Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կորոնավիրուսի վարակման դեպքերի 95%-ը դիմակ չեն կրել, սոցիալական հեռավորություն չեն պահել, ձեռքերը չեն ախտահանել»

Հունիս 11,2020 13:07

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանում, ցավոք, շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց համավարակի իրավիճակը. «Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է  566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով նշանակալի աճ է, սակայն պետք է փաստել, որ հետազոտությունների թիվն էլ մեծ եղել՝ կատարվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական նոր թեստերի տոկոսն ընդհանուր թեստերի մեջ կրկին նույնն է, մոտ 25%, նախորդ օրվա 24% -ի համեմատ: Սա կարեւոր ցուցանիշ է, իհարկե, կարեւոր է նաեւ բացարձակ թվի սպասարկումը հասցնելու տեսանկյունից»:

Ըստ Թորոսյանի, արձանագրվել է մահվան 18 դեպք, ընդհանուր մահերի թիվն 245 է: «Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր եւ ծանր հիվանդ, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար: Ամենակարեւոր ցուցանիշը, որին վերջին օրերին անդրադառնում ենք, դա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է։ Առավոտյան ժամը 9-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-ն են տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ: Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է զսպողական մեր միջոցառումները շարունակենք եւ ուժեղացնենք, ինչպես ամենասկզբից, եւ այդպիսով այս կառավարելի վիճակը պահենք հնարավորինս երկար եւ գնանք դեպի անկում: Հետեւաբար, կարծում եմ, պարետատան որոշումների շրջանականում ամեն ինչ պետք է շարունակենք, եւ խստացնենք կանոնների նկատմամբ վերահսկողությունը, սկսած՝ քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով, եւ իրավիճակին զուգընթաց, եթե կարիք լինի, որոշումներ փոխենք»:

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց՝ կառավարության ռազմավարությունը հետեւյալն է՝ անընդհատ խստացնել եւ ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության շրջանում եւ դա է դիտվում է համավարակի թվերի անկման հիմնական միջոց. «Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունն արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը»:

Փաշինյանը կրկին կոչ արեց ճշգրտորեն պահպանել կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը. «Փորձը ցույց է տալիս, որ այս կանոնների պահպանումը բերում է 100 տոկոսանոց արդյունքի: Այսինքն, վարակման դեպքերի 95%-ը, որովհետեւ 5% այլ հավանականություն կա, 95%-ը նշանակում է, որ կամ դիմակ չեն կրել կամ սոցիալական հեռավորություն չեն պահպանել կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանել կամ երեքը միասին: Սա ակնհայտ է: Վերջին շրջանում մեզ համար շատ լուրջ խնդիր է դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ պարետատան կանոնների չպահպանումը: Այստեղ մեծ դեր ունեն ոչ միայն ոստիկանությունը, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան ճիշտ հաղորդակցման մեջ մտնեն քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի բարդությունն ու կանոնների պահպանումը: Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների եւ հոգեհանգստի արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է: Հաջորդ խնդիրն, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքներն են: Եվ շատ կարեւոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»:

Վարչապետն ասաց, որ այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության եւ քաղաքացիների միջեւ զանգվածային համագործակցությամբ:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930