Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում ցեղասպանություն հրահրողները կպատժվեն քրեական օրենսգրքով. Վարդանյանը պարզաբանում է օրինագիծը

Հունիս 11,2020 16:22

«Իմ քայլի» մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագծով սահմանվում է քրեական պատասխանատվություն՝ ուղղակի կամ հրապարակային ձեւով ցեղասպանություն հրահրելու համար: Ինչպես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ասաց օրինագծի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ գործող քրեական օրենսգրքում նշյալ հանցակազմը բացակայում է, մինչդեռ ՀՀ-ն ցեղասպանության կանխարգելման միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններ ունի: Այս օրինագծով առաջարկում են ուղղակի կամ հրապարակային ձեւով ցեղասպանությունը հրահրելը քրեականացնել:

«ՀՀ-ի համար ցեղասպանության կանխարգելումն ամբողջ աշխարհում կարեւոր նշանակություն ունի: Այս օրինագիծը նաեւ հանձնառություն է՝ մարդկության դեմ ուղղած նման հանցագործության կանխարգելման հարցում»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը: Նրա բնորոշմամբ, օրինակ, Ռուանդայում կամ հյուսիսային Իրաքում ցեղասպանություն իրականացրած անձինք ՀՀ-ն չեն կարող դիտարկել իրենց համար որպես ապաստան. «Սա ուղերձ է նաեւ մեր հակառակորդին, որը հակահայ եւ ցեղասպանական գործողություններ է իրականացնում»:

Պատգամավորը շեշտեց՝ սոցցանցում մանիպուլյացիաների միջոցով փորձել են ներկայացնել, թե իբրեւ այս օրինագծով ՀՀ-ում մարդիկ պատժվելու են ցեղասպանություն հրահրելու համար. «Հարցեր հնչեցին, թե ինչ նկատի ունենք եւ ում ենք ուզում այս օրինագծի ներքո ներառել: Հստակ ասեմ, որ խոսքը չի վերաբերում ՀՀ տարածքում կատարված ցեղասպանության ուղղակի կամ հրահրման դեպքերին: Այս օրինագծի ընդգրկումը քրեական օրենսգրքում ենթադրելու է, որ ՀՀ տարածքում պատժվելու ենթակա կլինի ցանկացած անձ, ով այլ երկրում կատարել է այդ հանցագործությունը: Խոսքը մեր հարեւան երկրների եւ այլ պետության մասին է, որոնցում կատարվել է նման հանցագործություն: Եթե այդ երկրներում անձը պատասխանատվության չի ենթարկվել, ապա ՀՀ-ում հնարավոր կլինի պատասխանատվության կանչել նրան»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930