ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ նախարարությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ինչպիսի՞ն է, վարակված անձինք կա՞ն ԱԳՆ-ում, դիվանագիտական կորպուսում: Նախարարը մինչ կպատասխաներ, նախ «թու-թու-թու» արեց ԱԺ-ի փայտե պատին, հետո արդեն ասաց. «Ընդհանուր առմամբ վաղ շրջանում մենք գնահատեցիք, թե ինչպես արագ պետք է վերակառուցել մեր ներկայությունը նախարարությունում, որպեսզի նվազեցվի մարդկանց քանակը, ինչպես ապահովել առցանց աշխատանքը: Առաջին շրջանում շատ մեծ ռեսուրս էր ներդրվում՝համավարակից բխող խնդիրներին առնչվելու համար: Այդ շրջանում ամենամեծ խնդիրը քաղաքացիների վերադարձի, տարհանման հարցերն էին: Հիմա ինչ-որ չափով ավելի ու ավելի է վերականգվում, ինչ-որ նշաններ կան բնականոն աշխատանքի»:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ այս պահին կարողացել են ապահովել բնականոն աշխատանքը, երկու հոգի նախարարության աշխատակիցներից դրական արդյունք ունեն, մի քանի հոգի կոնտակտավոր են:
Խոսելով այլ երկրներից Հայաստանին համավարակի հաղթահարման հարցում օգնելու մասին՝ նախարարն ասաց. «Մենք այս ժամանակահատվածում հստակորեն մեր ռեսուրսի վրա են հենվել, անհրաժեշտ կարողությունները եղել են: Մենք աշխատում ենք շատ սերտ պարետատան շրջանակներում եւ պարետի հետ, առողջապահության նախարարի հետ, այդ ամենը գնահատվում է՝ ըստ անհրաժեշտության: Կարող են լինել տարբեր անհրաժեշտություններ: Այս շրջանում մենք ներկայացրել ենք, թե որքան պատրաստակամություն է հայտնվել աջակցության համար ու դա աջակցության, համերաշխության կարեւոր արտահայտություններից մեկն է: Երբ որ տարհանման հարցեր էինք լուծում, մենք միմյանց օգնում էին: Կոնկրետ կան տվյալներ ոչ միայն երկրներից, այլեւ միջազգային կազմակերպություններից: Կան երկրներ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը Արեւելյան գործընկերության երկրների, ԵՄ անդամ երկրների համար, ՄԱԿ-ի շրջանակներում կան տարբեր հարթակներ»:
Նախարարն ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, կօգտվեն միջազգային համագործակցությունից՝ մեր ներուժը համալրելու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ