Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ընդունված փաստաթուղթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության պատմության վատագույն էջն է։ Խորհրդարանական դիվանագիտություն, որպես այդպիսին չունենք։

Հունիս 11,2020 19:25

Հունիսի 10-ին Եվրոպական Խորհրդարանում ընդունված հայտարարության մասին «Առավոտը» զրուցել է քաղաքագետ Գևորգ Ղուկասյանի հետ


-Նախ սկսենք նրանից, թե իրենից ի՞նչ է ներկայացնում երեկ Եվրոպական Խորհրդարանում ընդունված փաստաթուղթը

– Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի, Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեի և Վրաստան-ԵՄ ասոցացման կոմիտեի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական ​​զեկուցող Տրայան Բեսեսկուն, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունն իր բնույթով, շեշտադրումների կոշտությամբ ու հայկական շահերին հասցված վնասով աննախադեպ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում։

Եթե կարճ ամփոփենք հայտարարության տեքստը, ապա կստացվի, որ հայտարարության հեղինակները քննադատում են Կապան-Հադրութ նոր ճանապարհի կառուցումը, Արցախի տարածքի համար կոմպետենտ իշխանություններ են համարում ադրբեջանական իշխանություններին, կարծիք են հայտնում, որ նոր ճանապարհը կամրապնդի Արցախի և շրջակա տարածքների անօրինական օկուպացիան։ Ինչպես նաև հայտարարության համահեղինակները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում ակտիվացնել բանակցությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորմանը հասնելու համար։

Ես մասնագիտության բերումով, մոտ մեկ տարի է, ինչ ուսումնասիրում եմ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական Միության, մասնավորապես Խորհրդարանի կողմից ընդունված տարբեր բնույթի փաստաթղթեր, սկսած 1988թ․ից։ Պատասխանատու հայտարարում եմ, որ այս մեկն իր բնույթով, ձևակերպումներով նախադեպը չունեցող խայտառակ ու միակողմանի փաստաթուղթ է։ Այն Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության պատմության վատագույն էջն է

– Հնարավո՞ր էր արդյոք կանխել այս փաստաթուղթը, հասնել մեր կողմից ընդունելի կամ չեզոք ձևակերպումների։

– Կարծում եմ հնարավոր էր։ Բայց հնարավորությունը վերածվում է իրականության եթե կա լրջություն և կոմպետենտություն։ Ցավոք մեր խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներն այդպես էլ չպատկերացրեցին խորհրդարանական դիվանագիտության էությունը, գործիքակազմերը։ Իշխող քաղաքական ուժի խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուները ոչ միայն այս ոլորտում փորձ ու գիտելիք չունեն, այլ նաև խնդիրը ինքնին իշխող ուժի մեջ է։ Դժվար է Եվրոպական քաղաքական բեմերում հարաբերվել այս կամ այն քաղաքական խմբի հետ, առանց քաղաքական գաղափարախոսության։ Վերադառնալով փաստաթղթին՝ ակնհայտ է, որ այն ադրբեջանական նախաձեռնություն էր և ընդունվել է Ադրբեջանի համար հնարավոր լավագույն ձևակերպումներով։ Ինձ համար նույնիսկ դժվար է հայտարարության այս տեքստում մտովի որևէ բան այնպես փոփոխել, որ Ադրբեջանի համար առավել ընդունելի լիներ։ Ցավոք նրանք հասել են իրենց սահմանած բարձրագույն նշաձողին։

– Ներկա իշխանությունները շատ են խոսում արտաքին քաղաքական այն ժառանգությունից, որը ստացել են, ի՞նչ ժառանգություն էին ստացել եվրոպական ուղղությամբ և մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրով։

– Շատ տեղին հարց եք տալիս, որովհետև ինչպես կտեսնենք՝ մսխվել է հսկայական դիվանագիտական կապիտալ։ Ներկա իշխանությունները եվրոպական ուղղությամբ ժառանգել են «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիր, որի՝ Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող տողերը առհասարակ մեր դիվանագիտության պատմության մեծագույն ձեռքբերումներից էին՝ սկսած ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին կատարված հղումներից մինչև հիմնախնդրի մասով այն հայտարարությունների վավերականությանը, որոնք կատարվել են 2008թ․ ից այս կողմ։ Սրանք շատ կարևոր դրույթներ են, որոնցով մեր դիվանագիտությունը մի քանի հարցեր էր միանգամից լուծում։

Տեղին է հիշել նաև Արևելյան գործընկերության չորրորդ՝ Ռիգայի 2015 թ․ գագաթաժողովի հայտարարությունը, որը Ադրբեջանի արտգործնախարարը հրաժարվում էր ստորագրել և միայն Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ալիևի հետ ունեցած խոսակցությունից հետո վերադարձավ նիստերի դահլիճ ու ստորագրեց համատեղ հայտարարության տեքստը։

Կան նաև ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության, ապա 2018-ից՝ գործընկերության կոմիտեների համատեղ հայտարարություններ, որոնք բավական սթափ սահմանումներ են պարունակում։

Իմ վկայակոչածները փոքրիկ մասն են ընդամենը այն հսկայական աշխատանքի, որը կատարվել է, և որը հիանալի կռվան կարող է լինել կոմպետենտ մարդկանց ձեռքին, որպեսզի նման փաստաթղթերը հենց իրենց բնում խեղդվեն։

– Շատ է խոսվում Հայաստանի հարցով ԵՄ Խորհրդարանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուի ադրբեջանամետ դիրքորոշման համար, հնարավո՞ր է այդ հանգամանքը դեր է խաղացել։

Գիտե՞ք, միշտ էլ հնարավոր է մեղավորներ փնտրել։ Խնդրո առարկա հարցով երկու նկատառում՝ նախ հայտարարությունը ստորագրված է ոչ միայն Բասեսկուի կողմից, երկրորդ մենք ադրբեջանամետ գործիչների միշտ էլ բախվել ենք։ Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող ավելի մեծ ճանապարհ էլ է կառուցվել, բայց նման փաստաթուղթ երբեք չի եղել։

Խնդիրը մեր խորհրդարանի, մեր խորհրդարանական դիվանագիտության, դրա ոչ կոմպետենտության մեջ է։

Գևորգ Ղուկասյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930