Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների անընդհատությունը և հաջող ավարտն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ):
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ վարկի երկարաձգման համար բանակցությունները սկսվել են 2018-ի դեկտեմբերից: «Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել»,-ասել է նախարարը:
Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022թթ. ընթացքում պետբյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից՝ 2020թ. 18,7 մլրդ ՀՀ դրամ, 2021թ. 31,5 մլրդ ՀՀ դրամ և 2022թ. 13 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որ առնվազն չգերազանցեն ռուսական վարկի օգտագործման դեպքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը: Միաժամանակ, տրամադրվող վարկային միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով: Արդյունքում ակնկալվում է ապահովել ազատ մրցակցային դաշտ, հայկական կազմակերպությունների ներգրավում, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է , որ մինչև այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար: «Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որոնք, արերկբա, շատ ավելի լավ պայմաններով են ներգրավվելու և ավելի են մեծացնելու կառավարության լծակներն այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: Նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք գնումներ իրականացնել: Իսկ այս պարագայում կարողանում ենք գնումների գործընթացը դնել ամբողջությամբ շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր: Հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել։ «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, և սա ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության ապահովման խնդիր է: Այդ խնդիրը հստակ ձևակերպած է նախարարի առաջ, որը պետք է կատարվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայից, որն արձանագրվել է նաև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ: Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համաձայն, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը։
«Մենք առաջարկում են, որ սահմանվեն այն համապատասխան հիմքերը, որոնց հաշվառմամբ, անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել, և դա կադաստրի կողմից հարգելի գրանցվի և պետական գրանցումն իրականացվի։ Հաջորդ կետը, որով որոշակի փոփոխություն է նախատեսվում, դա նոտարի գործառույթներին է վերաբերում: Այսինքն՝ հիմա նոտարական վավերացմամբ գործարքը նոտարը կարող է համապատասխան միջոցով ուղարկել կադաստր: Սա սահմանվում է որպես նոտարի գործողություններից բխող պարտականություն։ Այսինքն, անձը՝ նոտարի մոտ գործարքը վավերացնելիս կարող է օգտվել «մեկ պատուհանից» և չգնալ կադաստր առանձին գրանցում կատարելու։ Բայց այդ հնարավորությունը նույնպես մնացել է. եթե անձը չի ցանկանում, կարող է առանձին գնալ կադաստր և գրանցում կատարել»,- նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այդ հավելյալ գործողության համար պետական տուրք չի գանձվի, 3000 դրամ կգանձվի սպասարկման համար։
Հավանության են արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծերը միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելուն: «Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարևոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, տարածքը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել: Նման դեպքերն այս նախագծով կբացառվեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: «Սա արվում է այն նպատակով, որ ցանկացած գործարար, որը իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի ՀՀ-ում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են 50-ական թվականներին»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:
Նախագծով նախատեսվում է նաև իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետ կսահմանվի 15 տարին: Կհստակեցվեն նաև ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները:
Բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները
Կառավարությունը սահմանել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Հիմնավորման համաձայն՝ ներկայում տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային: Խնդիրն առավել մտահոգիչ է հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների պահպանման նկատմամբ: Որոշմամբ, մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշել է, որ որոշման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է: Բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար: «Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթն իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին»,-ասել է ոստիկանապետը: Վահե Ղազարյանը հայտնել է, որ բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն: Արդյունքում կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ուսումնասիրել ցանկում նաև ավտոմեքենայում 1-ից ավելի մարդ լինելու պարագայում դիմակ չկրելու դեպքը ներառելու հարցը:
Կօտարվի Մոսկովյան փողոցում գտնվող ՀՀ ոստիկանությանն ամրացված վարչական շենքն ու հողամասը
Գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Գույքի օտարման նպատակահարմարությունը քննարկվել է տնօրինող մարմին հանդիսացող ՀՀ ոստիկանության հետ և վերջինիս կողմից Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացվել գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ։ Իրականացվել է անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում և առաջարկվել է օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 294 090 800 ՀՀ դրամ։ Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Գույքը ծրագրով է օտարվում, ինչը նշանակում է, որ ոչ միայն այն ձեռք բերելու ցանկություն պետք է լինի. բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս է համարվում: Պոտենցիալ ներդրողների ուշադրությունն ենք հրավիրում այս նախագծի վրա, և կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»:
Հաստատվել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում: 2020-2023 թթ. ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան: Այն կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուտի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և նշել. «Ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք երկրում քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Երկրորդը՝ կլուծենք սննդի անվտանգության և ինչ-որ առումով հետագծելիության հետ կապված խնդիրը: Այսինքն՝ կիմանանք այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց, ինչպես առաքվեց և այլն: Իհարկե, այս համատեքստում նաև պատվաստումների և մյուս հարցերի հետ կապված ամբողջությամբ վերահսկելի իրավիճակ կստեղծենք, ինչը շատ կարևոր է»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ