Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ օրենքի «հավաք» չեն համարվում. Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ոստիկանությանը զերծ մնալ միանձնյա պիկետներին միջամտելուց

Հունիս 11,2020 14:07

2020 թ.մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ N 298-Ն որոշմամբ հանրապետության ողջ տարածքում արգելվեց հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Միաժամանակ, հանրային միջոցառումների անցկացումը (ներառյալ՝ ժամանցային միջոցառումներ, տոնական և հիշատակի միջոցառումներ) մինչև 5 անձի մասնակցությամբ թույլատրվում են։

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր, այդուհանդերձ, հանրապետության տարբեր վայրերում տեղի են ունեցել հավաքներ և այլ ակցիաներ, որոնց նկատմամբ ոստիկանության կատարած վարչարարությունը կրել է անհավասար և անհամաչափ բնույթ։ Մի շարք դեպքերում ոստիկանությունը դադարեցրել է  մինչև 5 մասնակից ունեցող հավաքները (օրինակ՝ ապրիլի 27-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև, հունիսի 4-ին Էրեբունի բիզնես պլազայի առջև անցկացվող հավաքները), այլ դեպքերում բազմամարդ հավաքների նկատմամբ չի դրսևորել էական միջամտություն (օրինակ՝ մայիսի 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև, մայիսի 24-ին ք. Կապանում տեղի ունեցած հավաքները): Դիտարկվել են նաև միանձնյա պիկետներ իրականացնող քաղաքացիների իրավունքների նկատմամբ միջամտության դեպքեր (օրինակ՝ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության առջև ակտիվիստ Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու դեպքը), թեև ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի՝ հավաքի համար անհրաժեշտ է երկու կամ ավելի անձանց առկայություն։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգները, մարդու իրավունքների որոշակի սահմանափակումների պահպանումը անհրաժեշտ է, սակայն ցանկացած դեպքում սահմանափակումները պետք է հիմնվեն օրինականության և համաչափության սկզբունքների խիստ պահպանման վրա։ Այս առումով հիմնավորված չէ հավաքների ազատության իրավունքի և հանրային միջոցառումների նկատմամբ գործող սահմանափակումների նմանատիպ տարբերությունը, ինչպես նաև ոստիկանության կողմից տարբերակված մոտեցումը տեղի ունեցող հավաքների նկատմամբ։ Հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ սահմանելով որոշակի պահանջներ և վարքագծի կանոններ (օրինակ՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, առավելագույն մասնակիցների քանակ և հավաքի առավելագույն տևողություն) հնարավոր է ապահովել այդ սահմանադրական իրավունքի իրացումը՝ զուգահեռաբար չեզոքացնելով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը։

Վերոգրյալից ելնելով` Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ կառավարությանը և Ազգային Ժողովին՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության իրավունքի նկատմամբ կիրառել առավելագույնը այն սահմանափակումները (օրինակ՝ մասնակիցների առավելագույն թիվը), որոնք կիրառվում են հանրային միջոցառումների նկատմամբ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ, եթե առկա չեն տարբերակման հիմքեր, ինչպես նաև զերծ մնալ միանձնյա ակցիաների նկատմամբ միջամտություններից։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930