Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի վարկանիշի վախճանը մոտ է, ու վախճանից առաջ այդ հոգեվարքի ցնցումները նկատելի են»

Հունիս 11,2020 14:00

Իմքայլականը վստահեցնում է, որ ԲՀԿ-ի շուրջ քրեական գործերի օղակը սեղմվում է, բայց դեռ չգիտեն՝ գայլաձուկը ԲՀԿ-ն է՞, թե՞ «Լուսավոր Հայաստանը»

Ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի ու պատրաստ է համագործակցել այլ ուժերի հետ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, իմքայլականները քարը քարին չեն թողնում՝ Ծառուկյանին քննադատելու, նրա հետ կապված քրգործերը հիշեցնելու, նրա կուտակած հարստության օրինականությունը կասկածի տակ դնելու համար:

«Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԲՀԿ-ականներին հորդորեց Սահմանադրությունը, «ԱԺ կանոնակարգ» օրենքը վերընթերցել՝ հասկանալու համար մի պարզ բան՝ արտակարգ դրության ռեժիմի ժամանակ կառավարության կամ վարչապետի հրաժարականի հարց չի կարող քննարկվել. «Մնացած բոլոր տրամաբանական կամ անտրամաբանական եզրահանգումները կթողնենք արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո: Իրավական առումով նրան չեն կարող նման գործիք բանեցնել: Որպես ընդդիմություն՝ կարող են կասկածներ ունենալ, կարող են իրենց սահմանադրական իրավունքից օգտվել, միանալ մյուս ընդդիմադիր ուժերի հետ, օգտվել իրենց 1/3 ձայների հնարավորությունից: Բայց ինձ մոտ գոնե այն տպավորությունն է, որ «Լուսավոր Հայաստանը» մի կողմ է քաշում ժողովրդին կամ իշխանություն ասածը, ԲՀԿ-ն մի կողմ է ձգում: Այս ամենն ինձ հիշեցնում է Կռիլովի հայտնի առակը՝ «կարապ, խեցգետին, գայլաձուկ», պարզապես չեմ կարող այս պարագայում հիշել, թե գայլաձուկն ով է իրենցից»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասում էր, որ երբ ժամանակին ուղիներ էին մատնանշում՝ համավարակը հաղթահարելու, տնտեսական խնդիրները լուծելու համար, իրենց չէին լսում, հիմա ասում են՝ ինչո՞ւ իշխանությանը ապավեն չեք լինում ու այս նեղ օրերին կառավարության հրաժարականի հարց եք բարձրացնում: Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ցանկացած հարցում ապավինում եմ տրամաբանությանը եւ փաստերին: Երեւի թե նախկին լրագրողի կոչումն իմ մեջ չի մեռել: Եթե հենվում ենք փաստերի վրա, արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո օրենքի ուժով գումարվում է ԱԺ-ում հատուկ նիստ, որի ընթացքում յուրաքանչյուր խմբակցություն հնարավորություն ունի միջոցառումների ցանկը փոփոխել, ընդլայնել կամ որոշ միջոցառումներ չեղարկել: Ես չեմ հիշում, որ ԲՀԿ-ն հատուկ նիստի ընթացքում առաջարկներով դիմեր, որոնք ուղղված կլինեին որոշակի դրույթների ու որը չէր կատարվի: Ընդհակառակը, տեւական ժամանակ կասկածի տակ էր դրվում՝ դիմակը պե՞տք է դնել, թե՞ պետք չէ դնել: Այնուհետեւ՝ որոշակի սահմանափակումներ պե՞տք է կիրառել, թե՞ պետք չէ կիրառել: Երբ խնդիր կա ու փորձում են հիմա ներկայացնել, որ պրոցեսը ձախողած է ու ձախողումը բարդել իշխանությունների վրա… Այո, մենք ունենք վարակվածների մեծ ցուցանիշ, բայց երբ որ մահացության ցուցանիշն ենք նայում, ապա աշխարհում 1,5 տոկոս ցուցանիշ ունենք եւ 63-64-րդ հորիզոնականն ենք զբաղեցնում: Սա խոսում է, որ առողջապահական համակարգը այնուամենայնիվ, իր դերակատարումն ունի: Մնացածի առումով՝ արդյոք միջոցառումները համարժեք եղել են, թե չեն եղել, կարծում եմ, քննարկելու ժամանակ դեռ կունենան: Բայց ստեղծված իրավիճակն օգտագործել քաղաքական նպատակների համար, չի խոսում պետականամետ գործելաոճի, բարի նպատակների մասին»:

Հարցին՝ ի՞նչ կարիք կա նախկին քրեական գործերը հիշեցնել, թափահարել ամեն անգամ, երբ քաղաքական սրացումներ են նկատվում, ԲՀԿ-ականներն ասում են՝ բան ունեիք ասելու՝ «Մարիոթի» դեմը հանդիպել էիք, հուշագիր էիք ստորագրում Գագիկ Ծառուկյանի հետ, չանեիք, եթե գիտեիք այդ տիպի ուժ են՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Այն հանգամանքները, որ ինչ-որ գործեր շրջանառվում են, դա իրականություն է ու որեւէ մեկը թաքցնել չի կարող: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր գործելաոճի մեջ: Եթե հիշեցնելու կամ շահարկելու բաներ ունենանք, իրականում շատ քրեական գործեր կան ու ես ձեզ խոստանում եմ, որ առաջիկա ԱԺ նիստի ընթացքում ես մի հստակ վիճակագրություն կներկայացնեմ, որը կխոսի, թե քրեական որ հանցագործություններն են հատկապես միավորում ԲՀԿ-ի մեր հարգելի գործընկերներին, որոնց գործերն այս պահին քննության փուլում են գտնվում ու օղակը գնալով սեղմվում է ու, բնականաբար, վարքագծի նման դրսեւորումներ է բերում: Այո, վախճանից առաջ այդ հոգեվարքի ցնցումները նկատելի են»:

Ճշտեցինք՝ այսինքն, ԲՀԿ-ի վախճանը մո՞տ է՝ պատգամավորը պատասխանեց. «Վարկանիշի վախճանը միանշանակ մոտ է»:

Հարցին՝ եթե Ծառուկյանը նման հայտարարություն չաներ, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին չխոսեր, դուք նորի՞ց այդ քրեական գործերը վեր կհանեիք ու ԲՀԿ-ի հետ կապը կընդգծեիք, թե՞ սա զուտ այդ սրացումներով է պայմանավորված՝ Նազելի Բաղդասարյանն ի պատասխան հիշեցրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումը եւ պետաիրավական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հարցադրումներ է արել մի քրգործի վերաբերյալ, որը հստակ առնչություն ուներ ԲՀԿ պատգամավորներից մեկի հետ. «Բազմաթիվ անգամ ԱԺ ամբիոնից խոսել եմ ԲՀԿ-ի մեկ այլ պատգամավորի մասին, որի քրեական գործողություններն ընդլայնվել են Գյումրի քաղաքում ու այդ առումով նույնպես քրեական գործ կա, ԱԱԾ-ն դեռ ամիսներ առաջ յուրացման հստակ չափորոշիչներով ու ակնառու փաստերով գործերն ուղարկել է Քննչական մարմին: Այս երեւույթները տեղի են ունեցել 1,5 տարվա ընթացքում ու քաղաքական նպատակահարմարությունից ու շահավետությունից չի ելել: Ես ինքս բարձրաձայնել եմ ու հետեւողական եմ լինելու այդ երկու փաստերին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930