Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն պաշտոնյայի, այլեւ ցանկացած անձի կողմից փաստաբանի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի կլինի

Հունիս 11,2020 15:32

«Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագծով, որը հեղինակել են «Իմ քայլի» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Ալեն Սիմոնյանը, քրեական պատասխանատվություն է սահմանվում փաստաբանի/նոտարի գործունեության խոչընդոտման համար:

Ինչպես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր նշեց Նիկոլայ Բաղդասարյանը, գործող կարգավորումը սահմանում է պաշտոնատար անձի կողմից փաստաբանի եւ նոտարի լիազորության իրականացմանը խոչընդոտելը, սակայն հաշվի առնելով այս արարքի վտանգավորությունը եւ արդարադատության ապահովման շահը՝ փոփոխություն են կատարել, որը ենթադրում է. «Օրենքի կարգավորման սուբյեկտ կհանդիսանա ոչ միայն պաշտոնատար անձը, այլեւ ցանկացած անձ, որը կխոչընդոտի փաստաբանի-նոտարի գործունեությանը: Արարքը պատժվում է տուգանքով եւ առավելագույնը երեք տարի ազատազրկմամբ»:

Բաղդասարյանի խոսքով՝ շատ են լինում դեպքեր, երբ, օրինակ, փաստաբանը պետք է մասնակցի դեպքի վայրի զննությանը, սակայն քաղաքացիները թույլ չեն տալիս. «Սրանից տուժում է արդարադատությունը: Կամ, երբ տրանսպորտային միջոցի զննությանն ես մասնակցում, տուժող կողմը խոչընդոտում է փաստաբանի մասնակցությանը, որի հետեւանքով տուժում են մեղադրյալների շահերը: Նման դեպքերը քրեականացնելը կանխարգելիչ նշանակություն կունենա»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930