Այսօր Գյումրու ավագանու նիստին քննարկվեց Վարդգես Բագրատի Արծրունուն հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը:
Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ այս հարցով միջնորդություն են ներկայացրել Ռուսաստանի հայերի միությունը և նախագահի աշխատակազմը։
Հենրիկ Գասպարյանը ներկայացրեց նրա աշխատանքային գործունեությունը։
«Վարդգես Արծրունին երկրաշարժի հենց առաջին օրվանից լծվեց փրկարարական աշխատանքների կազմակերպման և փլատակների հեռացման, վերացման աշխատանքներում։ Մեծ աշխատանք էր կատարում, շտաբի պետն էր, նա կազմակերպում էր նաև շինարարական աշխատանքներ և գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները։ Նա այդ ժամանակ ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահն էր և մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր։
Կարդացեք նաև
Մեծ է նրա լուման մեր քաղաքի համար, մեծ աշխատանք է կատարել, և ես գտնում եմ, որ նա արժանի է ունենալ Գյումրու քաղաքացու պատվավոր կոչումը, թեկուզ և հետմահու», ասաց Հենրիկ Գասպարյանը, որն այդ տարիներին շփվել էր Արծրունու հետ։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հավելեց․ «Ես նույնպես արտահայտվեմ, ես էլ եմ մասնակցել խորհրդակցություններին, գիտեմ, որ շատ լուրջ աշխատանք կատարեց, իհարկե, Շերբինայի հետ, որի անվան փողոց կա Գյումրիում և հուշարձան է տեղադրված։ Շատ արժանի մարդ է եղել, պատահական չէ, որ այդ ամենն արվել է։ Համարյա նույն մակարդակի գործ է կատարել, իհարկե, քիչ ժամանակահատվածում է եղել, բայց հետագայում ինքը Մոսկվայից նախագծային հատվածի հետ կապված մեծ աշխատանք կատարեց մեր քաղաքի համար։ Եվ պատահական չէ, որ երաշխավորել են հայերի միությունում, հանրապետության նախագահը, շատ մարդիկ, որոնք իր հետ աշխատել են։ Շատ նամակներ ստացա, ես բոլորի կարծիքը լսեցի»։
Սամվել Բալասանյանը խնդրեց, որ դեմ կամ ձեռնպահ քվեարկող չլինի, եթե խոսքը վերաբերում է պատվավոր քաղաքացի շնորհելուն։ Գյումրու ավագանին միաձայն կողմ քվեարկեց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ