու զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա մեզ փոխանցեց, որ զբաղվում է փորձագիտական ծառայությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ