Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից ընդունված թիվ 158 որոշումը հարուցել էր Էջմիածնի քաղաքացիների զայրույթը։ Համաձայն ավագանու որոշման ու համայնքի ղեկավարի հաստատման՝ Էջմիածին համայնքում գտնվող հողամասի սեփականատեր «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ-ի դիմումը բավարարվել է՝ տալով ԱԳԼՃԿ կառուցելու ճարտարապետահատակագծային թույլտվություն՝ հետագայում նաև շինթույլտվություն։ Աշոտ Միրզոյանի որդին՝ Արման Միրզոյանը, նախկին քաղաքապետ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մտերիմ ընկերն է։ Էջմիածինցիներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ շինթույլտվություն է տրվել Արման Միրզոյանին, որը հեղափոխության օրերին Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մարդկանց հետ բնակիչներին վախեցնում ու թույլ չէին տալիս մասնակցել հեղափոխությանը՝ կասեցնելով հեղափոխության ընթացքը Էջմիածնում։
Այսօր այս առնչությամբ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինչ վերաբերվում է քաղաքապետ տիկին Գասպարյանի կողմից տրված թույլտվությանը, նման թույլտվություն տրված չէ քաղաքապետարանի կողմից այս պահին: Գազալցակայանների թուլտվությունները չեն սահմանափակվում միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Գալիս են մարզպետարան, իսկ մենք նման գրություն մարզպետարանում չունենք: Առհասարակ նման թույլտվությունները կարիք ունեն միջգերատեսչական հանձնաժողովների, այդ թվում տարբեր նախարարությունների համաձայնության, միանձնյա տիկին Գասպարյանը չի կարող նման թույլտվություն տալ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից պետք է հաստատվի, այնուհետեւ միջգերատեսչական հանձնաժողովով անցնի»:
Հարցին՝ ժամանակին Դիանա Գասպարյանը դեմ էր Մանվել Գրիգորյանի մերձավորների հետ աշխատանքային քննարկումներին եւ չէր ուզում գործարքների մեջ մտնել, ինչպե՞ս է ստացվում, որ գազալցակայանի շինթույլտվություն պետք է տա Մանվել Գրիգորյանի մերձավորներին՝ մարզպետը պատասխանեց, որ նախ դեռ պետք է հիմնավորվի թույլտվության հարցը. «Երկրորդը՝ ի՞նչ մերձավորների մասին է խոսքը: Այսօր ՀՀ-ում մենք բոլորս մեկս մյուսին ծանոթ ենք եւ շատ հնարավոր է լինենք բարեկամներ: Ցանկացած շինթույլտվության հետեւում հնարավոր է գտնեն մեզ ծանոթ կամ բարեկամ անձինք: Շինթույլտվությունները տրվում են նորմերին համապատասխանեցնելուց հետո, ոչ թե ինչ-որ անձանց հետ պայմանավորված»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ