Սկիզբը՝ այստեղ
Վիեննայի պայմանավորվածություններից որոշակի նահանջ արձանագրվեց հենց Սանկտ Պետերբուրգում՝ Պուտինի հովանու ներքո կայացած հանդիպմանը
Ապրիլյան պատերազմից երկուսուկես ամիս անց՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այդ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ թեեւ հիշատակվում էր ԵԱՀԿ դիտորդների ավելացման մասին, սակայն շփման գծում հետաքննության մեխանիզմների մասին չնշվեց:
Մինչ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձնազրույց էր ունեցել Հայաստանի նախագահի հետ: Ընդ որում, դռնփակ այդ բանակցություններից հետո, Պուտինը ոչ մի բառ չասաց ղարաբաղյան խնդրի մասին՝ կենտրոնանալով միայն երկկողմ տնտեսական կապերի ու ինտեգրացիոն գործընթացների վրա: Փոխարենը՝ Սերժ Սարգսյանն էր ընդգծել, որ բանակցությունների շարունակման համար անհրաժեշտ է նախ իրականացնել մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ շնորհակալ եմ Ձեզ եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման եւ ջանքերի համար, որ դրսեւորում եք այդ հարցում: Սակայն, ցավոք, մի կողմի ցանկությամբ հնարավոր չէ այսպիսի խնդիր կարգավորել: Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ: Դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահը մինչ Պուտինի հետ հանդիպումը հայտարարել է՝ Բաքուն մտադիր չէ ետ կանգնել իր պահանջներից: «Հակամարտությունը երկար է ձգվել, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները՝ ստատուս քվոն ընդունելի չէ, ինչի հետ մենք լիովին համաձայն ենք: Սակայն, որպեսզի այն փոխվի, պետք է նախ վերադարձնել Ադրբեջանի տարածքները, որ օկուպացված են արդեն 20 տարի»,- ասել է Ալիեւը:
Եթե հրապարակային Սերժ Սարգսյանը կրկին կարեւորեց հետաքննության մեխանիզմների ընդունման անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ ադրբեջանական կողմի մոտ նման ցանկություն չկա, ապա Ալիեւն առհասարակ կենտրոնացած էր Բաքվի հիմնական «ակնկալիքների» վրա:
Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգի հանդիպման վերաբերյալ ընդունված հայտարարությանը, ապա այնտեղ միայն խոսք էր գնում այն մասին, որ Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են շփման գծում ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Այդ հայտարարությունում ընդամենը ասվում էր, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել, որում վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Սակայն կոնկրետ հետաքննության մեխանիզմների ընդունման մասին ռուսական հովանու ներքո կայացած հանդիպումից հետո ապրիլյան պատերազմից երկուսուկես ամիս անց չնշվեց, ըստ երեւույթին՝ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Թեեւ պետք է արձանագրենք, որ պաշտոնական Երեւանը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո էլ շարունակաբար խոսում, հիշեցնում էր, Ադրբեջանից պահանջում էր մեխանիզմների ներդրման վերաբերյալ հստակ պատասխան:
Այսպիսով, ի՞նչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում… Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւը երկրորդ անգամ հանդիպեցին: Սակայն դա եռակողմ առաջին հանդիպումն էր ապրիլյան պատերազմից հետո. ԵԱՀԿ-ն չէր մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթաժողովի նախապատրաստմանը:
Ու այստեղ նկատվեց, որ ռուսական միջնորդական ջանքերը չեն կարեւորում սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառումը, որն այդքան կարեւորում ու առաջնային էր համարում պաշտոնական Երեւանը:
Ռուսական «աջակցության» արդյունքում Ալիեւն իրեն ազատություն «շնորհեց»: Արդեն հունիսի վերջին ոչ ավել, ոչ պակաս Ադրբեջանի իշխանությունները հասկացնել տվեցին, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, եւ հարցը կարող է քննարկվել «ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն»:
Պաշտոնական Երեւանը համառորեն, սակայն շարունակում էր հիշեցնել հետաքննության մեխանիզմների մասին: «Ակնհայտ է, թե եռանախագահներն ում մասին են խոսում՝ որովհետեւ Հայաստանը բազմիցս կողմ է արտահայտվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի մշտադիտարկման առաքելության, ինչպես նաեւ թիմի ընդլայնմանը»,-ասել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որտեղ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ էր արվում վերացնել դեսպան Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման համար առկա խոչընդոտները:
Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ անգամ 2011 եւ 2012թթ. Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպված գագաթաժողովների ժամանակ Հայաստանը կողմ է արտահայտվել այդ առաջարկներին։ Նալբանդյանը նշել էր նաեւ, որ 2015թ. սեպտեմբերին եռանախագահող երկրների դեսպանները ընդգծեցին, որ Հայաստանը համաձայնել է առաջարկին, նրանք Ադրբեջանին կոչ արեցին վարվել նույն կերպ:
ԱԳ նախարարի խոսքով, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Ադրբեջանն անմիջապես ձեւացրեց, թե նման պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել եւ դա միայն եռանախագահների անձնական կարծիքն է: «Դրանով Ադրբեջանը կարծես թե փորձում է ասել, որ ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները կեղծարարությամբ են զբաղվում, երբ նրանք համատեղ հայտարարության մեջ նշեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանձնառություն են ձեռք բերել ու պայմանավորվել են Կասպրշիկի թիմի ընդլայնման ու հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ»,-նկատել էր նա:
Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները 2016թ. վերջը համառորեն աշխատել են միջնորդների հետ՝ Ադրբեջանին ճնշելու ուղղությամբ եւ այդ աշխատանքը որոշակի արդյունք տվել էր: Որ նման աշխատանք տարվել էր, կարելի էր եզրակացնել մի առիթով Իլհամ Ալիեւի հրապարակային դժգոհությունից:
2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանին ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ «Փակ դռների հետեւում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- ասել էր Ալիեւը։
Նա նաեւ հավելել էր, որ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։ «Արեւմտյան մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի, բամբասանքների եւ վիրավորանքների արշավի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծո, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ։ Լեռնային Ղարաբաղը մեր պատմական անբաժանելի տարածքն է եւ մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ հոկտեմբերի սկզբին կառավարության անդամների հետ հանդիպմանը։
2016թ. նոյեմբերին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արձանագրեց, որ հայկական կողմը ցանկանում է եւ պատրաստ է թեկուզ հենց այսօր ստորագրել շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին համաձայնագիր: Արձագանքելով այս հայտարարությանը` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը ՌԻԱ ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանն ասել էր, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է դիտարկել հետաքննության մեխանիզմի ներդրումը՝ «որպես հայկական զորքերի դուրս բերման գործընթացի մաս»:
Հետաքննության մեխանիզմների կիրառման ապահովումը՝ «հայկական զորքերի դուրսբերման» հետ կապելով, ակնհայտ էր, որ պաշտոնական Բաքուն ընդամենը խուսափում է այդ մեխանիզմների տեղակայմանը համաձայնություն տալուց:
Ավելի ուշ՝ ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը միջնորդների նշյալ պահանջը ներկայացրեց որպես հայկական կողմի ցանկություն. «Հայաստանի զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում եւ ռազմական օկուպացիայի փաստը հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտներն են: Օկուպացումը պետք է դադարեցվի: Մենք կարող ենք շարունակել բանակցությունները կայուն խաղաղություն ապահովելու համար` միանգամայն նոր մթնոլորտում, օկուպացման փաստի վերացումից հետո ստատուս-քվոյի փոփոխման պայմաններում: Հայաստանը, խուսափելով հանդիպումից, փորձում է չկատարել իր պարտավորությունները եւ պահպանել ստատուս-քվոն: Միեւնույն ժամանակ, Հայաստանը միտումնավոր շարունակում է իրավիճակի սրման քաղաքականությունը` խուսափելով հիմնական հարցերից եւ ուշադրությունը սեւեռելով տեխնիկական հարցերին»:
Կարող ենք արձանագրել, որ 2017թ. ապրիլի վերջին պաշտոնական Բաքուն հրապարակային մերժեց հետաքննության մեխանիզմների ներդրման՝ միջնորդների պահանջը, այն «տեխնիկական հարց» ներկայացնելով եւ ներկայացնելով որպես հայկական կողմի պահանջ:
Բաքվի քաղաքականությունը՝ մոռացության տալ հետաքննության մեխանիզմների կիրառման հարցում հի՞մք է, որպեսզի Հայաստանի այսօրվա իշխանությունը հրապարակային չպահանջի Բաքվից կատարել միջազգային պարտավորությունները… Ամենեւին: Պաշտոնական Երեւանը, ինչպես նաեւ Ստեփանակերտը թե՛ միջնորդների, թե՛ գործընկեր պետությունների եւ թե՛ միջազգային կառույցների ուշադրությունը պետք է հրավիրեն սույն փաստի վրա:
Նախկինում ասվում էր, որ բոլորը գիտեն, որ հետաքննության մեխանիզմների կիրառմանը դեմ է Ադրբեջանը, հետեւաբար բոլորի համար պարզ է, թե ով է հրադադարը խախտող կողմը, հստակ է, որ Բաքվին ձեռնտու չէ դրանց գոյությունը, որովհետեւ ֆիքսվելու է, որ ադրբեջանական կողմն է շարունակաբար խախտում հրադադարը:
Այժմ այս պարզ ճշմարտությունը Հայաստանի իշխանությունների կողմից չկարեւորելը, իհարկե, չի նշանակում, որ բոլորը սկսել են կարծել, որ հայկական կողմն է դարձել հրադադարը խախտող կողմը: Սակայն կա մի շատ կարեւոր նրբություն՝ Ադրբեջանի իշխանություններին չպետք է հնարավորություն տալ, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռեն ադրբեջանանպաստ պահանջների վրա այն դեպքում, երբ «խաղաղ բանակցությունների» մասնակից Ալիեւը խաղաղության նպաստող մեկ քայլի անգամ պատրաստ չէ:
Հետաքննության մեխանիզմների կատարման պահանջի մասին հիշեցնելն ու պահանջելը բխում է հայկական կողմի շահերից: Միջնորդներից պետք է պահանջել դրանց ամրագրումը թե՛ հրապարակային ելույթներում, թե՛ գրավոր տեքստերում: Ադրբեջանի իշխանությունները պետք է անընդհատ լսեն այդ մասին:
Սկիզբը՝ այստեղ
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.06.2020