Կառավարությունն օտարում է ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան, Կենտրոն, Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը, եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասը: Այն օտարվելու է մրցույթով: Որոշման նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում:
Նախագծով սահմանվում է՝ ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով Գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ սահմանել 1 294 090 800 դրամ, մրցույթով օտարման ենթակա Գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 294 090 800 դրամ, գնորդը պարտավոր է նաեւ վճարել Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 40 600 200 դրամը:
Ըստ նախագծի, մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող Գույքի համար առաջարկվող գինը եւ գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ):, գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների՝ նշելով ամեն տարվա ներդրման չափը եւ չի կարող գերազանցել երեք տարին:
Նախագծով նաեւ առաջարկվում է սահմանել, որ ըստ «Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանական գոտիների նախագծի» սույն որոշման 1-ին կետում նշված Գույքը դասվում է պատմական միջավայր ձեւավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետեւաբար դրանց հետ կապված որեւէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով, հաշվի առնելով Գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կառավարությունը սպասում է հնարավոր ներդրողներին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ նիստում ասաց, որ գույքի անձնագրում նշված է լինելու, թե օտարումից հետո ինչ է թույլատրելի անել շինարարության ընթացքում ինչը՝ ոչ, որպեսզի ներդրողները տեղեկացված լինեն՝ ինչ կարող են անել,՝ ինչ չեն կարող անել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հարցրեց՝ կհասցնե՞ն մրցույթի ընթացքում հարկայնության եւ այլնի մասին չափանիշներ տալ, որպեսզի հետո ներդրողը չընկնի քաղաքապետարան եւ այլ կառույցներ ինչ-որ բաներ ճշտելու: Աղաջանյանն ասաց՝ գույքի անձնագրում հարկայնության եւ այլնի մասին ամբողջական տեղեկատվություն է լինելու:
«Բայց այս գույքի դեպքում քանդման հարց չկա, այս գույքի արտաքին միջամտության հնարավորություն չի թույլատրվում»,-ասաց Աղաջանյանը:
Վարչապետ Փաշինյանը հավելեց՝ շենքը հուշարձան է:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ արձագանքեց՝ նախագիծը թող շրջանառվի, որպեսզի տեսնեն՝ գույքը հուշարձանների ցանկում ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ. «Այս պահին չեմ հիշում՝ ընդգրկվա՞ծ է»:
Փոխվարչապետ Ավինյանը հստակեցրեց՝ աշխատանքային խմբում ԿԳՄՍ նախարարությունից ներկայացուցիչ կա, ինչը ենթադրում է նախարարության կարծիքը պետք է հաշվի առնված լինի:
Նախագծի առաջարկություններ բաժնում ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է՝ Մոսկովյան 1 հասցեում գտնվող շենքը ընդգրկված չէ 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ուստի սահմանել, որ տվյալ գույքը դասվում է պատմական միջավայր ձեւավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետեւաբար դրանց հետ կապված որեւէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով, հաշվի առնելով գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ