Դիտելով ֆեյսբուքյան ժապավենը՝ ես հերթական անգամ համոզվում եմ, որ մարդկանց «քաղաքական հայացքները» դրդում են նրանց մի դեպքում արդարացնել ստորությունը, մեկ այլ դեպքում՝ խստորեն դատապարտել այն: Գագիկ Ծառուկյանի հանդեպ մեղադրական դատավճիռը կայացվել է 1979 թվականին, իսկ 2001-ին նա արդարացվել է: Ո՛չ խորհրդային, ո՛չ էլ քոչարյանական դատարանների որոշումներին ես առանձնապես չեմ վստահում, բայց այս պահին խնդիրն ամենեւին դրա մեջ չէ: Ինձ համար ակնհայտ է, որ հիմա քաղաքական պայքարում այդ հին պատմությունն ասպարեզ բերելը թուլության նշան է, դա տգեղ եւ անմակարդակ քարոզչության դրսեւորում է:
Նույնքան տգեղ է վարչապետի ընտանիքի՝ կորոնավիրուսով հիվանդանալու, իսկ այնուհետեւ առողջանալու վերաբերյալ ցինիկ դատողություններ անելը՝ մանավանդ, որ խոսքը նաեւ երեխաների մասին է: Երեխաներ եւ թոռներ ունեցող իմ նման մարդը չի կարող չարձանագրել, որ այդ քարոզչությունը նույնպես, ինչպես ասում են, «պլինտուսից ցածր» է:
Ի դեպ, նույն մակարդակի է, իմ կարծիքով, առողջապահության նախարարի հասցեին հայհոյանքը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է այդ պաշտոնյան աշխատում:
Եթե խոսքը «հայացքների» մասին է, ապա իմ «հայացքը» հետեւյալն է. ես կողմ եմ, որ մարդիկ իրար նկատմամբ լինեն բարի ու նրբանկատ: Մանավանդ՝ մեկ ազգի եւ մեկ պետության ներկայացուցիչները: Մանավանդ՝ այս բարդ իրավիճակում: «Քաղաքական» մարդիկ դատողություններ են անում ամիսների, լավագույն դեպքում՝ 1-2 տարվա կտրվածքով՝ «այս պահին իմ սիրելի (ատելի) մարդկանց խումբը իշխանության գլխին է, լավ կլինի, որ այդ խումբը մնա (գնա)»:
Կարդացեք նաև
Ես փորձում եմ հայացք գցել նախորդ 30 եւ հաջորդ՝ առնվազն 30 տարիների վրա՝ ի՞նչն է կարեւոր այդ տեսանկյունից, եւ ի՞նչն է մոռացվելու 1-2 օրից, կամ 1-2 ամսից: Հիմա մենք հիշո՞ւմ ենք, չէ՞, որ Շուշին եւ Քարվաճառն ազատագրել ենք, իսկ Շահումյանն ու Արծվաշենը կորցրել: Թե ինչ էր ասում այս կամ այն քաղաքական գործիչը 20 կամ 30 տարի առաջ, դա, ավելի շուտ, պատմաբանների խնդիրն է: Եվ հիմա էլ ես փորձում եմ հաշվարկել, թե ինչից ենք մենք շահելու, իսկ ինչն է բերելու կորուստների: Ճիշտ եմ հաշվարկում, թե սխալ՝ դժվար է ասել, բայց իրար չհարգելը, իրար նկատմամբ նրբանկատ չլինելը հաստատ դրական արդյունքների չի բերի:
…Ես չեմ կարող «քաղաքական հայացքներից» ելնելով, չցանկանալ, որ կառավարությունը օր առաջ կարողանա կորոնավիրուսի դեմն առնել: Ի՞նչ է, ստացվում է՝ որքան շատ մարդ հիվանդանա եւ մահանա, այնքան լա՞վ՝ միայն թե հնարավորություն լինի իշխանության հասցեին վատ բառե՞ր ասելու:
Ես չեմ կարող նույն «հայացքներից» դրդված պնդել, որ կառավարությունն այս ամիսներին «արել է ամեն հնարավորը», եւ խնդիրները պայմանավորված են զուտ «ժողովրդի գիտակցական մակարդակով»: Ենթադրում եմ, որ այդ իմաստով ես ընդհանրապես «քաղաքական հայացքներ» չունեմ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդ տեսութիւնը, ըստ որուն ոեւէ մէկը ցանկանում է որ համաճարակը շարունակուի կամ վատթարանայ, որպէսզի նրա «օգուտը» ստացուի վարչակարգի դէմ քաղաքական պայքարում, լուրջ չէ: Անշուշտ, կարելի է հեշտօրէն խաղալ այդ մօտեցումին հետ, ամէն անգամ որ ոեւէ մէկը քննադատէ կառավարութիւնը՝ քորոնավիրուսի նկատմամբ նրա սխալներին համար, սակայն պատկերացնել որ այդ քննադատութիւնը կատարւում է «հրճուանքով», պարզապէս անիմաստ է:
Ամէնանեղ, ճղճիմ տրամաբանութեամբ, Հայաստան բնակողն ալ չբնակողն ալ այդտեղ ունի ազգականներ, ընտանիքի անդամներ, ընկերներ, ո՞նց կարող է ուրախանալ որ ժահրը յաջողեցաւ մուտք գործել, այդքան արագօրէն ու լայնածաւալ կերպով տարածուիլ, որ հիմա համաճարակը անսանձ տարածւում է, առողջապահական համակարգը անբաւարար է, եւ այլն., երբ որ ոեւէ մէկի անձին եւ/կամ նրա հարազատներին ու մօտիկների կեանքերը եւս վտանգուած են:
Սառնասիրտ ու շնական վերլուծումով, նոյնպէս անտրամաբանական է վերոգրեալ տեսութիւնը, եւ կարող է նոյնիսկ գործածուիլ հակառակ ուղղութեամբ: Քանզի համաճարակը նաեւ «օգտակար» է վարչակարգին, ներքաղաքական եւ նոյնիսկ արտքաղաքական առումներով՝ արտակարգ դրութեան շնորհիւ քաղաքական արգելումներ, մնացեալ բոլոր թերութիւնների, ձախողութիւնների եւ խոստումների դրժումին անուղղամիտ արդարացման ծառայող հրաշալի պատճառաբանութիւն, միջազգային մուրացկանութեան պատրուակ, Արցախի վերաբերեալ վատ ընթացող բանակցութիւնների դանդաղացում, եւայլն., եւայլն.
Ընդգծենք նաեւ որ այս պահին, վստահաբար միայն Հայաստանում չէ, որ կառավարութիւնը խիստ քննադատութիւնների թիրախ է, Ընդդիմութեան եւ ընդհանրապէս ներքաղաքական հակառակորդների կողմէ:
Իսկ համաճարակին հետ այն զուգահեռը թէ՝ արտաքին թշնամիի դէմ պատերազմի ընթացքին պէտք է որ գոյանայ ներազգային զինադադար, այդ սկզբունքը թող չքարոզեն գոնէ այժմու վարչակարգի անդամներն ու համակիրները: Ի մտի ունենալով իրենց վարքագիծը, Ապրիլ 2016-ի պատերազմի ընթացքին: Երբ, խնդիրը տարրականօրէն հիմնաւորուած քննադատութիւնը չէր իսկ, այլ՝ ծայրագոյն ցնորաբանութիւն: Էն վախտ ալ, ուրեմն, իրենք կը ցանկանային որ պարտուի՞նք… որ աւելի շատ զոհե՞ր ունենանք, յաւելեալ տարածքնե՞ր կորսնցնենք…
Այն ազգերը, որոնք ինքնամաքրման մշակույթ ունեն, սրանց կողքով են անցնում համաշխարհային արհավիրքները, իսկ անմշակույթ անդաստիարակ ազգերին կյանքը ստիպում է պահպանել մաքրության կանոնները: Թավշյա հեղափոխությունը’ ինքնամաքրման մշակույթի արտահայտումն է, որովհետեւ դա հայավարի էր’ եւ հեղափոխական կողմն էր հայավարի ու անարյուն, եւ այն ժամանակվա իշխանական կողմն էր հայավարի ու անարյուն: Ինքնամաքրվել նշանակում է գործել հայավարի, եթե գործես Հյուսիսի թելադրանքով’ ինչպես նախկին ղեկավարներից շատերը կամ էլ գործես Մերձավոր թե Հեռավոր Արեւմուտքի թելադրանքով’ ինչպես այսօրվա ղեկավարներից շատերը, դա երբեք հայավարի չի լինի եւ դա մեզ կբերի մեծ դժվարությունների, մենք պետք է ինքնամաքրվենք ու սովորեցնենք մյուս ազգերին, նույնիսկ մեզ թշնամի ընկալող ազգերին ու ժողովորդներին լինել ինքնագլուխ սեփական ազգիճակատագրի հարցում:
Ոչ թե վստահել թե չվստահել դատարանին, այլ պետքա կոնկրետ խոսել ամեն առանձին դեպքում։
Դեմիրճյանի դատարանի դատավճիռը կարդալով իմ համար ակնհայտա դառնում, որ գործը ջուրա։
Անգամ Դեմրիճյանի դատարանը ֆիքսելա, որ տուժողներից մեկը դատարանում ցուցմունք տվել, որ իր կամքովա եղել ամեն ինչ։ Ճիշտա բացատրումա նրանով, որ հարազատները խնդրել են։
Բայց էտ չի ասում, որ Դեմիրճյանի դատախազներն էլ իհարկե իրենց հերթին տուժողներին վախեցրել են, որ եթե դատարանում ճիշտը ասեն, կդատվեն սուտ ցուցմունք տալու համար։