Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի ԱԱԾ տնօրեն

Հունիս 10,2020 23:00

«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հաղորդավարը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցի ընթացքում մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։

«Երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել, և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ ղեկավար անձնակազմին ԱԱԾ նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս։

Հարցազրուցավարը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ԱԱԾ այն կառույցներից է, որ պետք է որդեգրի նման արժեքներ, թե՞ այնուամենայնիվ, պետք է լինի ապաքաղաքական և աշխատի ցանկացած իշխանության օրոք՝ ապահովելով երկրի անվտանգությունը։

Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Շատ ճիշտ եք, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի քաղաքականությունից դուրս։ Եթե Ազգային անվտանգության ծառայությունը սկսեց ծառայել օրվա իշխանություններին՝ մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ»։

Նա համաձայն չէր լրագրողի այն պնդմանը, թե ԱԱԾ-ն երբեք չի եղել քաղաքականությունից դուրս և միշտ ծառայել է օրվա իշխանությանը․ «Իմ՝ Ազգային անվտանգության տնօրեն աշխատած ժամանակ և առհասարակ միշտ կատարել եմ իմ պաշտոնական լիազորությունները։ Երբեք չեմ անցել իմ պաշտոնական լիազորություններից և գործել եմ բացառապես օրենքների շրջանում։ Իսկ առհասարակ ես մի բան եմ ուզում դիտարկել և ասել․ իմ պատկերացմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նաև ոստիկանապետն է Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև մնացած կառույցների ղեկավարը։ Նա անմիջական մասնակցում է, այդ կառույցների գործերին է խառնվում։ Իհարկե, իրեն ենթակա մարմիններ են, բայց չի կարող վարչապետը այդքան խորը մտնել և ցուցումներ տալ, ուժային կառույցներին՝ հատկապես»։

Հարցին՝ իսկ որտե՞ղ են երևացել այդ ցուցումները, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ օրինակ, կառավարության նիստերին։ Նկատառմանը, թե միշտ էլ դա եղել է, նա արձագանքեց․ «Շատ վատ է եղել, որ եղել է։ Ես չեմ ասում, որ չի եղել։ Այո՛, եղել է, շատ բաներ էլ են եղել։ Բայց 2018 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը դուրս եկան փողոց և գնացին Նիկոլ Փաշինյանի հետևից»։

Նա հավելեց․ «Կառավարության նիստի ժամանակ, երբ հրապարակային հանձնարարություններ են տրվում, հարուցել քրեական գործ, կանչել պատասխանատվության։ Գազալցակայանները ես հանձնարարություն չեմ համարում, դա աբսուրդի ժանրից է, որ նման լուրջ կառույցին հանձնարարում են գազալցակայանին հաշվիչ դրամարկղային մեքենաների կտրոններ տրամադրել կամ չտրամադրելը ստուգել»։

Արթուր Վանեցյանը ասաց, որ շատ է ցավում ԱԱԾ-ի և այնտեղ աշխատող իր նախկին գործընկերների համար․ «Անձամբ ճանաչում եմ գրեթե բոլորին, գիտեմ իրենց պատկերացումները երկրի և պետության մասին։ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատող մարդկանց մեծամասնությունը, հավատացեք ինձ, հայրենասեր և ազնիվ մարդիկ են։ Նրանք միշտ ծառայել են պետությանը, և պետական շահը եղել է նրանց համար ամենաբարձր արժեքը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է Ազգային անվտանգության ծառայությունը սարքել իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Հուսով եմ և համոզված եմ, որ դա նրան չի հաջողվելու, և Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, մնացած իրավապահ համակարգի ներկայացուցիչները կփորձեն զերծ մնալ քաղաքական հետապնդումներ իրականացնելուց»։

Հարցազրուցավարը նկատեց նաև, որ ԱԱԾ տնօրենի, ոստիկանության և ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի փոփոխությունը  համընկավ այն ժամանակահատվածի հետ, որ ընդդիմության ճամբարից ավելի շատ են հնչում իշխանության, կառավարության հրաժարականի կոչեր։ Նա հետաքրքրվեց, թե դա արդյոք զուտ ժամանակային համընկնո՞ւմ է, թե՞ փոխկապակցվածություն կա։

Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ դրանք համընկնումներ չեն․ «Դա իրականում արվել է մի նպատակով, որ մեր հիմնական երկու ուժային կառույցները ծառայեն հստակ այսօրվա քաղաքական իշխանության պատվերները կատարելու համար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930