Հունիսի 9-ին Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց է եղել այն պատճառով, որ Իսրայելում դեսպանատուն է բացվում:
Այսօր ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այդ հարցի առնչությամբ ասաց. «Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները, պաշտոնական մեր երկխոսությունը շատ ակտիվ է, շատ ներառական: Մենք ունենք շատ հստակ ծրագրեր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման բոլոր մակարդակներով: Այս շրջանում մշտական երկխոսություն է շարունակվում, վարչապետի եւ Իրանի նախագահի միջեւ, եղել է կոնկրետ զրույց՝ մեր ծրագրերն առաջ տանելու, արտգործնախարարների մակարդակով պահպանվել է երկխոսությունը շատ հստակ: Մեր դիվանագիտական ներկայացուցչությունը, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը Երեւանում աշխատում են շատ ակտիվ: Մեր օրակարգը ձեւավորված է, ունի բավական մեծ ծավալ, որը շարունակելու ենք: Ինչ վերաբերում է մնացածին, Հայաստանն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի եւ Հայաստանը երբեւէ չի իրականացրել ու որեւէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ՝ ի հաշիվ մեկ այլ գործընկերոջ: Առավել քան մեծ թվով մենք ունենք օրինակներ ի ցույց դնելու, թե ինչպես է Հայաստանը համադրում իր քաղաքականությունը տարբեր կարեւոր գործընկերների հետ՝ միեւնույն ժամանակ հետամուտ լինելով իր շահերին եւ չվնասելով այն տարբեր զարգացումները, որոնք ազդում են մեր ազգային անվտանգության վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ