Ռուսական «Ноев ковчег» թերթը տպագրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի ընդարձակ հարցազրույցը, որն արտատպել է նաեւ ՌԴ ԱԳՆ խոսափողի համարում ունեցող «Regnum» գործակալությունը: Այս ընդարձակ հարցազրույցի «մեխը» կամ հիմնական ուղերձն Արցախի հիմնահարցի կարգավորման «մանդատային հայեցակարգի» մասին հարցադրումն ու դրա պատասխանն է: Սամվել Բաբայանը գտնում է, որ մադրիդյան սկզբունքները կենսունակ չեն, խնդիրը կարող է կարգավորվել, եթե հակամարտության կողմերը միջնորդ երկրներից մեկին կամ բոլորին, կամ միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ին, տան հակամարտության գոտու մանդատային կառավարման իրավունք: Ըստ նրա, միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել երկու ժողովուրդների միջեւ առեւտրատնտեսական եւ մշակութային կապերը, փոխադարձ շահերի վրա լուծել փախստականների հարցը, Արցախի Ազգային գվարդիայի մասնակցությամբ իրականացնել անվտանգության ապահովման միջոցառումներ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարելի է թողնել միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարին, երբ տարածաշրջանում եւ Արցախում կմեծանա սերունդ, որը դաստիարակված կլինի ոչ թե թշնամության, այլ բարիդրացիության եւ հարգանքի մթնոլորտում:
Այս մոտեցումը նորություն չէ, Սամվել Բաբայանն այն հրապարակել է ավելի քան մեկ տարի առաջ` նուրբ ակնարկելով «ռուսական մանդատի» գերակայությունը: Եվ այն ժամանակ վերաբերմունքը ռուսական մանդատի ներքո հարցի կարգավորման տարբերակի առաջարկին միանշանակ չէր: Փորձագիտական առումով, այս մոտեցումը գուցեեւ հետաքրքիր է, բայց Սամվել Բաբայանն այժմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է եւ ասում է, որ Արցախում`քաղաքական նոր դասավորության պայմաններում, Արցախի հիմնախնդրի քննարկման մթնոլորտ պետք է ստեղծի, իսկ քննարկումների արդյունքում ձեւավորվի կոնսենսուսային տեսակետ, որը պաշտոնական Ստեփանակերտը կներկայացնի Հայաստանին, Հայաստանի միջոցով էլ` միջազգային հանրությանը:
Սամվել Բաբայանի այս դիրքորոշումն արտառոց չէ, նույնիսկ ընկալելի եւ ընդունելի է. ի վերջո, համագործակցության հուշագիր ստորագրած քաղաքական թիմերը` Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիքը» եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիքը», կարող են, գուցե նաեւ պետք է համադրեն, այդ թվում և Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումները:
Մի փոքր տարօրինակ է Սամվել Բաբայանի հարցազրույցի նկատմամբ Արցախի քաղաքական այլ ուժերի լռությունը: Հարցազրույցի հրապարակումից երկու օր արդեն անցել է, իսկ արձագանքներ դեռ չկան: Երեկ ամբողջ օրը փորձեցինք Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից այս առիթով գնահատականներ ստանալ. ապարդյուն: Դիմեցինք նաեւ պարոն Բաբայանի գրասենյակ`հավելյալ պարզաբանումների համար: Կուսակցության խոսնակ Անուշ Դոլուխանյանն ասաց, որ առայժմ մեկնաբանություններ չեն անում:
Կարդացեք նաև
Արցախից մշտապես տեսակետ է հնչել, որ հակամարտության կարգավորման հարցում քաղաքական ուժերը միակամ են, բոլոր տարաձայնությունները վերաբերվում են ներքին խնդիրներին: Այս ֆոնին այսօր ուշագրավ է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում է լայն քննարկումների անհրաժեշտությունից: Հետաքրքիր է` կարգավորման «մանդատային» տարբերակը նրա վերջնակա՞ն առաջարկությունն է եւ ո՞րն է մյուս քաղաքական ուժերի մոտեցումը, ինչո՞ւ դեռ բանավեճ չկա այս հարցով: Հետաքրքիր է նաեւ, թե արցախյան հանրությունն ինչպե՞ս կընդունի Սամվել Բաբայանի «ստուգողական կրակոցը»: Եվ եթե լռությունը շարունակվի, կնշանակի՞ դա, որ մոտենում է «գործելու ժամանակը»:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե Սամվել Բաբայանի հայտարարությունները կապված են աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի ծրագիր իրականացնելու հետ: «Սամվել Բաբայանը, պարզապես, իր գաղափարներով, հակամարտության լուծման վերաբերյալ տարբեր բանաձեւերով, ուղղակի մնացել է 2000-ականների սկզբում նույնիսկ 1990-ականների վերջում»,- ասաց մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ 2000-ականների կեսերին հրապարակած իր գրքում նույնպես Սամվել Բաբայանը խոսում էր հարցի կարգավորման «մանդատային» տարբերակի մասին, պարզապես այն ժամանակ ՌԴ-ի փոխարեն ԵՄ մանդատի մասին էր խոսում: Տիգրան Գրիգորյանն այս մոտեցումն, առհասարակ, անհեթեթ է համարում, քանի որ այդ մեխանիզմը վաղուց չի օգտագործվում:
Նա զավեշտալի է համարում, որ իր հարցազրույցում պարոն Բաբայանը Պաղեստինի օրինակն է բերում, իբրեւ մանդատով լուծված ճակատագրի, մինչդեռ իսրայելապաղեստինյան հակամարտությունը երկարատեւ եւ չլուծվող հակամարտության հոմանիշ կարելի է համարել: «Կարծում եմ, ժամանակի ընթացքում, նաեւ պարոն Բաբայանի կոալիցիոն գործընկերները կհամոզեն, որպեսզի այդպիսի հնացած մոտեցումներ չօգտագործի` առնելով իր նոր կարգավիճակը, որը շատ ավելի լուրջ մոտեցումներ է պահանջում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ