Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապրիլյանի ժամանակ որքան էլ մեծ էր մեր կորուստն ու ցավը, մթնոլորտը ջերմ ու միացյալ էր, ուրիշի ցավ չկար, միասին լացում, միասին ուրախանում էինք»

Հունիս 11,2020 13:00

Ասում է «Առավոտի» զրուցակիցը` Մանուշակ Ստեփանյանը

– «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» բարեգործական կազմակերպությունը 2013 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղվում է մշակութային, սոցիալական, առողջապահական, ազգ-բանակ֊-հասարակություն ծրագրերով եւ խնդիրներով: Դուք, ձեր կազմակերպությունը մեկ այլ արտակարգ իրադրության միջով էլ եք անցել` ապրիլյան պատերազմի: Եթե համեմատելու լինես այս երկու մարտահրավերները՝ կազմակերպչական առումով, ինչպիսի՞ն են:

– Իհարկե, ճիշտ զուգահեռական տարաք, միաժամանակ անսպասելի եւ սպասելի, երկու դեպքում էլ նույն իրավիճակն է։ Երկու դեպքում էլ լուրջ մոտեցում չեղավ։ Մենք գիտենք, որ կենսաբանական զենք եւ պատերազմ հրահրողները եւս ունեն քաղաքական հետապնդում։ Մեր երկրում, եթե այս երկու պատերազմները համեմատենք, ապրիլյան պատերազմը համախմբեց ողջ հայությանը, դարձանք մեկ բռունցք, որքան էլ մեծ էր մեր կորուստն ու ցավը, մթնոլորտը ջերմ ու միացյալ էր, ուրիշի ցավ չկար, միասին լացում, միասին ուրախանում էինք։ Հիմա այլ է, չարի հզոր քարոզ է տարվում, նույնիսկ գեղեցիկ արտահայտության տակ չարն է թագավորում։ Մարդիկ շերտավորվել են հին ու նոր, սեւ եւ սպիտակ, իշխանություն եւ ընդդիմություն, կարծես մրցույթ լինի, ով ում շատ կվիրավորի կամ կնսեմացնի, իսկ մթնոլորտի այս նեգատիվ վիճակը երբեք լավի չի տանի։ Մարդիկ դադարել են իրար մարդ տեսնելուց, վստահելուց, դիմացինի մեջ հրեշ են փնտրում, եթե կարելի է գեղեցիկը փնտրել, մտահոգիչ է եւ շատ։

– Չնայած այս օրերի սահմանափակումներին, դուք շարունակում եք սոցիալապես անօգնական վիճակում հայտնված ազատամարտիկների ընտանիքներին այցելել: Երեկ վերադարձաք Կոտայքի մարզից: Ի՞նչ խնդիրներ նկատեցիք այս երեք ամիսների ընթացքում:

– Այո, իհարկե, այդ առումով ոչինչ մեր կյանքում չի փոխվել, շարունակում ենք հնարավորինս լինել նրանց կողքին, սակայն այդ չնչին աջակցությունը նրանց կյանքում ոչինչ չի փոխում, որովհետեւ հիմնականում, ինչպես միշտ եղել է, պետության կողմից անտեսված են: 2019 թվականին ՊՎԾ պետի նախկին խորհրդական Աշոտ Վանյանի հետ, ում, չգիտեմ ինչ խնդիր կար, ազատեցին աշխատանքից, երեւի շատ սրտացավ եւ մտահոգ պաշտոնյա էր, 400 զինծառայողի եւ զինհաշմանդամի հարցեր ենք կարգավորել, հիմա մի քիչ դժվարացել է, կրկին համապատասխան դռներն անհասանելի են եւ անպատասխանատու:

Օրինակ, 1982 թվականին ծնված Էդուարդ Ավագյանը, ով 2001 թվականին զինվորական պարտականությունները կատարելիս, ականապայթյունից դարձել է հաշմանդամ, ուներ 3-րդ կարգի հաշմանդամություն եւ 2008 թվականից հերթագրված է բնակարանի համար՝ ընտանիքը՝ կինը եւ երկու երեխաները, ապրում են վարձով քաղաք Աբովյանում:

Սերժ Սարգսյանի կառավարության օրոք օրենք հաստատվեց, մեծ մասին զրկեցին նաեւ այդ 3-րդ կարգից, հետեւաբար՝  բնակարան ստանալու իրավունքից:  Զբաղվեցինք Էդուարդի խնդրով, փաստորեն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն, հաստատվեց եւ արդեն ստանում է 2-րդ կարգի զինվորական թոշակ՝ 78000 դրամ, որից 50000-ը վարձ են տալիս, 28000-ով ապրում, կնոջը կրճատել են եւ ընտանիքի բյուջեն կազմում է այդ 28000-ը, հասանելիք բնակարանն էլ չեն տալիս:

Սոցիալական վարչության կողմից տրված 2-րդ կարգ հաշմանդամությունը, նույն սոցվարչության կողմից մերժվել է բնակարան տալը, նշելով, որ դուք 3-րդ կարգ եք, այսինքն՝ կառույցը նույնիսկ իր ներսում, ղեկավարը նույնիսկ իր ստորագրած եւ կնիքած փաստաթղթից տեղյակ չէ (տես՝ լուսանկարները):

Եվ արդյունքում ունենք ոտնահարված իրավունքով հաշմանդամ: Նրա բոլոր համապատասխան փաստաթղթերն ինձ մոտ կան:

Եվս մեկ անտեսված ազատամարտիկ՝ 1967 թվականին ծնված Տիգրան Հարությունյանը (նկարում նրա բնակարանն է), Արամուսի ջոկատից (հրամանատար՝ Մայիս Խաչատրյան), կրկին Կոտայքի մարզից, 1992 թվականին Լաչինում ականապայթյունից ոտքերն են վնասվել, 2015թ.-ից արդեն անվասայլակի վրա է, 1-ին կարգի հաշմանդամ է, բայց ոչ զինվորական, ինչո՞ւ:


Ոչ մի անվճար դեղորայք չի ստանում, պատճառաբանում են, որ դեղերդ թանկ են, պետությունը չի կարող հոգալ: 35000 դրամ թոշակ ստացող ազատամարտիկը, ով ունի շաքարային դիաբետ, լյարդի ցիռոզ, տարել է ինֆարկտ եւ ինսուլտ,  դեռ ամենաանհրաժեշտ դեղերի գնացուցակն եմ նշում՝ ամիսը 185000 դրամի դեղորայք է ընդունում, օգնում են թոշակառու ծնողներն ու իր նման ընկերները, այս իրավիճակում արդեն նրանք էլ չեն կարողանում օգնել: Հարց, համապատասխան կառույցներն ու իբրեւ աջակցող հիմնադրամներն ո՞ւմ են օգնում: Գիտեք, որ նման ազատամարտիկների թիվը սահման չունի, կարող եմ տասնյակ անուններ փաստերով նշել` հայրենիքի համար զոհասեղանին իրենց կյանքը դրած մարտիկները արժեքներ ունեն եւ դրոշակը չեն վերցնի ձեռքներն ու չեն ասի՝ մենք արել ենք, հիմա էլ ձեր հերթն է անելու: Չէ՞ որ այս ամենի համար կան համապատասխան հաստիքներ եւ վճարվում են. ինչի՞ համար, չարված աշխատանքի՞: Եվս մեկ այլ օրինակ այլ բնույթի, որը խնդիր է մեկ գիշերվա մեջ բռնագաղթված արծվաշենցիների համար, մինչ հիմա նրանք փախստականի կարգավիճակ չունեն, ինչո՞ւ: Մարդիկ թողնելով իրենց տունտեղը, իրենց վաստակը, մի ձեռք շորով դուրս են եկել, մինչեւ հիմա անտուն, թափառական: Սերժ Սարգսյանի օրոք միջազգային համապատասխան կառույցից արծվաշենցիների համար տրամադրվեց վեց միլիարդ դրամ գումար, որից մեկ միլիարդը բաժանվեց, կարծես անձը 300000 դրամ, իսկ այ, հինգ միլիարդի ճակատագիրն անհայտ է, որովհետեւ եկան նորերը եւ հրաժարվում են շարունակել ծրագիրը, մարդիկ հայտնվել են բախտի քմահաճույքին: Իսկ մի արծվաշենցու ընտանիք, հայրը պատերազմի առաջին օրից մինչեւ վերջ կռված, բնականաբար՝ կրկին անտուն, 34-ամյա դուստրը, ով ամուսնացած չէ, հիվանդացել է քաղցկեղով, որքան էլ որ նշում են անվճար է, դա ամենեւին էլ այդպես չէ, դիմել են ՊՆ եւ ԱՆ՝ աջակցության համար, ստացել են պատասխան, որ դուք արդեն մեծ եք եւ չեք համարվում ձեր հոր ընտանիքը, ահա եւ սա է մեր իրականությունը:

– Որեւէ պետական կառույցի հետ համակարգո՞ւմ եք աշխատանքները:

– Բնականաբար, ծագած խնդիրների համար առաջինը դիմում եմ պետական կառույցներին, նրանցից ստացած պատասխաններից ելնելով, որոնք հիմնականում մերժված են լինում, դիմում եմ արդեն բարերարներին, ծանոթացնում շահառուների վիճակի եւ խնդրի հետ, արդեն իրենք շարունակում են կապը միմյանց հետ: Արդյունքում ունենք 1000-ին մոտ բուժված հիվանդներ, անտունների բնակարանների ապահովում, ուսման վճարների մարում եւ այլ կենցաղային խնդիրների կարգավորում:

Հարցազրույցը`

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930