Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը՝ Արսեն Թորոսյանի ներողության մասին. «Մինչեւ մենք առնվազն պանդեմիայի երեւույթը չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տալիս գնահատականներ տալ»

Հունիս 11,2020 15:42

Լրագրողներն այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեցին՝ դուք նշում եք, որ առողջապահության նախարարությունն ամեն ինչ արել է՝ համավարակի դեմ արդյունավետ պայքարի համար, բայց նախարար Արսեն Թորոսյանը երեկ ներողություն խնդրեց ու ասաց, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել է, հանձնաժողով չի՞ ստեղծվի, որ հասկանանք, թե որ հարցերում է թերացել կառավարությունը՝ Իտալիայի օրինակով, որտեղ վարչապետին հարցաքննում են այս օրերին, որ հասկանան, թե ինչու վարակի օջախ հանդիսացող շրջանները չեն փակվել:

Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Նման գնահատական տալու համար պետք է ժամանակ անցնի: Շատ զարգացած երկրներ խոսում են նրա մասին, որ միջոցառումների եւ կարանտինի արդյունքների մասով գնահատականներ պետք է տալ ժամանակ անց: Դուք գիտե՞ք, որ կա փորձագիտական թեստ, որ օրինակ կոշտ կարանտինը ինչ-որ ժամանակահատվածում տալիս է դրական արդյունքներ, բայց ռեժիմների փոփոխությունը շատ ավելի ծանր է լինում: Մինչեւ մենք առնվազն պանդեմիայի երեւույթը չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տալիս գնահատականներ տալ, որովհետեւ այդ գնահատականները լիարժեք չեն լինի նույնիսկ ինքնագնահատականի համար: Հանձնաժողովը գործընթացի իրականացման ձեւ է, ես խոսում եմ տրամաբանության մասին: Իհարկե, պետք է հասկանալ գոնե ապագայի համար ու գոնե սերունդների համար, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել, բայց ոչ թե պետք է դրա մասին խոսել, երբ պանդեմիան, ցավոք սրտի, դեռ կա, այլ՝ երբ պանդեմիան վերացված է: Երբ դա վերանա, իսկ ես վստահ եմ, որ դա կվերանա, նոր ճիշտ կլինի խոսել պատճառների եւ քայլերի մասին՝ դրակա՞ն են ազդել, թե՞ բացասական»:

Դիտարկմանը՝ նախարարը երբ ներողություն է խնդրում, դա գնահատական չէ՞ իր իսկ աշխատանքին՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Երբ որ մենք միասին արձանագրենք, որ պանդեմիան այլեւս դադարել է, շատ ավելի բովանդակալից կխոսենք դրա պատճառների եւ դրա դեմ արդյունավետ պայքարի մասին»:

Երբ հարցրեցինք՝ համավարակի ավարտից հետո, երբ գնահատական տաք, մահեր են այս ընթացքում գրանցվում, ուշացած չի՞ լինի ձեր գնահատականը՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Դուք ասում եք՝ փորձագիտական գնահատական տանք, ես ասում եմ՝ ամեն ինչ անում ենք և, իհարկե, մեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեցվի կամ զրոյացվի պանդեմիայի ցանկացած ազդեցություն, դա բնական է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930