Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտ գործի եմ գալիս, 2 շուն՝ հպարտ, ուզում են հետս բարձրանալ քաղաքապետարան»․ Գյումրու քաղաքապետը՝ շների թեմայով

Հունիս 10,2020 20:45

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ  բուռն քննարկման արժանացավ թափառող շների թեման։  Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնել  է  տարածք ու կառույց հատկացնել  այն բարեգործներին կամ կենդանասերներին, որոնք հանձն կառնեն ապաստան ստեղծել  թափառող շների համար։

Օրակարգի հարցերից մեկը  համայնքի  սեփականություն հանդիսացող Ղարսի խճուղի 1-ին նրբանցքի 4 հասցեում գտնվող սոցիալ-կենցաղային շինությունն ու  առանձնացված հողամասը թափառող  շների վնասազերծման ծառայություններ մատուցելու նպատակով  ժամանակավոր անհատույց օգտագործման տրամադրելու մասին էր։

Զեկույցով հանդես եկավ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Նա ասաց․ «Հարգելի ավագանու անդամներ, ինչպես գիտեք վերջին ժամանակներս շատ սրվել է թափառող կենդանիների հարցը , որոշակի դեպքեր գրանցվեցին նաև Գյումրի քաղաքում՝ չնայած այն հանգամանքին, որ Գյումրու համայնքապետարանն իր լիազորությունների սահմաններում  ամեն ինչ անում է հարցը կարգավորելու համար։ Նույնիսկ արդեն պայմանագիր կա կնքված համապատասխան կազմակերպության հետ վնասազերծման հարցերը կազմակերպելու համար, սակայն մեզ թվում է , որ դա դեռևս բավարար չէ, մեզ պետք է լրացուցիչ միջոցառումներ իրագործել։

Դրա համար մենք առաջարկում ենք՝  համայնքի սեփականություն հանդիսացող կիսակառույց շինություններից մեկը, որը  չի օգտագործվում , առանձնացնենք և հետագայում տրամադրենք այն կազմակերպություններին , որոնք բարեգործական նպատակներով  ցանկություն կհայտնեն  էդ գործով զբաղվելու։ Կենդանասերներ կլինեն, չգիտեմ բնապահպաններ կլինեն, բարեգործներ կլինեն․․․

Այսինքն, մենք ուզում ենք պատրաստ լինենք այդ հարցին, տանք հնարավորություն, որ ցանկացած պահի, եթե  որևէ մեկը դիմի այդ հարցով մեր քաղաքին օգնելու, մենք պատրաստ լինենք, առաջարկություն ներկայացնենք տեղի հարցով։  Սա կարևոր է այդ գործի համար, որովհետև կացարանները պետք է կազմակերպել, լաբորատորիաները՝  նույնպես։  Պայմանագրով հետագայում կմանրամասնենք, թե ինչ պայմաններով կտանք։ Այսինքն՝ մենք պատրաստվում ենք անվճար, անհատույց տալ  օգտագործման՝ դիմացը ստանալով այդ ծառայությունները մեր քաղաքի համար»։

ԳԱԼԱ խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը հարցրեց՝ հետաքրքրվողներ կա՞ն, որին ի պատասխան՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց․ «Կա հետաքրքրվող, ուզում է տարածքը իրենով անի, մենք էլ չենք տալիս։  Օրինակ՝ Կիրովի վրա, ասում է՝ շենքի տակի պադվալը տվեք, շուն պահենք,  տա՞նք։ Արդեն շան անվան տակ ասում է՝ պադվալը տվեք։ Բարեգործ պիտի լինի իրականում , պետությունը օրենք ընդունեց,բնականաբար համայնքներին  պիտի գումար տա, որպեսզի ապաստարան ունենան շները։ Թող ունենա, շատ լավ, բայց ապաստարան ունենալու համար բժիշկ է պետք, հատուկ ծառայություն է պետք, խոհանոց է պետք, ամեն ինչ պետք է, ասենք ոնց որ սովորական հիվանդանոց է»։

Քաղաքապետն ասաց, որ հայտարարություն կտան տարածք տրամադրելու մասին՝ հրավիրելով բարեգործների, կենդանասերների, «պատրիոտների» ուշադրությունը, որովհետև քաղաքապետարանն արդեն իսկ արել  է  ամենա-ամենա»-ն,  255 շների ստերջացման համար նորից մրցույթ  է հայտարարել։ Դրանից  ավել, ըստ քաղաքապետի, համայնքը ոչինչ անել չի կարող։

Էսօր առավոտ գալիս եմ, բարձրանում եմ, երկու շուն հպարտ, առաջ մի շուն էր, հիմա երկուսն են, կողքիցս հպարտ բարձրանում են, ուզում են մտնեն քաղաքապետարան։Նույնիսկ չեմ դառնում, որ կենդանասերները չասեն՝ այ քաղաքապետը շանը  բան ասեց, չի  կարող էդպես լինել էլի, բայց էս է վիճակը․․․

Դրա համար ստիպված մենք գնացինք  էս քայլին, որպեսզի  շենք, տարածք տրամադրենք, բարեկարգենք, բարեգործը վերցնի, կարողանա օգտվել դրանից»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Ըստ քաղաքապետի, ՀՀ ողջ տարածքում թափառող շների հարցը դարձել  է բարդ խնդիր, չեն կարող վնասազերծել , բայց մյուս կողմից էլ գազազած, կատաղած շներ կան, չգիտեն ինչ անեն։

«Առաջ ինչ-որ վնասազերծման հնարավորություն կար, հիմա  օրենք ընդունեցին, քրեական հոդված է, որևէ մեկը  ռիսկ չի անում ոչ մի բան  ասել որևէ շան։ Դուրս եկեք քաղաքապետարանի չորսբոլորը պառկած են իրանց համար, իրենցով են արել։ Խայտառակություն էր, էդ երեխին ինչ օրն էին գցել, լավ է փրկվեց, մեր բախտից էր փրկվեց։ Միայն ես չեմ մտահոգ, բոլորն են մտահոգ»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետն ասաց, որ Գյումրին Հայաստանի  առաջին համայնք է,  որը շների ապաստարանի համար տեղ է հատկացնում։ Ըստ նրա, միակ տարբերակն այս պահին սա է․ կամ օրենքում պետք է փոփոխություն մտցնեն, կամ շների համար ապաստարան կառուցեն։

«Միայն Գյումրիում չէ այս վիճակը, գնացեք տեսեք Երևանում ինչ է  կատարվում, գնացեք Վանաձոր, մտահոգիչ է բոլոր համայնքապետերի համար, դեպք է եղել , նյութեր են նախապատրաստում, թե ո՞վ է  մեղավոր»։

Ըստ Սամվել Բալասանյանի, ՏԻՄ օրենքով  ապաստան ստեղծելու պարտավորություն չկա,  սակայն  պիտի մտածես քաղաքի ժողովրդի մասին։

«Ամենամտահոգը մենք են, մեր բնակչությունը, այսօր գյուղերում շները քիչ են», -ասաց քաղաքապետը։ Նա  նաև նեղվեց, թե հենց շները ձագ են հանում, քոթոթներին բերում են գյուղերից, թողնում Գյումրիի ծայրամասերում տեղադրված աղբամանների մոտ։

«Էսօր մարդը շուկայից կամ խանութից դուրս է գալիս, շները հարձակվում են վրան, էղավ ճիշտ բա՞ն․ օրենքը  ընդունվել է, բան չունեմ ասելու , ինձ թվում է փոփոխություն է պետք  կատարել օրենքի մեջ, ինչ-որ մասով գոնե գազազած շներին առանձնացնեն»,- կարծիք հայտնեց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930