Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական». Նիկոլ Փաշինյան

Հունիս 10,2020 19:44

«Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական եւ պատերազմական իրավիճակին համապատասխան»

«Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ եւ կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին նաեւ 2018-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձեւավորումից»,- այսօր, պարետատան նիստից հետո կայացած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով լրատվամիջոցների հարցերին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՅԴ-ն առաջարկել է կորոնավիրուսի թեմայով ԱԺ հատուկ նիստ հրավիրել, լուծումներ գտնել, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած բոլոր պաշտոնյաներին՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց`խորհրդարանում համավարակի հետ կապված երեք հատուկ նիստ է տեղի ունեցել, ԱԺ-ում, կառավարությունում մի քանի անգամ հարցուպատասխան եւ քննարկումներ են եղել:

«Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերի` քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետեւ իրենք ըստ էության, իրենց այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ կորոնավիրուսի համատեքստում ընդունված է խոսել պատերազմական հռետորաբանությամբ: Ինքը`վարչապետը, հայեցակարգային առումով, այնքան էլ հաշտ չէ այդ մտքի հետ. «Ես կարծում եմ, որ ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն: Բայց եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր եւ շրջանակներ, որոնք այսպիսի հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հեռանա, մի արձանագրում եմ ցանկանում անել. այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները` մեկ միլիոն բնակչությանն ընկնող մահացության ցուցանիշը եւ բազմաթիվ այլ ցուցանիշներ: Ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում»:

Կորոնավիրուսի`պատերազմական տրամաբանության եւ հռետորաբանության համատեքստում էլ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական եւ պատերազմական իրավիճակին համապատասխան: Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետեւ մենք ժողովրդավարական երկիր ենք եւ կարծում ենք, որ ժողովրդավարությունը կարեւոր է նաեւ կորոնավիրուսի պայմաններում: Քանի որ որոշ շրջանակներ ամբողջությամբ ի ցույց են դնում իրենց էությունը, ես որեւէ կասկած չունեմ, որ այդպիսի էություն ցուցադրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ դա չի անում կառավարությունը, կառավարությունը նման նպատակ չունի, դա անում են հենց այդ ուժերը եւ հանրությունը իր աներկբա վերաբերմունքով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930