Այսօր կառավարության նիստում ընդունվեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու, դրա առավելագույն քանակը սահմանելու, ինչպես նաեւ բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացնող Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանն ասաց՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում, բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտումներ, որոնցից են՝ հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրանսպորտային միջոցից աղբ նետելը եւ այլն:
Նախագծով, ինչպես ասաց Ղազարյանը, քաղաքացիներին հնարավորություն է տրվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները նաեւ բջջային հավելվածի միջոցով արձանագրել: Այս բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց, եւ հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթ է իրականացվելու, եթե հնարավորություն կլինի ներկայացնել իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին պատկանող եւ որպես իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, իսկ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով ՝ էլեկտրոնային հարթակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս նախագիծը շուտ է մշակվել եւ մի բան բաց է թողնվել՝ մեքենայում մեկ անձից ավելի գտնվելու պարագայում դիմակ չկրելը, ուստի պետք է դա էլ ավելացնել:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ ՄԻՊ-ն ու Արդարադատության նախարարությունն անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր են բարձրացրել. «Մասնավորապես՝ ավտոմեքենայի ներսում տեղի ունեցող պրոցեսը, ամրագոտու կապումը: Նույն դիմակի կրումը… այստեղ անձնական տվյալների հետ կապված որոշակի խնդիրներ կան»:
Փաշինյանը զարմացավ՝ այդտեղ ի՞նչ խնդիր կա. մարդը տեսավ, նկարեց, արձանագրվեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար. «Մենք հիմա այն վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել այդ ցանկում: Բա մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ հակահամաճարակային շարժում ենք սկսում, ու չե՞նք ուզում համապատասխան գործիք տա՞լ: Որտե՞ղ է խնդիրը»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան վարչապետի հարցադրմանն, ասաց՝ եթե անձին տեսալուսանկարահանում են կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում, ապա իր վերաբերյալ տեղեկություններ են հավաքում եւ դա, միանշանակ, անձնական տվյալների մշակում է. «Ու հենց անհամաչափությունը հաշվի առնելով՝ այնպիսի իրավախախտումներն են մշակվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում է ենթադրում: Անձին մեքենայի մեջ կոնկրետ օր ու ժամին նկարահանելը խնդրահարույց է»:
Փաշինյանն արձագանքեց. «Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի, ինչքան էլ նկարեն, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն: Դա եւս մեկ խթան է, որ պահպանեն կանոնները: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում ու չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է՝ կրել հնարավորինս դեմքը լավ ու ամուր փակող դիմակներ: Ապակիները մգացնելու կարիք էլ չկա, մանավանդ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»:
Բադասյանը նկատեց՝ տվյալ անձին նույնականացնելու մասով էլ է խնդիր լինելու:
Փաշինյանը պնդեց՝ մեքենայի մեջ առանց դիմակի անձը մյուսի համար պոտենցիալ սպառնալիք է՝ վարակի տարածման առումով. «Նկարեց, փաստը ֆիքսեց, էդ ո՞վ է ասում, որ ընթացքի ժամանակ նկարեց՝ էդ մարդու դեմքը երեւալու է, թե ով է մեքենայի մեջ նստած, բայց կերեւա դիմակով է, թե՝ ոչ: Պետհամարանիշը նկարեց…»:
Բադասյանը հստակեցրեց՝ պատասխանատվություն է կրում այն անձը, որը չի պահպանում կանոնները՝ դիմակ չի կրում: «Ուրեմն պետք է փոխել, պետք է պատասխանատվությունը դնել վարորդի վրա ու դրանով հարցը լուծվում է: Մեզ չի հետաքրքրում, թե ով է, հետաքրքրում է՝ դիմակ կրո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Փաշինյանը:
Նախագծով ամրագոտի չկապելու դեպքը ներառված չէ բջջային հավելվածով արձանագրած իրավախախտումների ցանկում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առաջարկեց դա էլ ներառել, բայց չընդունվեց:
Ապա Փաշինյանն արձագանքեց. «Կներեք էլի, որ փողոցում տեսախցիկները կախած են, մարդը տակով անցնում է, այդտեղ անձնական տվյալների խնդիր չկա՞»:
Բադասյանը պատասխանեց՝ այդտեղ անորոշ թվով մարդիկ են եւ կոնկրետ անձը չի նույնականացվում, լինում են օրենքով սահմանված դեպքեր, երբ քրգործի շրջանակներում տեսախցիկներն առգրավվում են, եւ այդ դեպքում անձի տվյալների մշակումը իրավաչափ նպատակ է հետապնդում: Քանի որ վարչապետն, այսպես ասած՝ իր ասածի տերն էր ու պնդում էր, Բադասյանը կարելի է ասել՝ հանձնվեց. «Այս դեպքում կարող ենք, միանշանակ, իրավաչափ նպատակ է: Իրավախախտումը կանխարգելելու, բացահայտելու մասով իրավաչափ նպատակն ունենք, ունենք նաեւ անձնական տվյալների մշակման խնդիր, այսինքն, այստեղ հարաբերակցությունը պետք է նայել՝ որքանո՞վ է իրավաչափ նպատակի համար համաչափ կիրառվող միջոցը»:
Բադասյանն ասաց, որ կուսումնասիրեն խնդիրը՝ վարչապետի առաջարկի հիման վրա՝ դիմակ չկրելու դեպքում էլ իրավախախտումը ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ