ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում շարունակում է մնալ ՀՀ-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Այս մասին այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Համաձայնագիրը մնում է մեր իրավական հիմքը եւ կարեւոր խթան է՝ ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգի համար: Այսօր չափազանց մոտ ենք համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին: Հիմա սպասում ենք երեք երկրների՝ Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Հունաստանի կողմից վավերացմանը: Սա խիստ ընթացակարգային հարց է, եւ մենք որեւէ քաղաքական հարց կամ խոչընդոտ չունենք՝ այս գործընթացն ավարտելու եւ իրականացմանն անցնելու համար»,-վստահեցրեց նախարարը:
Նա նշեց, որ անգամ համավարակի պայմաններում վերջին շաբաթներում ԵՄ երկու երկիր՝ Ավստրիան եւ Իտալիան, ավարտել են վավերացման գործընթացը. «Մենք էլ կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ