ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր 2019թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուշադրությունը հրավիրեց աշխարհում իրականացվող հակահայ քարոզչության վրա՝ նշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց դեսպանատների կողմից հակահայ քաղաքականության իրականացման համար ավելի շատ գումար են հատկացնում, քան ՀՀ-ն. «Հասկանում եմ, որ սրա համար օբյեկտիվ պատճառներ կան, բայց մեր դեսպաններն ավելի շատ պետք է աշխատեն, որպեսզի հավասարակշռեն հակահայ քաղաքականությունը: Ի՞նչ գործիքներով է հնարավոր այս խնդիրը շտկել»:
Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ այս խնդիրն ԱԳՆ-ի կարեւորագույն մարտահրավերներից է. «Ունենք ներուժ, որը լավ տիրապետում է գործիքներին եւ հնարավորություններին՝ աշխատեցնելու եւ ապահովելու համար մեր գերակայությունը, երբ, օրինակ, որեւէ երկրի մամուլում մի հակահայ հոդված է ի հայտ գալիս: Սա գնահատում է տեղում աշխատող դիվանագետի որակը»:
Մնացականյանի խոսքով՝ մենք էլ ենք ծախսում, բայց միայն ծախսելը բավարար չէ, այլ հնարավորություններ էլ կան, օրինակ՝ տվյալ երկրի հետ գործակցությունն ու բարեկամների շրջանակի ընդլայնումը. «Մենք սփյուռքում հսկա ներուժ ունենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ