Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամն առաջարկում է հարցուպատասխան անցկացնել ոչ թե յուրաքանչյուր նիստից հետո, այլ երկու ամիսը մեկ անգամ. «Հայկական ժամանակ»

Հունիս 11,2020 12:27

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոփոխություն կատարել Երեւան քաղաքի ավագանու որոշումներից մեկի մեջ: Ավետիսյանն առաջարկում է փոփոխել օրակարգային հարցերի քվեարկությունից հետո անցկացվող հարցուպատասխանի կարգը: Ավագանու հաջորդ՝ հունիս 24-ի նիստին քննարկվելու է ներկայացվող նախագիծը:

Ավագանու անդամը առաջարկում է հարցուպատասխան անցկացնել ոչ թե յուրաքանչյուր նիստից հետո, այլ երկու ամիսը մեկ անգամ (Երեւանի ավագանու նիստերն անցկացվում են ամիսը մեկ անգամ, որին պարտադիր հաջորդում է հարցուպատասխանը):

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի այս առաջարկը, սակայն, բոլորովին դուր չի եկել ավագանու ընդդիմադիր թեւին՝ «Լույս» խմբակցության անդամներին: Այս խմբակցությունը ներկայացնող Անի Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցության բոլոր՝ երեք անդամներն էլ դեմ են քվեարկելու այդ նախագծին, քանի որ առավել մեծ կարեւորություն են տալիս օրակարգային հարցերին հաջորդող այդ ձեւաչափով քննարկումներին:

«Անցած գումարման ավագանիներում՝ Տարոն Մարգարյանի եւ նրան նախորդած քաղաքապետերի ժամանակ, հարցուպատասխանը երկու ամիսը մեկ էր, եւ հենց «Լույս» խմբակցությունը բերեց նախագիծ՝ այն դարձնելով յուրաքանչյուր նիստին: Հիմա նորից փոխում են, եւ սա խնդիր է»,- ասաց Անի Խաչատրյանը:

Նշենք, որ սա միակ փոփոխությունը չէ: Առաջարկվող նախագծով նոր հարթակ է տրամադրվելու ավագանու անդամներին, սակայն մի փոքր այլ ֆորմատով: Խաչատրյանը նշեց, որ մնացած առաջակվող փոփոխություններն ու հարցերը քննարկման ենթակա են, իրենք միայն խնդիր են տեսնում հարցուպատասխանները երկու ամիսը մեկ իրականացնելու մեջ:

Ըստ ավագանու «Լույս» խմբակցության անդամի՝ առաջարկվող նման փոփոխությունները ավագանու «Իմ քայլի» անդամները պատճառաբանել են նաեւ վարչական շրջանների ղեկավարների՝ յուրաքանչյուր ամիս մեկ ամբողջ օր կորցնելով: «Թաղապետներն ընդամենը 9 անգամ են գալիս ժամը երկուսից հետո, մի քանի ժամ են կորցնում, որը կարծում եմ՝ նորմալ է, իրենք պարտավոր են ավագանու առաջ հաշվետվություն ներկայացնել: Հարցուպատասխանի ժամանակ ավելի շատ հարցեր են քննարկվում, քան բուն օրակարգային հարցերի»,- ասաց Խաչատրյանը:

Նկատենք՝ Երեւանի քաղաքապետարանի նիստերում իրապես ամենաակտիվ ու անկաշկանդ, երբեմն նույնիսկ տարբեր սահմաններ հատող քննարկումները տեղի են ունենում հենց հարցուպատասխանների ընթացքում: Նախադեպեր ունենք, երբ դրանք այնքան բուռն են ընթացել, որ ավարտվել են թեժ լեզվակռիվներով ու փոխադարձ վիրավորանքներով՝ հասնելով ընդհուպ մինչեւ ծեծկռտուքի:

Անի Խաչատրյանը շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը մյուս՝ նախորդ գումարման խմբակցություններից տարբերվում է, քանի որ իրենք էլ են հարցեր տալիս, ակտիվ քննարկումներ անում: Նախորդների ժամանակ սա չի եղել: «Լիահույս եմ, որ «Իմ քայլի» գերակշիռ մասը դեմ կքվեարկի այդ նախագծին, որովհետեւ բոլոր նիստերին լինում են իրենց հետաքրքրող քննարկումներ»,- եզրափակեց նա:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930