Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնակիչները դեմ են, որպեսզի իրենց շրջապատում հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն լինի

Հունիս 11,2020 13:30

«Կաբելային հեռուստաընկերության համակարգերի հանրապետական կենտրոն» ՍՊԸ-ն՝ գործընկերների օգնությամբ, իրեն պատկանող տարածքում՝ Երեւանի Տպագրիչներ 13 հասցեում, սկսել է հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման մասնագիտացված կենտրոնի նախագծի իրականացման աշխատանքներ: Այդ նպատակով 2019-ին Երեւանի քաղաքապետարանից շենքի կիսանկուղային հարկում գլխավոր ճակատից մուտքի կազմակերպման աշխատանքներ իրականացնելու, սայլակավոր երեխաների համար թեքահարթակ կառուցելու վերաբերյալ պաշտոնական թույլտվություն է ստացվել, որին նախորդել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, կատարվել է շենքի գեոդեզիական «ախտորոշում», տրամադրվել է ճարտարապետական նախագիծ, պահպանվել են բոլոր չափանիշները:

Սակայն մի քանի օր առաջ մեկնարկած աշխատանքներն, ահա, ամենաանսպասելին բացահայտեցին. շենքի, որում գտնվում է տարածքը, որոշ բնակիչներ, սկսեցին խոչըդոտել շինարարությանը՝ մեկ պատճառ-հիմնավորմամբ՝ «Մենք չենք ցանկանում հաշմանդամություն ունեցող երեխաներ տեսնել մեր պատուհանների տակ»: Այս տարաձայնություններից անմիջապես օգտվեցին որոշ պատգամավորներ, ավագանու անդամներ՝ քաղաքական էժանագին շահաբաժիններ ձեռքբերելու համար:

Սարսափելի է, երբ այդ ամենը լսում ես մարդկանցից, երբ գիտակցում ես, թե որքան է որակազրկված մեր հասարակությունը: Սարսափելի է պատկերացնել, որ շքամուտքի երկու կամ երեք բնակիչների անձնական նկրտումների պատճառով երեխաները կկորցնեն իրենց իրավունքներն ու ազատությունները վայելելու հնարավորությունը: Մինչդեռ, մեր հասարակության դեռեւս ամենաանպաշտպան անդամները՝ հաշմանդամություն ունեցող երեխաները, ունեն նույն իրավունքները, ինչ մյուսները: Դա նշանակում է, որ նրանք հավասարապես պետք է իրացնեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կրթություն, բուժօգնություն ստանալու, աշխատելու, հանգստանալու իրավունքը: Ունենան հասանելիություն լիարժե՛ք կյանքի: Բայց, ինչպես պարզվում է, մեր հասարակությունը պատրաստ չէ դրան: Դժբախտաբար, մենք սկսել ենք ապրել նոր իրականությունում, որտեղ կարեկցանքը եւ գթասրտությունը տեղ չունեն:

Շուշանիկ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Կաբելային հեռուստաընկերության համակարգերի
հանրապետական կենտրոն» ՍՊԸ-ի լիազորված անձ

«Առավոտ» օրաթերթ
10.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930