Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի 566 նոր դեպք ենք արձանագրել ու եթե վերլուծենք, թե ինչ է նշանակում այդ թիվը, ապա կտեսնենք, որ 7-14 օր առաջ մենք այդպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները, այսինքն, չենք կարողացել ինչպես հարկն է պահպանել. «Մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման ու այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո: Մենք ունենք հնարավորություն կանգնեցնելու աճը 7-14 օր հետո»:
Վարչապետը տեղեկացրեց, որ վաղը կառավարության արտահերթ նիստ կլինի, որի ժամանակ որոշում կկայացնեն արտակարգ ռեժիմի երկարացման վերաբերյալ. «Հետո ԱԺ հատուկ նիստ կհրավիրեն, որտեղ կքննարկենք մանրամասները մեր արածի եւ չարածի»:
Վարչապետն ասաց, որ դիմակները նորից ճիշտ չեն կրում ու պատմեց. «Այսօր առավոտյան աշխատանքի էի գալիս, մեքենայի պատուհանից տեսա մի կնոջ, ով մայթով քայլելիս ուղղակի բարձրացրեց դիմակը, որովհետեւ ծնոտի մոտ էր ու նկատեցի, որ դիմացից ոստիկան է գալիս եւ դա է պատճառը, որ նա այդպես վարվեց: Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի քաղաքացիներին, որ դիմակ կրում եք ոչ թե ոստիկանների, այլեւ ձեր, ձեր հարազատների համար: Մենք համոզված ենք, որ դիմակի ճիշտ կրումը բերում է համաճարակային վիճակի շրջադարձային փոփոխությունների: Կրկին կոչեմ անում մեր հայրենակիցներին՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև