Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ուղերձում ասվում է.
«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առիթով: Այս նշանակալի օրը շրջադարձային կետ է երկրի պատմության մեջ: Այն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքացիների բարեկեցության աճին ուղղված խորքային վերափոխումների հետ:
Կարդացեք նաև
Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են և ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։
Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը:
Այսօր կարևոր նշանակություն է ստանում մեր կապերի խորացումը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում, ինչպես նաև մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ընդլայնումը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն և բարօրություն:
Անկեղծորեն համոզված եմ, որ Ռուսաստանը հաջողությամբ կհաղթահարի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով առաջացած դժվարությունները և վստահորեն կշարունակի շարժվել զարգացման և առաջընթացի ուղով»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ