Այսօր ՀՀ Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ԵՄ «վիրտուալ առաքելության» շրջանակում առցանց հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԳԵԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի գծով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար
Վասիլիս Մարագոսը, ԱԳԵԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և պատվիրակության այլ ներկայացուցիչներ:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է այս տարի մեկնարկող, ՀՀ Ազգային Ժողովի հետ առաջին անգամ իրականացվող ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության Twinning գործիքով փորձի փոխառման ծրագիրը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարման համատեքստում ՀՀ-ԵՄ օպերատիվ համագործակցությունն ու Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, ՀՀ Ազգային Ժողովի և Եվրախորհրդարանի հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև՝
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին:
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմ