Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն դետեկտիվ ֆիլմ է «նկարում». Գլխավոր դերում Գագիկ Խաչատրյանի որդին է` Գուրգեն Խաչատրյանը»- 2

Հունիս 11,2020 22:30

Մեկ ամիս երկու օր մտածելուց հետո ԱԱԾ-ից Aravot.am-ին պատասխանել են

Մայիսի 4-ին Aravot.am կայքում հոդված էինք հրապարակել՝ «ԱԱԾ-ն դետեկտիվ ֆիլմ է «նկարում». Գլխավոր դերում Գագիկ Խաչատրյանի որդին է` Գուրգեն Խաչատրյանը», վերնագրով: Հոդվածը պատրաստվել էր մայրաքաղաքի Տերյան փողոցի 66 հասցեում գտնվող շենքի բնակիչներից ստացած ահազանգի հիման վրա: Ահազանգն էլ այն մասին էր, որ ԱԱԾ-ի 7-րդ վարչության եւ պետավտոտեսչության ծառայակիցներն արդեն մի քանի օր է՝ խստացված հսկողություն են իրականացնում Տերյան 66 հասցեում գտնվող շենքում:

Այդ շենքում բնակվում է արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատուրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի ընտանիքը: Մեր զրուցակիցը տեղեկացրել էր, որ շենքում կա 80-ից ավելի բնակարան եւ օրը մի քանի անգամ շենքի բոլոր բնակիչներին ստուգում էին ելումուտ անելուց: Խիստ ստուգում էին նաեւ բոլոր բնակիչների մեքենաները, բոլոր վարորդների վարորդական իրավունքներն էին նկարում, ինչի իրավունքը չկար, քանի որ վարորդական իրավունքը անձնական փաստաթուղթ է:

Նաեւ, Aravot.am-ին ահազանգած բնակիչն ասել էր, որ իրավապահները նման սանկցիա չունեին. քաղաքացիներից ոմանք պահանջել են եւ չեն ստացել վարորդական իրավունքը նկարելու թույլտվության մասին փաստաթուղթ: Ապա մեր զրուցակիցները պատմել էին, որ հատկապես կանանց են զննում: Բնակիչների հարցերին ԱԱԾ աշխատակիցները պատասխանել են, որ իբր օպերատիվ տեղեկություն ունեն այն մասին, որ Գուրգեն Խաչատրյանը կնոջ շորերով եւ կեղծամով պատրաստվում է փախուստի դիմել:

Հենց նույն օրը հարցում էինք ուղարկել ԱԱԾ`հասկանալու համար տվյալ շենքում խստացված հսկողության դրդապատճառները կամ շարժառիթները: Հարցումն ուղարկելուց մեկ ամիս երկու օր անց` հունիսի 6-ին, ԱԱԾ-ից ստացանք հարցման պատասխանը: Ստացված պատասխանն անակնկալ էր, անսպասելի, քանզի ԱԱԾ-ում խախտել են հարցումներին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով գրավոր հարցումներին պատասխանելու համար հնգօրյա ժամկետ է սահմանված: Եթե հարցերը տարողունակ են եւ այդ ժամկետում հնարավոր չէ լիարժեք պատասխաններ տրամադրել, ապա պատասխանողին տրվում է 30-օրյա ժամկետ եւ պահանջ`հարցումը ստանալուց հետո, հնգօրյա ժամկետում դիմողին տեղեկացնել հետաձգման պատճառները եւ պատասխանի տրամադրման վերջնաժամկետը: Այս ամենին ԱԱԾ-ում չէին հետեւել: Բայց, քանի որ նախորդիվ արված հրապարակմամբ խոստացել էինք վարույթ իրականացնող մարմնից` ԱԱԾ-ից`պատասխան ստանալուն պես հրապարակել: Հրապարակում ենք:

Օրենքով սահմանված ընթացակարգերը խախտելուց հետո, ԱԱԾ-ից, մասնավորաբար, քննչական դեպարտամենտի պետ Ա. Պողոսյանից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «ՀՀ ԱԱԾ-ն օրենքով նախատեսված հիմքերի եւ իրավապայմանների առկայության դեպքում քննչական դեպարտամենտում քննվող տարբեր քրեական գործերով ձեռնարկել եւ շարունակում է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական եւ փնտրողական կամ այլ որոնողական գործողություններ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով այս փուլում ենթական չեն հրապարակման»:

Եթե փորձենք ԱԱԾ-ի ուշացած պատասխանը փոխանցել առավել հանրամատչելի` կստացվի, որ մեր հարցերի պատասխանները ենթադրում էին նախաքննական տվյալի հրապարակում, ուստի այս փուլում ԱԱԾ-ն չի կարող այդ տեղեկատվությունը տրամադրել: Այս մեկ նախադասությունը`օրենսդրական հղումներով համեմելու եւ էլեկտրոնային փոստով փոխանցելու համար ԱԱԾ-ի պատասխանատու անձանցից պահանջեց մեկ ամիս երկու օր: Իսկ ավելի պարզ`մեկ ամիս եւ երկու օր ԱԱԾ-ից պահանջվեց, որպեսզի ասեն, որ մեր հարցերին չեն պատասխանելու: Այլ դատողությունները թողնում ենք ընթերցողին:

Միայն հիշեցնենք, որ մեր հրապարակումից 18 րոպե անց ԱԱԾ-ն հետախուզում էր հայտարարել Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ : Իսկ հրապարակման նախորդ օրը Գուրգեն Խաչատրյանն էր հայտարարություն տարածել, որում ասվում է, որ այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է`առանց դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքները հաշվի առնելու: Այդ օրերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։ Դեռ հունվարի 14-ից Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում էր հորը՝ Գագիկ Խաչատրյանին, առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելու գործում օժանդակելու մեջ։

Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Գուրգեն Խաչատրյանը նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։

Հաջորդ օրը`ապրիլի 29-ին, հայտնի դարձավ, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու դրվագներով, ինչպես նաև նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Լրացված մեղադրանքի դրվագներով կալանավորվել է նաև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը Առուստամյանին է օժանդակել առանձնապես խոշոր չափով կաշառք տալու հարցում, ապա վերը նշված ենթադրյալ կաշառքի գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված արտերկրում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ըստ ԱԱԾ-ի, նկարագրված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության պայմանագիր: Գուրգեն Խաչատրյանի և Սեդրակ Առուստամյանի պաշտպանները, սակայն, պնդում են, որ իրենց պաշտպանյալների միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որը դեռևս ուժի մեջ է, Առուստամյանի փոխանցած գումարը պետք է, ըստ պայմանագրի, վերադարձվի նրան։

Իսկ ԱԱԾ-ի կողմից Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց առաջ արդեն մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Գուրգեն Խաչատրյանը լքել է Հայաստանը`վրացական սահմանով:

Իսկ հունիսի 5-ին Գագիկ Խաչատրյանի մյուս որդու`«Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930