Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում համախմբվել մեզ պարտության տանող իշխանության շուրջ, ընդ որում՝ ոչ միայն այս հարցում պարտության տանող. Վազգեն Մանուկյան

Հունիս 11,2020 17:05

«Անկախ»-ի խնդրանքով «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնում է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործելաոճին ու վարքագծին, կառավարության հրաժարականի պահանջներին և այլ հարցերի։

-Իշխանությունն ասում է, որ պատերազմական իրավիճակում պետք է բոլորը համախմբվեն իր շուրջ և չքննադատեն։ Ավելին, դա համարում են դավաճանություն։

-Նախևառաջ ի՞նչ է նշանակում համախմբվել մեզ պարտության տանող իշխանության շուրջ, ընդ որում՝ ոչ միայն այս հարցում պարտության տանող։

Եթե խոսքն այն մասին է, որ վարակի տարածումը կանխելու համար միասնաբար բոլորս պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները, դա այլ հարց է, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Իհարկե, կան մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում այս վարակին, դրսում էլ շատ հոդվածներ են տպագրվում, թե սա շինծու է և այլն։ Միգուցե իսկապես այս ամենի մեջ կան որոշ կասկածելի էլեմենտներ, բայց կորոնավիրուսն իսկապե՛ս լուրջ խնդիր է, պետք է շատ լրջորեն մոտենալ դրան և պետք է այս «պատերազմում» հաղթել, որովհետև դրանից կախված է մեր ժողովրդի և պետության ապագան։

Ինչ վերաբերում է ծանր վիճակներում ժողովրդի միասնությանն ու համախմբմանը, ապա դրա ապահովման պատասխանատուն նույնպես իշխանությունն է։ Միշտ էլ կլինի ընդդիմություն, որը կքննադատի, դա ընդդիմության գործն է և դա նաև օգտակար է։ Իսկ իշխանության գործը ժողովրդի միասնությունն ապահովելն է։ Տեսնո՞ւմ ենք մենք նման բան Հայաստանում, բացարձակապես ոչ։ Ե՛վ մինչև համավարակը, և՛ համավարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անընդհատ, երբեմն նենգ մեթոդներով, երբեմն ստի միջոցով, բացառիկ անհանդուրժողականությամբ ու վրեժխնդրության մոլուցքով ջարդում ու քայքայում է մեր ժողովրդի միասնությունը։

Բայց բոլոր դեպքերում այս ծանր իրավիճակում ժողովուրդը պետք է կարողանա համախմբվել։ Համախմբվել ոչ թե որևէ անձի կամ քաղաքական ուժի շուրջ, այլ նախևառաջ՝ գաղափարների։ Երեք սյուն կա, որոնց հիմքի վրա պետք է համախմբվենք. առաջինը՝ ազգային ու անվտանգության հարցերն են, երկրորդը՝ ազատության, ժողովրդավարության ու իրավական պետության հարցերը և երրորդը՝ տնտեսության զարգացման ու հատկապես ստեղծված իրավիճակում ժողովրդի սոցիալական խնդիրները կարգավորելու հարցերը։

Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ դիմել նաև մեր երիտասարդությանը։ Սիրելի՛ երիտասարդներ, ազատության համար պայքարը մենք սկսել ենք դեռևս Խորհրդային միությունում։ Մեզանից շատերը բանտերով ու ռազմաճակատներով են անցել, որպեսզի ձեզ թողնենք ազատ երկիր։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ երբ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները գտնվում են մեկ մարդու ձեռքում, ընդունվում են օրենքներ, որոնք գործադիրին տալիս են հասարակությանն ամբողջովին վերահսկելու լծակներ, սա արդեն ցույց է տալիս, որ դուք զրկվում եք այդ ազատությունից։ Եվ դո՛ւք եք, որ առաջինը պիտի գլուխ բարձրացնեք և պայքարեք այդ ազատության համար։

-Վերջերս ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ գործող կառավարության հրաժարականի և հակաճգնաժամային, անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը և ինչպե՞ս եք տեսնում դրա իրականացումը։

-Կա այս կորոնավիրուսի հարցը, բայց կան նաև այլ հարցեր։ Կորոնավիրուսի հետևանքով աշխարհը փոխվում է։ Եթե մինչ այդ էլ հասկացվում էր, որ աշխարհը փոփոխվում է, բայց լավ չէր գծագրվում, թե դեպի ուր է գնում, հիմա կարելի է հստակ ձևակերպել: Եվ խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորություններն էապես ավելի բարդանում են։ Բոլոր դեպքերում այս իշխանությունն այդ խնդիրները լուծողը չի, մեզ նոր իշխանություն է պետք։ Նոր իշխանությունը կձևավորվի Ազգային ժողովի հերթակա՞ն ընտրություններով, թե՞ արտահերթ՝ դա արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ այս իրավիճակի համար իսկապես նպատակահարմար է ստեղծել անցումային կամ հակաճգնաժամային մի կառավարություն, բայց նախևառաջ պետք է սկզբունքները դնել, թե այդ ժամանակավոր կառավարությունն ի՞նչ խնդիրներ պետք է լուծի, ի՞նչ մեխանիզմներով պետք է ձևավորվի, ինչ քաղաքական ուժերով և ի՞նչ որակի մարդկանցով, որովհետև ամեն մի փոփոխություն չէ, որ կարող է օգտակար լինել։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, և նրան ուղղակի փոխարինի իր իշխանությունից որևէ մեկը, ոչ միայն խնդիրները չեն լուծվի, այլ մի բան էլ կարող են խորանալ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930