Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հերթական դեղին քարտն է, քանի որ զարհուրելի են ձևակերպումները, սա առհասարակ ձեռառնոցի է». Արմեն Աշոտյանը՝ Եվրախորհրդարանի զեկուցողների հայտարարության մասին

Հունիս 11,2020 19:40

«Հայտարարությունը շատ տհաճ ապտակ է ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես եվրոպական ուղղությունով և խորհրդարանական դիվանագիտության տոտալ ֆիասկոյի և սնանկության ախտորոշում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց  ՀՀԿ փոխնախագահ,  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Եվրոխորհրդարանի համազեկուցողների հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ, որտեղ կան մի շարք հակահայկական ձևակերպումներ:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ ԱԺ-ն պատշաճ մակարդակով աշխատանք չի տարել իր եվրոպացի գործընկերների հետ, ինչի պատճառով ակնհայտ ադրբեջանական ձևակերպումներ են ի հայտ եկել այս հայտարարության մեջ: Նրա պնդմամբ՝ այդ հայտարարության տակ ստորագրել են երեք պատգամավորներ,  բայց երեքն էլ ունեն մանդատ տարածաշրջանային քաղաքականության հետ կապված Եվրոպական խորհրդարանի կողմից, և դրանով է վտանգավոր հայտարարությունը: Այնուհետև շարունակեց. «Դրանով է վտանգավոր այն դիտարկումների շրջանակներում, որ տվյալ պարագայում այս տիպի հայտարարությունները ստեղծում են ոչ հայանպաստ, ոչ բարենպաստ քաղաքական մթնոլորտ և միջավայր ու ՀՀ խորհրդարանական դիվանագիտության սնանկության ախտորոշումն են տալիս»:

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց՝ վերջին անգամ ԵՄ-ՀՀ միջխորհրդարանական ձևաչափով նիստ տեղի է ունեցել իր՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահության օրոք՝ 2018-ի նոյեմբերին՝ Ստրասբուրգում: Ու ասաց. «Գրեթե երկու տարի է ԵՄ-ի հետ ԱԺ-ն ինձնից, մեզնից հետո որևէ ինստիտուցիոնալ աշխատանք չէր տարել: Այս տարի ապրիլի սկզբին ծրագրված էր ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի երկրորդ նիստը Երևանում, որը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով, սակայն հայ խորհրդարանականները պարզապես պարտավոր էին ոչ թե խնդիրը գցել կտուրը, այլ ընտրել նիստի այլ ձևաչափ՝ հեռավար, ինչպես ողջ աշխարհը: Ու փոխանակ ՀՀ ԱԺ-ն ջանքեր գործադրեր, որ նիստը անպայման կայանար գոնե հեռավար, պարզապես նիստը չեղարկել են, և հունիսն է՝ արդեն երկուսուկես ամիս անց, այդ ուղղությամբ որևէ աշխատանք չեն տարել»:

Արմեն Աշոտյանը կատարվածը որակում է ՀՀ խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքականությանը հասցված կոշտ ու ցավոտ ապտակ: Այս առիթով ասաց. «Սա ասում եմ ցավով ու զայրույթով, քանի որ իրենք ստացել են լավ ժառանգություն ԵՄ ուղղությունով բոլոր հարթակներում և ձևաչափերում և մյուս կողմից զայրույթս պայմանավորված է նրանով, որ փաստորեն ԵԽ մի շարք պատգամավորներ կամ մեղմ ձևակերպած չեն տիրապետում խնդրին, կամ վստահ եմ, որ կար ադրբեջանական մեծ լոբբիստական հետևանք, ինչի դեմն ի վիճակի չի եղել ՀՀ իշխանությունն առնել՝ իր անգրագիտության, անփորձության, մեծամտության և բազմաթիվ այլ բացասական հատկանիշների պատճառով»:

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այս հայտարարությանը հայկական կողմից պետք է կոշտ արձագանք հետևեր, հայտարարություն ընդունեին, ինչը չեղավ: Նա եզրափակեց. «Սա հերթական դեղին քարտն է, քանի որ զարհուրելի են ձևակերպումները: Դրանք ոչ մի տեսակետով կապ չունեն Մինսկի խմբի համանախագահների բարձրացրած մոտեցումների հետ, 2019-ի կարգավորումների հիմնարար սկզբունքների հետ: Սա ձեռնառնոցի է առհասարակ, և այստեղ կարող ենք և պետք է եվրոպական պատգամավորների մեղավորությունը բացահայտել, իրենց կապերը, աշխատանք տանել այդ ուղղությամբ, բայց չմոռանանք, որ շան գլուխը իրականում թաղված է ՀՀ-ում՝ Երևանում, Բաղրամյան փողոցի վրա, ԱԺ շենքի տակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930