Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ հրապարակել է պաշտոնատար անձանց հայտարարագրերը: Aravot.am-ն ուսումնասիրեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարագիրը: Այսպես՝ ըստ հայտարարագրի, արտգործնախարար Մնացականյանը միանձնյա սեփականությամբ ունի բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2011 թվականին:
Հաշվետու տարվա ընթացքում արտգործնախարարն այլ անշարժ գույք ձեռք չի բերել: Նրա հայտարարագրած մարդատար ավտոմոբիլն էլ «VOLKSWAGEN» մակնիշի է՝ 2002 թվականի արտարդրության: Ավտոմեքենան Զոհրաբ Մնացականյանը նվեր է ստացել 2012-ին եւ տարեվերջին նույն շարժական գույքը առկա է եղել է:
Հայտարարագիրը, պարոն Մնացականյանը ներկայացրել է մայիսին: Ըստ այդ փաստաթղթի, արտգործնախարարը ո՛չ արժեթղթերում ո՛չ էլ այլ ձեւով ներդրում չի կատարել, փոխառություն չի տվել եւ չի վերցրել: Նախարարի՝ տարեսկզբին առկա դրամական միջոցը՝ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 19 հազար դոլար, տարեվերջին՝ հազար դոլարով նվազել է՝ կազմելով 18 հազար դոլար:
Դրամով էլ այդ միջոցները տարեսկզբին կազմել են 3 միլիոն 265 հազար դրամ, տարեվերջին՝ 11 միլիոն 560 հազար դրամ:
Արտգործնախարարի՝ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 16 միլիոն 776 հազար դրամ:
Կարդացեք նաև
Ուսումնասիրելով նախարարի 2018-ի հայտարարագիրը, տեղեկանում ենք, որ հաշվետու այդ տարում նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 24 հազար դոլար, հարկային տարվա վերջում այդ գումարը կազմել է 19 հազար դոլար: Դրամական միջոցները 2018-ին դրամով կազմել են 3 միլիոն 265 հազար դրամ:
Զոհրաբ Մնացականյանի հետ փոխկապակցված անձը՝ Իրինա Իգիթխանյանը, որը նախարարի կինն է, հայտարարագրել է 3 հազար 304 դոլար, հաշվետու տարվա ավարտին 10 հազար ԱՄՆ դոլար: Նախարարի տիկնոջ՝ աշխատանքի վարձատրությունից ստացած եկամուտը կազմել է 18 հազար 200 դոլար եւ 7 միլիոն 597 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ