Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հրաժարվում է ռուսական վարկից. ՀԱԷԿ-ին վարկ կտրամադրվի ներքին աղբյուրներից, համակարգում ինքնարժեքը կնվազի

Հունիս 11,2020 13:40

ՀԱԷԿ-ին բյուջետային վարկ կտրամադրվի: Այս մասին որոշման նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում: Բյուջետային վարկը տրամադրվում է Հայկական ատոմակայանում աշխատանքներն ավարտելու համար եւ այդպիսով հրաժարվելով ռուսական վարկի մնացորդային մասից: Նախագիծը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նիստում ներկայացրեց՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգում ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ 2014 թվականին համագործակցության մասին եւ 2015 թվականի փետրվարի 5-ին՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիր էր ստորագրվել՝ 300 միլիոն ԱՄՆ դոլար,է, որից 270 միլիոն դոլարը վարկ է, իսկ 30 միլիոն դոլարը՝ դրամաշնորհ:

2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար, ըստ Պապիկյանի, սկսվել են բանակցություններ, եւ այս ընթացքում նախ՝ ժամկետի երկարացման խնդիր են ունեցել. «Մինչեւ 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք այժմ նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-22 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 միլիարդ դրամի չափով բյուջետային վարկ, որից 2020 թվականին՝ 18,7 միլիարդ դրամ, 2021-ին՝ 31,5 միլիարդ դրամ, 2022-ին՝ 13 միլիարդ դրամ: Նախատեսվում է, որ բյուջետային վարկն ապահովելու համար Ֆինասների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չգերազանցի ռուսական վարկի օգտագործման դեպքում ՀԱԷԿ-ի կողմից վարկային միջոցների մարման եւ սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը»: Պապիկյանն ասաց, որ որոշմամբ նախատեսվում է վարկային միջոցների նպատակային եւ արդյունավետ ծախսման համար վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ այս որոշմամբ կառավարությունն արձանագրեց, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով եւ պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար. «Եվ մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որը աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու, եւ, ըստ էության, ավելի է մեծացնելու կառավարության լծակներն այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար: Որովհետեւ, նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել: Իսկ այս պայմաններում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ եւ շուկայից ձեռք բերել ապրանքներ՝ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր: Հույս ունենք, որ որակի առումով էլ առնվազն չեն զիջի այն ապրանքներին, որ մենք ձեռք էինք բերում նախկին պայմաններով: Սա է այս վարկի պատմությունը: Մենք մի քանի անգամ արձանագրել ենք՝ քանի որ ՀՀ կառավարության նկատմամբ եւ նրա քաղաքականության նկատմամբ կա վստահություն, մենք նկատում ենք, որ ներքին շուկայում ավելի մեծ հետաքրքրություններ են ձեւավորվում ՀՀ կառավարությանը վարկավորելու, ֆինանսավորելու եւ կարող են լինել մեծ ծրագրեր, երբ մենք ֆինանսավորման խնդիր ունենանք: Մենք դրա համար դիմենք ոչ թե արտաքին, այլ՝ ներքին աղբյուրներին, ինչը էականորեն ընդլայնում է մեր գործունեության հնարավորությունների դաշտը»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց՝ սա նաեւ տեմպի երաշխիք է, ինչը շատ կարեւոր է.«Այս աշխատանքների արդյունքում մենք ունենալու ենք ինքնարժեքի դրական միտում՝ համակարգում նվազելու է ինքնարժեքը: Իսկ ռուսական վարկի պայմանները այդ տեմպի հնարավորությունները բավականին սահմանափակում էին»:

Փաշինյանն էլ հավելեց՝  երկար տարիներ Մեծամորի ատոմակայանը եղել է մի ձեռնարկություն. օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել են՝ ամենատարբեր ենթատեքստերում եւ ամենատարբեր պատճառներով. «Մենք կոնկրետ խնդիր ունենք՝ ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, սա էներգետիկ անվտանգության խնդիր է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930