Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում շրջանցել են «Այլընտրանքային նախագծեր» խմբի` Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանք-հարցերը

Հունիս 11,2020 17:13

«Այլընտրանքային նախագծեր» խումբը մի քանի հրապարակային հարցադրումներ էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին`Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման եւ կառավարության իրականացրած կանխարգելիչ միջոցառումների մասին: Վարչապետին ուղղված են շատ կոնկրետ իրավիճակներին վերաբերվող շատ կոնկրետ հարցեր:

Դրանք մասնավորապես հետեւյալն են.

1.Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախապատրաստվել, հետո միայն գնալ թուլացումների։ Դուք չլսեցիք, դուք չարձագանքեցիք, դուք անտեսեցիք։ Դրա գինը հազարավոր նոր հիվանդներն են, մի քանի տասնյակ մեր հայրենակիցների մահերը։ Ինչո՞ւ արեցիք այդպես։

2.Վերջին օրերին վարչապետը, կառավարությունը անընդհատ կոչ են անում՝ կրել դիմակներ, կառավարության անունից շրջիկ մեքենաները փողոցներում անդադար հնչեցնում են նույն հորդորը՝ կրել դիմակներ, ինչն իսկապես կարող է փրկել կյանքեր։ Մայիսի 6-ին հրապարակված կոչի «Դ» կետը սահմանում էր. Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Դուք դա սկսեցիք անել 3 շաբաթ ուշացումով։ Դա պետք էր անել անհապաղ։ Կառավարությունն ընդունո՞ւմ է, որ իր մեծ սխալի պատճառով է այսօրվա ծանրագույն վիճակը։

3.Մայիսի 6-ի հայտարարության «Բ» կետը վերաբերում էր հիվանդանոցային բավարար ռեզերվային մահճակալների ապահովմանը։ Ակնհայտ էր, որ առանց նախապատրաստվելու սահմանափակումների թուլացումը բերելու է հիվանդների կտրուկ աճի և հիվանդանոցային հնարավորությունների կտրուկ անբավարարության։ Դուք այսօր խոսում եք գրեթե սպառված ռեանիմացիոն հնարավորությունների մասին։ Զգո՞ւմ եք, որ սա Ձեր կողմից չարված քայլերի արդյունքն է։

Վարչապետից կամ նրա աշխատակազմից հրապարակային հնչեցված այդ հարցերի անդրադարձ չեղավ: Aravot.am-ը սույն հարցերն ուղղեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից, օրեր անց, ստացանք ծավալուն պատասխան: Հայտնում են, որ «պարետատունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին արդեն իսկ բազմիցս անդրադարձ կատարել են սահմանափակումների թուլացման հանգամանքներին և կանոնների պահպանման կարևորությանն ու վերահսկողության ապահովման քայլերին»։ Այնուհետեւ կառավարությունից մանրամասն նկարագրում են, թե ինչ աշխատանք է կատարել այս ընթացքում պարետատունն ու ՀՀ կառավարությունը, իսկ վարչապետին ուղղված հարց-մեղադրանքները նրբորեն շրջանցվել են:

Կառավարությունից մեր ստացած պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ինչ վերաբերվում է հիվանդանոցային բավարար ռեզերվային մահճակալներին վերաբերող հարցին, ապա տեղեկացնում ենք, ու այս ընթացքում կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկելու համար մոտ 2000 մահճակալ է առանձնացվել, թվով 9 բժշկական հաստատություններ, որոնցից 5-ը Երևանում և 4-ը մարզերում վերապրոֆիլավորվել են և մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը։

Սկսել է գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։

Նոր մահճակալներ են ծավալվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ մոտավորապես 20 ռեանիմացիոն և ևս 20 ինտենսիվ թերապիայի։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում սկսվել են 2-րդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները` մոտ 50 մահճակալով։ Աշխատանքներ են տարվում Էրեբունի բժշկական կենտրոնում մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ ծավալելու ուղղությամբ։ Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ 1,5 ամիս հետո։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների ցանկը՝

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

«Սուրբ Աստվածամայր» ՓԲԸ ծննդատուն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ

«Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալ»

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ

«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Կապանի բժշկական կենտրոն»։

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։

 

Այս ամենին միայն հավելենք, որ մինչ կառավարությունում մշակվում էին հնչեցված ուղիղ հարցերի պատասխանները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծված իրավիճակը «դժոխային» որակեց, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայցեց հանրության ներողամտությունը`այս ընթացքում իր կատարած սխալների համար, որոնց համար այդ հանրությանը վճարել է առողջությամբ, որոշ դեպքերում նաեւ կյանքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930