Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կառավարությունը խնդիր պետք է դնի տարեկան 10-15 տոկոսի չափով թուլացնել Ռուսաստանից կախումը». «Ժամանակ»

Հունիս 11,2020 10:30

Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքի ռուսական վարկից: Հայաստանն աշխատանքը կշարունակի բյուջեի միջոցներով: Նախարարը հայտնել է, որ չեն եկել համաձայնության վարկի հետագա ժամանակացույցի առումով, և կայացվել է վարկի շարունակությունից հրաժարվելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով նախատեսվում էր 270 մլն դոլար վարկի տրամադրում՝ տարեկան 3% տոկոսադրույքով:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չափազանց դրական է գնահատում ռուսական վարկից  հրաժարվելու  իշխանության որոշումը: «Այս որոշումը Հայաստանի ազգային պետականության, պետական ինքնիշխանության և ուժեղացման արդյունք է, որը շատ նորմալ է։ Վարկից հրաժարումը ոչ մի աղերս չունի  հայ-ռուսական հարաբերությունների վատացման հետ։ Մենք պարտավոր ենք մեր պետությունը հզորացնել, և եթե ռուսական կողմը դա դիտում է որպես իր շահերի դեմ, դա բացառապես իր խնդիրն է։ Եվ դա նշանակում է, որ ինքը Հայաստանի դաշնակիցը չէ։ Պետք է ողջունել այս որոշումը և ողջունել այն մարդկանց, ովքեր հայթայթել են այլ միջոցներ վարկից հրաժարվելու համար»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը  իր առաջ խնդիր պետք է դնի տարեկան 10-15 տոկոսի չափով թուլացնել Ռուսաստանից իր կախումը։ Եվ գնալով այդ տոկոսը պետք է ավելանա։

«Պետք է կախումը թուլացնել հատկապես «Գազպրոմից» և Լարսի անցակետից։ Լարսի անցակետը մեր «կյանքի ճանապարհն է»։ Հաջորդը երկաթուղին է։ Հայաստանը պետք է գնա ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով՝ ինչ կատարվում է  վերջին երկու տարում։ Հայաստանը Ռուսաստանի ու ցանկացած այլ երկրի հետ պետք է դառնա պարտնյոր։ Իսկ Ռուսաստանը պետք է դադարի հինգերորդ շարասյունով, իր գործակալական ցանցով ու  նվիրյալ փորձագետներով Հայաստանում եղանակ ստեղծելու մտքից»,- ընդգծեց քաղաքագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բացարձակ կապ չունի, թե ԱԷԿ-ի վերանորոգման համար տրամադրված վարկը կամ այլ վարկ ինչքան մատչելի պայմաններով է, որքան է դրա տոկոսադրույքը և այլն: «Իմպերիան կարող է վարկը  0 տոկոսով էլ տալ կամ  մի այդքան էլ  ավելի գումար հենց այնպես տա, բայց դա չպետք է վերցնել, որովհետև Ռուսաստանի քաղաքականությունը մեզ հետ տնտեսական չի։ Մեզ հետ Ռուսաստանը գեոստրատեգիական քաղաքականություն է վարում։ Իսկ ով հակառակն է պնդում, թող բացատրի, թե ինչու գազի գները չեն իջնում։ Այնպես որ, ամեն ինչ շատ նորմալ է, և իմ ասածները բնավ Ռուսաստանի դեմ չեն։ Իմ ասածները ՀՀ սուվերենության խնդրի հետ են կապված»,- ասաց Շիրինյանը՝ ավելացնելով, որ իշխանությունը շատ ճիշտ է վարվում և բոլոր ուղղություններով պետք է  գնա նույն ճանապարհով, և այդ քայլը կամրապնդի հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930