Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Լավրովին՝ ռուսական ընկերությունների քրգործերի մասին. «Իրենք միակը չեն, ՀՀ-ում գործող տարբեր օպերատորներ կան…»

Հունիս 11,2020 13:50

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց ՝ հետախուզվող նախկին պաշտոնյաների հետ կապված, որոնք այսօր ՌԴ-ի տանիքի տակ են հայտնվել, աշխատանք տարվո՞ւմ է ԱԳՆ-ի մակարդակով՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ այդ հարցերը դատաիրավական բնույթի են ու համապատասխան հարթակներում են ներկայացվում, եթե մենք դրան առնչվում ենք՝ որպես քաղաքական հարց՝ դա ուրիշ հարց է, բայց դա դատաիրավական բնույթի է ու իրականացվում են աշխատանքները այդ հարթակներին համապատասխան:

Հարցին՝ դա չի՞ ազդում երկու երկրների հարաբերությունների վրա՝ նախարարը պատասխանեց. «Կոնկրետ դա չի ազդում»: Հետո նախարարը հավելեց. «Հայ-ռուսական հարաբերությունները այնքան մեծածավալ են, կոնկրետ դա չի ազդում մեր հարաբերությունների վրա: Այնքան հարցեր կան: Միշտ հարց է առաջանում՝ արդյոք մենք ունենք խնդիրներ: Ինքը հարցադրումը հնարավորություն չի տալիս ճիշտ ձեւակերպելու: Եթե մենք ձեւացնենք, ասենք՝ ոչ, մենք որեւէ խնդիր չունենք, բայց եթե մենք խնդիր չունենք, ուրեմն հարաբերություններ չունենք: Բայց եթե մենք ունենք խնդիրներ, որ ասենք՝ սա խնդիր է, որ ճգնաժամային է՝ ոչ, մենք նման հարցեր չունենք, որովհետեւ մեր հարաբերությունները այնքան ծավալուն են, հիմքում ռազմավարական դաշնակցային գործընկերությունն է հայ-ռուսական հարաբերությունների, որի հիման վրա կառուցվում է ամբողջ ծավալը՝ երկխոսության, համագործակցության բոլոր իրողություններով: Հիմքում դա է եւ այդ հիմքը որեւէ կերպ խարխլված չէ: Մեր կառավարությունը եղել է շատ հետեւողական, որ ամրագրի՝ այդ հիմքերն են եղել եւ մնում ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար»:

Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո ձգվածություն է նկատվում՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Գիտեք ինչպես է, եթե մենք թափանցիկ եւ բաց միասին խոսում ենք… մենք ունենք հարցեր, որոնք քննարկում ենք եւ մենք բաց քննարկում ենք դա նաեւ մեր հասարակության հետ: Մենք ի հայտ ենք բերում այն հարցերը, որոնք մեր համար նշանակություն ունեն, բայց դա դիտարկել՝ որպես պրոբլեմ, որը սեպ է խրում կամ ճգնաժամային է դարձնում, ես նման որեւէ հիմք չունեմ խոսելու, որովհետեւ ինքը բովանդակությունը, էությունը երկխոսության ձեւի, չափի հարթակների այնպիսին է, որ մեզ հնարավորություն է տալիս շատ էֆեկտիվ հարաբերություններ ունենալ ու պնդել, որ դրանք դաշնակցային լավ հարաբերություններ են»:

Լրագրողները հիշեցրին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարության մեջ խոսում էր ռուսական ընկերությունների նկատմամբ ՀՀ-ում հարուցված քրգործերի մասին ու փաստորեն իրենց դեպքում դա կարծես թե ունենում է որոշակի ազդեցություն՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, իրենք առաջ բերեցին որոշակի հարցեր: Հարցեր, որոնք իրենց ընկալմամբ կարող են դիտարկվել՝ որպես զուտ այլ կոնտեքստում, քան թե մեր մոտ է դա դիտարկվում: Մեր մոտ դա չի դիտարկվում հայ-ռուսական կոնտեքստում, այլ կոնտեքստում է դիտարկվում եւ խիստ ներքաղաքական կոնտեքստում է կամ ներքին օրենքի գերակայության, ներքին իրավական կոնտեքստում է, ոչ թե քաղաքական: Կոնկրետ օպերատորները ունեն նաեւ այդ կապը ՌԴ-ի հետ, բայց իրենք միակը չեն, ՀՀ-ում գործող տարբեր օպերատորներ կան տարբեր բնագավառներում, որոնք կապիտալի առումով ունեն առնչություններ այլ երկրների հետ, որոնց հետ նույնպես առաջացել են հարցեր, բայց դրանք մեզ համար խիստ ներքին օրենքի գերակայության, իրավական բնույթի են, ոչ թե երկկողմ հարաբերությունների եւ եթե մեզ անհրաժեշտ էր ավելի հետևողականորեն շարունակելու խոսել մեր երկրների հետ եւ հստակ դարձնել, որ հարցը որեւէ կերպ երկկողմանի բնույթի չի ու առավել եւս՝ քաղաքական բնույթի չի: Հարցը խիստ իրավական, օրենքի գերակայության հարց է: Պահանջվել է երկխոսություն, մենք միմյանց շատ լավ հասկանում ենք, հարցերը լուծում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930