«Բժիշկ, բժշկեա զանձն քո». թվիթերյան իր էջում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսպիսի գրառում էր արել՝ ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի: Չավուշօղլուն ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խորհուրդ էր տվել, թե «Մինսկի խումբն այսուհետ պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար ու այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ու Զոհրաբ Մնացականյանն էլ Աստվածաշնչից մեջբերել էր Ղուկասի 4.23-ը:
Այսօր Aravot.am-ը նախարարին հումորով հարցրեց՝ չե՞ք պատրաստվում դուք այնպիսի հայտարարություն անել, որ Չավուշօղլուն ինքը ստիպված լինի ձեզ պատասխանելու համար ողջ Ղուրանով փնտրել՝ համապատասխան մեջբերումների համար՝ նախարարը պատասխանեց. «Նպատակը բխում է կոնկրետ հարցից, կոնկրետ խնդրից: Հարցը վերաբերում է տարածաշրջանային քաղաքականությանը եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններին: Դժբախտաբար, մենք ունենք իրավիճակ, որի արդյունքում մենք առնչվում ենք անվտանգային լուրջ մարտահրավերներին: Եվ սա է առաջին իմ գերակա ֆոկուսը: Թե ինչ գործիքներով, ոնց, ինչպես ասել, ինչպես ձեւակերպել, ինչպես քաղաքականություն իրականացնել՝ կախված է արդեն կոնկրետ իրավիճակներից, բայց ամենահիմնական խնդիրը ներկայիս ընդհանուր միջավայրն է, որտեղ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավեր, որը ծագում է այդ հարաբերությունների բացակայությունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ