Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կան ուժեր, որոնց համար կյանքը դարձել է ավելի լուսավոր, ավելի բարգավաճ ու նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն». Փաշինյան

Հունիս 11,2020 19:50

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը եւ հայտարարել, որ ձախողողների քաղաքական պատասխանատվության հարցը կբարձրացնեն համավարակից հետո, միաժամանակ ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի՝ ձեր գլխավորությամբ, ինչպե՞ս կարձագանքեք եւ ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի լուծումը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Համավարակի հաղթահարումից հետո եւ նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համաճարակի եւ համավարակի շրջանում:

Պիտի քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը եւ ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը: Իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու, թե քաղաքական որոշակի շրջանակներ կապ ունե՞ն, թե՞ կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ: Հիմա քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը, զուգահեռ  անցկացնելով այս իրավիճակի մեջ, ասեմ, որ ցանկանացած պատերազմում, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություն ծավալող անձինք եւ ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: Որեւէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործողությունները կլինեն ապացուցելի, արժանանալու են համաժողովրդական գնահատականի: Ինչ վերաբերվում է պարտությանը, ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ն, Շվեդիան, Գերմանիան, բազմաթիվ զարգացած ու գերզարգացած երկրներ: Եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիորւսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունը եւ քաղաքակրթությունն ընդհանրապես»:

Վարչապետն ասաց, որ մեր երկիրն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ունի ամբողջ մարդկությունը. «Կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլեւ կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ ու նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Շատ կարեւոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը ու շատ կարեւոր է ովքեր են, որ վատ են զգում կորոնավիրուսի միջավայրում ու ովքեր են, որ լավ են զգում կորոնավիրուսի միջավայրում»:

Զուգահեռներ տանելով այս իրավիճակը պատերազմի հետ՝ Փաշինյանն ասաց, որ սա նույնն է թե 1992-ի փետրվարին ՀՀ-ում սկսեր շարժում այն մասին, որ ՀՀ-ն եւ Արցախը պարտվել են արցախյան ազատամարտում:

Վարչապետն ասաց, որ երբ կորոնավիրուսն ավարտվի, կվերցնեն թուղթ ու գրիչը ու կտեսնեն՝ ով որքան է հաղթել ու որքան է պարտվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930