Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ եւ ե՞րբ է ստեղծել միֆը, որ պատերազմ անցածներն օրենքից վեր են». «Հրապարակ»

Հունիս 11,2020 11:28

«Թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա: Դիմակ չեմ կրելու, մարետի որոշումը չեմ կատարելու»: Մեջբերման ավարտ: Հեղինակային իրավունքը՝ Պավլիկ Մանուկյանի: Ահա այսպիսի երկրում ենք ապրում: Որտեղ ղարաբաղյան պատերազմին մասնակցությունը մարդուն «իրավունք է տալիս» ապրիլյան քառօրյայից հետո ներխուժել ՊՊԾ գունդ, սպանել ոստիկանների, բժիշկներին պատանդ վերցնել եւ հայտարարել, որ «կանխում է հողերի հանձնումը»: Հետո ողջունել թավշյա հեղափոխությունը, թեեւ մինչ այդ կոչ էր անում «Նիկոլին նետել աղբամանը»: Հետո կալանքից ազատ արձակվել: Հետո օստրակիզմի ենթարկել դատարանին: Հետո հրաժարվել «ապստամբ» ընկերներից: Հետո քննադատել հեղափոխությունը: Հետո ծաղրել պարետի որոշումը եւ «լավագույն օրինակ» քարոզել՝ դիմակ չկրել, չկատարել կառավարության ցուցումները:

Որովհետեւ «ես լա՜վ տղա եմ, կռվա՜ծ տղա եմ»: Հետո դառնալ որոշ լրատվամիջոցների սիրելին եւ եթերում փաստացի քաղաքացիական անհնազանդության կոչեր անել: Որպեսզի ոստիկանությունը ստիպված բերման ենթարկի իրեն: Իսկ դրանից մինչեւ «խղճի կալանավոր»՝ արդեն կես քայլ է: Կհայտնվեն իրավապաշտպաններ, փաստաբանների մի բանակ կզորակոչվի եւ իշխանության քայլերը կորակվեն «ոչ համաչափ»: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի չգիտեմ որ հոդվածի որ մասի որ ենթակետին հակասող: Հետո կդիմեն ՄԻԵԴ՝ Մանուկյանն ընդդեմ Հայաստանի կառավարության: Կորոնավիրուսի դեմ թող պայքարի առողջապահության նախարարը: Կարեւորը մարդու անօտարելի իրավունքներն են: Ի՞նչ փույթ, որ դիմակ չկրելով՝ Պավլիկ Մանուկյանը խախտում է այլոց առողջության եւ ապահովության՝ Աստծուց գրված իրավունքը: Դուք ուզում եք օրինականության երկի՞ր: Ուրեմն ենթարկվեք Պավլիկ Մանուկյանին: Նա գիտի՝ ինչպես դա անել: Ով իր մոտեցումները չի կիսում, համարում է, որ ՊՊԾ գնդի գրավումն ապստամբություն չէր, այլ՝ ահաբեկչություն, պետք է անհապաղ հայտնվի բանտում: Նմանների տեղը նույնիսկ ոչ թե օրինավոր կալանատեղին, այլ՝ Սարդարի ժամանակների զնդաններն են, պատիժը՝ «խոնջան կնքելը»: Եթե չգիտեք՝ դա ինչ է, կարդացեք ազգային գրականության հսկա Րաֆֆուն, որ հաճույքով նկարագրում է, թե պարսկական խավարի երկրում ինչպես էին խաներն ինքնադատաստան տեսնում մեղավորների նկատմամբ. գոտիներին երկաթե  կողպեք էին դնում եւ թողնում, որ սեփական կեղտի մեջ դանդաղ մեռնեն: Ահա՝ միակ «օրինականությունը»: Թե չէ նախկին ռեժիմից մնացած դատարանն ի՞նչ իրավունքով է քննում «ժողովրդական ապստամբերի» գործը: Ո՞ր իրավունքով են «փորփրում»՝ ո՞վ է կրակել ոստիկանի վրա: Այդ  ռեժիմն է  սպանել, որպեսզի ապստամբների վրա բարդի նրանց արյան  պատասխանտվությունը: Եւ առհասարակ, ո՞ր իրավունքով են դատում ղարաբաղյան պատերազմ անցած հերոսներին:

Նրանք սուրբ են, կասկածից դուրս՝ ինչպես հռոմեական օրենքով՝ կայսեր կինը…

Ո՞վ եւ ե՞րբ է ստեղծել միֆը, որ պատերազմ անցածներն օրենքից վեր են:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930