Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կեղծել արվեստի գլուխգործոցները

Հունիս 11,2020 12:30

Կամ՝ Գյորինգին խաբելուց մինչեւ մեր օրեր

Կտավների եւ ընդհանրապես արվեստի գործերի կեղծումը հազարամյակների պատմություն ունի:

Այն շարունակվում է նաեւ այսօր:

Իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ եւ գրող Ջորջիո Վազարին իր «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների եւ ճարտարապետների կյանքի նկարագրությունները»  գրքում  մի օրինակ է բերում Միքելանջելո Բուոնարոտիից:

Նա իր կարիերայի սկզբում «Քնած Կուպիդոն» քանդակը թաքուն թաղել էր քաղաքից հեռու եւ հետո իբր պատահմամբ հայտնաբերել ու որպես հնություն վաճառել:

kulturologia.ru-ի փոխանցմամբ՝  այսօր արվեստի գործերի կեղծումը արվեստի հասնող մի ամբողջ գիտություն է, որովհետեւ կեղծելու համար եւս պետք է տաղանդավոր լինել եւ կարողանալ կրկնօրինակել  գլուխգործոցը ստեղծած հանճարի ձեռագիրը:

Բացի կեղծելը, պետք է հին կտավների վրա աշխատել, դրա համար կեղծարարները ձեռք են բերում ոչ արժեքավոր, բայց հին կտավներ, որովհետեւ կտավի հին չլինելը եւս կարող է չվրիպել  փորձագետների աչքից: Ժամանակակից կեղծարարները նույնիսկ ուսումնասիրում են, թե ինչ գունավորիչներ ու ներկեր է օգտագործել բնօրինակի հեղինակը:

Կոնկրետ հեղինակներին բնորոշ ստեղծագործական հնարքները բանեցնելուց հետո կեղծարարները կտավներն ուղարկում են հատուկ վառարան, որտեղ որոշակի ջերմային «մշակումից» հետո ստանում են իրենց անհրաժեշտ հնությունը: kulturologia.ru-ի տեղեկացմամբ, ոմանք կտավին հնության էֆեկտ հաղորդելու համար նաեւ չինական տուշ են օգտագործում, որը մաքրելուց հետո նկարը «հնամյա» փոշով թաթախված է թվում:

Չնայած այսօր  այդքան էլ բարդ չէ կեղծը  բնօրինակից տարբերելը, սակայն, միեւնույն է, կեղծված արվեստի գործերի շուկան ծաղկում է ապրում՝ Դալի, Վան Գոգ, Ռենուար, Պոլ Գոգեն, Կլիմտ …բոլորի իբր բնօրինակ գործերը կարելի է ձեռք բերել: Շատ տարածված է անհայտ ինչ-որ գործեր հայտնի գեղանկարիչների վաղ շրջանի ստեղծագործություններ ներկայացնելը: Խաբեության նման մի օրինակ կապված է եղել հոլանդացի գեղանկարիչ, դիմանկարիչ Հան Վան Մեեգերենի հետ, որն իր մի քանի ստեղծագործություն կարողացավ իբրեւ Վերմեերի ստեղծագործություններ «սաղացնել» ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից Հերման Գյորինգի վրա:

Երբ 1945թ. Հան Վան Մեեգերենը ձերբակալվեց ֆաշիստների հետ համագործակցության մեղադրանքով, նա ստիպված եղավ բացահայտել գաղտնիքը եւ  խոստովանել, որ Գյորինգին վաճառել է կեղծ կտավներ, հետեւաբար չի համագործակցել ֆաշիստների հետ: Ապացուցելու համար, որ խաբել է Գյորինգին, Հան Վան Մեեգերենը ստիպված եղավ եւս մեկ գլուխգործոց կեղծել, ինչից հետո  կեղծարարության հանճարը խուսափեց ծանր պատժից եւ ընդամենը մեկ տարի բանտ նստեց: Նա 20-րդ դարի ամենահայտնի կեղծարարներից մեկն էր, որի  նկարները եվրոպացի արվեստաբաններն ընդունել են որպես դասական ստեղծագործությունների եզակի օրինակներ: Իր կեղծարարության արդյունքում նա ժամանակին աշխատել է ավելի քան 8 միլիոն գուլդեն (շուրջ՝ 25-30 մլն ամերիկյան դոլար):

Արվեստի գործեր կեղծելու մի մեթոդ  էլ քսաներորդ դարի յոթանասունականներին մտածել է ավստրալացի Էլիզաբեթ Դուրակը: Չնայած ազգանվանը՝ նա բավականին խելացի էր ու արվեստի գործեր կեղծելու առումով լավ հոտառություն ուներ: Նա իբրեւ նաիվ արվեստի բացառիկ նմուշ ներկայացրեց իբր աբորիգեն նկարչի քանդակը, որն ինքն էր ստեղծել: Այն մեծ հաջողություն ունեցավ, սակայն խաբեությունը հետագայում բացահայտվեց, քանի որ աբորիգենը հարբեցող էր եւ չէր կարողանում լավ խաղալ իր դերը:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930