Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Պարետի ցուցումի համաձայն կենտրոնում փակված ակումբը նորից գործում է

Հունիս 11,2020 21:01

«Կոնգ»  բար-ռեստորանը, որտեղ նախօրեին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել, շարունակում է աշխատել:

Ռեստորանի աշխատակիցներից  Aravot.am-ին փոխանցեցին. «Մենք ակումբ  չենք, երբեք ակումբ չենք եղել, մենք ռեստորան ենք, հետեւաբար, ոչ մի որոշմամբ հնարավոր չէ կանխել մեր գործունեությունը, աշխատում ենք  06:00-ից 01:00-ը: Ես ներկա չեմ եղել միջադեպին, տեղեկատվություն չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ միջադեպը եղել է դրսում, այսինքն` չի եղել տարածքի ներսում»:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խոչընդոտել են իրենց աշխատանքին, իրենց հասցեին տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, չեն ենթարկվել իրենց օրինական պահանջներին, որի ընթացքում բռնություն են գործադրել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարի նկատմամբ: Հարուցվել է քրեական գործ:

Միջադեպի մասնակիցներից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոման Մուրադյանը Aravot.am-ին ասաց, որ ինքը որեւէ կերպ չի խոչընդոտել ոստիկաններին իրենց ծառայությունն իրականացնելիս. «Ես ինչ իրավունք ունեմ խոչընդոտել ակումբի փակումը, նման բան չկա, սուտ տեղեկություն է, ես ինչ իրավունք ունեմ ոստիկանի գործին խոչընդոտել»: Մեր զրուցակիցն ասաց՝ տեղյակ չէ՝ արդյոք հարուցված քրեական գործով  կարգավիճակ ունի, թե՝ ոչ, իրեն ոչինչ չեն ասել: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ տեղեկություններ ունի Արտակ Ալեքսանյանից:

Հիշեցնենք, որ մամուլը գրեց, որ միջադեպի ժամանակ Ալեքսանյանը ականջի թմբկաթաղանթի վնասվածք է ստացել, տեղափոխվել հիվանդանոց ու վիրահատվել, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Հնչեղություն ապահովելով՝ երկիր չենք կառուցի, մեր երկրի վարչապետն այդ չի ուզում: Արտակ Ալեքսանյանն իմ հյուրն է եղել էդտեղ, թե ինչ է եղել, քննությունը ցույց կտա՝ ականջը տրաքել է, թե՝ ոչ, կայքերից եմ կարդացել, հետը չեմ խոսել, բայց չեմ պատկերացնում, վերնագիր գրողներ են էլի, նորմալ չէ: Բայց որ այդ խայտառակությունը տեսագրություններով տեսնում եմ, շատ ամաչում եմ:  Եկեք, չգցենք Ալեքսանյանների դաշտ, էստեղ անձի հարց է, վիրավորել եւ նեղացրել են Ռոման Մուրադյանին: Ես ինձ շատ վիրավորված եմ զգում, այս ամենի ինչի հետեւից գնալու եմ, իրավապահները կպարզեն՝ ինչ է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930