Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ամբողջովին տապալել է երկրի կառավարումը». Աղասի Ենոքյան. «Փաստ»

Հունիս 11,2020 12:06

Համաճարակն առավել ակնհայտ դարձրեց այն իրողությունը, որ գործող իշխանություններն անընդունակ են որևէ լուրջ քայլի: Եվ այն, որ այս ամբողջ ընթացքում իշխանությունը պահպանվել է, պարզապես տարբեր պոպուլիստական գործոնների շնորհիվ էր:

Ու երբ կոնկրետ խնդիր լուծելու հարց առաջացավ, բոլորի համար տեսանելի էր, որ իշխանությունները չկարողացան լուծել այն: Այս համոզմանն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նաև համաճարակի ֆոնին առկա ոչ պակաս ակտիվ ներքաղաքական զարգացումներին:

«Բավականին ամուր հիմք կար, որը ստեղծվել էր նախկինում և որի շնորհիվ մինչ այս համակարգն իներցիայով աշխատում էր: Բացի այդ, պարզապես Նիկոլ Փաշինյանի բախտը բերեց, որ այս ճգնաժամն ավելի ուշ ի հայտ եկավ:

Բայց հիմա կա ակնհայտ խնդիր՝ մարդիկ հիվանդանում են, մահանում, ավելին՝ մահանում նաև հիվանդանոցից դուրս: Խնդիրներն այնքան ակնհայտ են, որ պարզապես բառակույտով, ներեցեք, նաև «կրուտիտով» չեն կարող այդ ամենը բացատրել:

Համաճարակն, իհարկե, դարձավ շատ լուրջ կատալիզատոր՝ ռեակցիան ավելի արագացավ: Եվ, բնականաբար, մենք արդեն մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխության «էնդշպիլին»:

Տեսնում ենք, որ քաղաքական տարբեր ուժեր արդեն հայտ, նաև հրաժարականի պահանջ են ներկայացրել: Ընդհանուր առմամբ, մինչ այս ընդհանրապես քաղաքականություն չկար:

Այսինքն, կային ինչ-որ ընդդիմախոսներ, առաջ քննադատում էին, ինչ-որ պատմություններ պատմում, իսկ հիմա կոնկրետ քաղաքական ուժեր կոնկրետ քաղաքական հայտարարություններ են արել, այդ գործընթացի վերաբերյալ անգամ կոնսուլտացիաներ են սկսում՝ փորձելով միասին գտնել այն ալգորիթմը, որով կարելի է հանգուցալուծման հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ գործընթացի պատեհության վերաբերյալ դիտարկումներին՝ Ա. Ենոքյանը նկատեց. «Դրանք, իմ կարծիքով, հիմար թեզեր են: Թեզեր են, որոնք միտված են ինչ-որ գաղափարական, բարոյական հիմք ստեղծելուն, որով Նիկոլ Փաշինյանը կփորձի իր իշխանությունը պահպանելու գործողություններ ծավալել:

Զուգահեռ՝ այնուամենայնիվ, տեսնում ենք, որ նա ամբողջովին տապալել է երկրի կառավարումը՝ մասնավորապես, այս վերջին փուլում, երբ համաճարակի հետ կապված այնքան հակասական, այնքան ոչ տրամաբանական քայլեր արվեցին, որոնք ակնհայտ դարձրեցին իրավիճակին չտիրապետելու փաստը: Իսկ այս խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է իր ձեռքից վերցնել իշխանական լծակները»:

Ամփոփելով ու գնահատելով առկա ընդհանուր իրավիճակը՝ քաղաքագետը նկատեց. «Որքան էլ խոսվում է անհրաժեշտ համագործակցության մասին, այնուամենայնիվ, տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները ցույց տվեցին, որ առաջին հերթին հենց իշխանությունները չեն գնում համագործակցության:

Մինչդեռ քաղաքական ուժերը, կուսակցությունները բազմաթիվ առաջարկներ են արել, որոնք իշխանությունները պարզապես անտեսել են: Մեծ հաշվով, կարծում եմ, արդեն բավականաչափ տեսանելի է Ն. Փաշինյանի իշխանության վերջը, որից հետո արդեն որևէ եղանակով կստեղծվի նոր կառավարություն: Կարծում եմ՝ այս գործընթացն անշրջելի է»,-ասաց Ա. Ենոքյանը՝ նկատելով, որ հանգուցալուծման տարբերակներ արդեն իսկ կան:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930