Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստ է, որ պապի ոսկիներն են». Սեդրակ Առուստամյանը հարցաքննվել է. «Հայկական ժամանակ»

Հունիս 11,2020 11:17

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորումից հետո առաջին անգամ երեկ հարցաքննվել է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ Առուստամյանը մանրամասն ցուցմունք է տվել, քննիչի բոլոր հարցերին՝ պատասխանել: Թե ինչի շուրջ է եղել բուն հարցաքննությունը, պաշտպանը չցանկացավ մանրամասնել՝ հղում անելով նախաքննության գաղտնիության սկզբունքին:

Դատախազության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ միջոցներ են ձեռնարկվում կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը 2011 թվականին 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է իր մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով: Մեր զրույցում պաշտպանը մանրամասնեց, որ խոսքը  վերաբերում է 1941 թվականին. «Այդ ժամանակ, երբ սովետական զորքերը ներխուժել են Պարսկաստան, Առուստամյանի պապը, որպես սովետական բանակի սպա, մասնակցել է ռազմական գործողություններին, իսկ դրանց ավարտից հետո՝ 1942 թվականին արդեն, մեկնել է Հայրենական պատերազմ, թե որտեղից բերված ոսկիներ են, արդեն ուրիշ խնդիր է, ինքը ցուցմունքում մանրամասնել է, հիմա իրենք հրապարակել են, թող իրենք էլ մանրամասնեն, բայց փաստ է, որ դրանք պապի ոսկիներն են եղել, նա մեծ քանակությամբ ոսկիներ է բերել Պարսկաստանից, որոնք էլ հետագայում արդեն Առուստամյանը գումարի է վերածել»:

Նշենք, որ հունիսի 2-ին պաշտպանը Վճռաբեկ դատարանին է բողոքարկել Առուստամյանի կալանավորման որոշումը: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել էր իր բողոքը՝ նույն այդ որոշման դեմ. «Փաստարկների մեկնաբանության խնդիր է. մեր իրավական մոտեցումները այլ են, դատարաններինը՝ այլ, ամեն դեպքում, իր որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը խոչընդոտելու ռիսկն է անփոփոխ թողել»,- ասաց Հովիկ Սուքիասյանը՝ հավելելով, որ այսօր նաեւ քննիչին է մի միջնորդություն ներկայացրել: Թե կոնկրետ ինչ բովանդակությամբ, պաշտպանն առայժմ չցանկացավ բացահայտել:

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երկու քրեական գործով, որոնցով դարձյալ մեղադրանքը չի ընդունում. Հյուսիս-հարավ ավտոճանապարհի չարաշահումների գործով նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ փողերի լվացման համար: Մեկ այլ գործով էլ, որն արդեն դատարանում է, նա մեղադրվում է այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, շարունակել է այդ շինության կառուցումը։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930